17 09 2018

Չարաշահումներ՝ «Թատերական ինստիտուտում»



Ոստիկանությունը հերթական բացահայտումն է արձանագրվել ՀՀ կրթության և գիտության նախարարության «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում»։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Պարզվել է, որ ինստիտուտի պաշտոնատար անձինք 2012թ-ից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, շահադիտական դրդումներով պաշտոնական փաստաթղթեր են կեղծել և վատնել առանձնապես խոշոր չափերի գումար։

Նախնական քննությամբ պարզվել է, որ 2012-2016 թթ․ ինստիտուտում անգլերեն լեզվի դասախոս է հրամանագրվել անձնակազմի կառավարման, միջազգային համագործակցության և միջբուհական աշխատանքների գծով պրոռեկտորը։ Փաստացի չի դասավանդել, բայց ստացել է շուրջ 3,500,000 դրամ աշխատավարձ։

Բացի այդ, պարզվել է, որ պրոռեկտորի կինն ու մեկ այլ պրոռեկտորի զարմիկը, հաջորդաբար հրամանագրվել են որպես ամբիոնի կարգավարներ։

Նրանք փաստացի աշխատանքի չեն հաճախել, ստացել են աշխատավարձ, այնուհետև ուղարկվել ֆիզիոլոգիական արձակուրդի։ Արդյունքում վատնվել է շուրջ 900,000 դրամ։

Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքնվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։ Մեքենան շահագործել է պրոռեկտորը, իսկ ինստիտուտի ֆինանսական միջոցներից որպես վարձավճար և վարորդի աշխատավարձ վատնվել է շուրջ 8,150,000 դրամ։

Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննությունը շարունակվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ