Կառավարության հաստատմանն էր ներկայացվել նախագիծ, որով սահմանվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսանողների 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցման նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը և տրամադրվելիք կրթաթոշակի առավելագույն չափերը՝ ըստ կրթական ծրագրերի կամ կրթական աստիճանի:
Նախատեսվում է 2023 թվականին բուհական համակարգում ներառել շուրջ 2 116 ուսանող, իսկ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում` 2 524 ուսանող։ Կարգավորումների համաձայն՝ ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ, որը համաձայն ուսանողի և ՈՒՀ-ի միջև կնքվող պայմանագրի, փոխանցվելու է ՈՒՀ-ին` 2023-2024 ուստարվա ուսման վճարը հոգալու նպատակով:
Որոշմամբ նախատեսվում է նաև ելնելով իրադրության առանձնահատկությունից` սահմանվող դեպքերում չկիրառել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի ուսանողների տեղափոխության որոշ դրույթներ, որոնք նախատեսված են այն դեպքերի համար, երբ առկա է ուսանողի տեղափոխության համար ամբողջ անհրաժեշտ փաստաթղթավորումը: Կիրառելի չեն նաև առաջին և վերջին կուրսերից տեղափոխության արգելքները: Ինչպես նաև կրեդիտների տարբերության լրացման համար նախատեսված է ավելի ճկուն ընթացակարգ` անհատական պլանի համաձայն:
Որոշման հավելվածներով սահմանվում են նաև բակալավրի կրթական աստիճանում ըստ մասնագիտության (կրթական ծրագրերի) և նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացրած պետական ուսումնական հաստատություններում տրամադրվող կրթաթոշակների առավելագույն չափերի ցանկերը, որոնք հաշվարկվել են՝ ըստ տվյալ կրթական ծրագրերի ՀՀ պետական ուսումնական հաստատություններում իրականացվող ուսումնառության համար սահմանված վճարների միջին արժեքների՝ չգերազանցելով 700 000 դրամը:
Նախատեսվում է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակը կտրամադրվի՝ համաձայն տվյալ ՈՒՀ-ում տվյալ կրթական ծրագրի համար հաստատված ուսման վճարի չափի, բայց ոչ ավելի, քան հավելվածներով սահմանված չափերը, իսկ մագիստրոսի կրթական ծրագրերում` 560 հազ.դրամը:
Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի դեպքում կրթաթոշակի առավելագույն չափերն են՝
Արվեստի ոլորտի մասնագիտություններով՝ 480 000 դրամ,
Առողջապահության ոլորտի մասնագիտություններով՝ 500 000 դրամ,
Այլ ոլորտների մասնագիտություններով՝ 300 000 դրամ:
Այսպիսով, որոշ կրթական ծրագրերի մասով սահմանված կրթաթոշակի չափը լինում է պակաս, քան որոշ բուհերում այդ ծրագրի համար սահմանված ուսման վճարը, ինչը որոշակիորեն կխրախուսի ուսանողներին տեղափոխվել դեպի մարզային ՈՒՀ-ներ:
Այս որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեից ակնկալվում է իրականացնել հատկացումներ 2023 թվականի համար` 659 790 601 դրամ և 2024 թվականի համար` 1 325 021 202 դրամ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը