18 01 2019

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին պարտությունը ՄԻԵԴ-ում

Նիկոլ Փաշինյանի իշխանության առաջին պարտությունը ՄԻԵԴ-ում

1in.am-ը գրել է.  «Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունվարի 17-ին, 39-րդ կանոնի համաձայն, որոշել է միջանկյալ միջոց կիրառել Սամվել Մայրապետյանի գործով և ցուցում է տվել Հայաստանի կառավարությանը շտապ կերպով ապահովել Սամվել Մայրապետյանի առողջական վիճակին համապատասխան բուժօգնություն՝ համաձայն բժիշկ մասնագետների ցուցումների, այդ թվում՝ տրանսլյումինալ դրենավորման մեթոդի կիրառմամբ:

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պարզաբանել է, թե ինչ է ենթադրում ՄԻԵԴ-ի որոշումը։ «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ բժիշկ մասնագետների՝ Սամվել Մայրապետյանի բուժումը Հայաստանում հնարավոր չէ իրականացնել, մասնավորապես տրանսլյումինալ դրենավորման մեթոդի բացակայության պատճառով, ՄԻԵԴ որոշումից բխում է, որ Սամվել Մայրապետյանին պետք է թույլ տալ մեկնել Գերմանիա՝ այն հիվանդանոց, որտեղ նախկինում բուժվել է: Դատարանը նաև Մայրապետյանի գործին առաջնահերթություն տալու որոշում է կայացրել 41-րդ կանոնի համաձայն՝ հրահանգելով դիմումատուի փաստաբաններին մի քանի օրվա ընթացքում ուղարկել ամբողջական գանգատը՝ այդ թվում ֆաքսով: ՄԻԵԴ-ը նաև զգուշացրել է ՀՀ կառավարությանը, որ որոշման չկատարումը հանգեցնում է ՀՀ-ի կողմից Մարդու իրավունքների կոնվենցիայի խախտման»,- ասված է հայտարարության մեջ։

Նախկին համակարգի ներկայացուցիչներն անմիջապես ոգևորությամբ արձագանքել են ՄԻԵԴ-ի որոշմանը։ «…Վստահ եմ՝ սա առաջին նման որոշումն է, բայց` ոչ վերջինը: Սա բոլորի ու առաջին հերթին ՀՀ հարկատուների խնդիրն է։ Պետք է բացառել այն իրավիճակը, երբ ընդգծված ոչ պրոֆեսիոնալիզմը, շտապողականությունը, ղեկավարին «լավ արդյունք» ցույց տալու անզուսպ մղումը կբերեն անդառնալի հետևանքների։ Այստեղ այլևս ավելորդ կլինեն պաթետիկ կամ «բա էն ժամանակ ասեիր» անիմաստ տեքստերը։ Սխալը սխալ է՝ հիմա, թե այն ժամանակ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է խորհրդարանի նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը:

Իհարկե, ՄԻԵԴ-ի որոշման շուրջ հայաստանյան քննարկումները տեղի են ունենում քաղաքական համատեքստում, և սա օրինաչափ է, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ սա Նիկոլ Փաշինյանի իշխանության, ըստ էության, առաջին պարտությունն էր Եվրոպական դատարանում։

Իշխանության ներկայացուցիչները փորձում են տպավորություն ստեղծել, թե էական ոչինչ տեղի չի ունեցել։ Իհարկե, աշխարհը փուլ չի եկել, սակայն ակնհայտ է, որ քրեական գործերը հետհեղափոխական Հայաստանում քննվում են հապշտապության, փնթիության, շատ դեպքերում՝ իշխանությունների ու փողոցի հոգեբանական ճնշումների մթնոլորտում, ու նման դեպքերում ՄԻԵԴ-ի նոր վճիռների պետք է սպասել։

Արփինե Հովհաննիսյանը գուցե չարախնդում է, սակայն դրանից իրականությունը չի փոխվում. օրինակ՝ գաղտնալսումների գործը ՄԻԵԴ-ում սկանդալային ընթացք է ունենալու, որովհետև Մարտի 1-ի գործով առնվազն երեք մեղադրյալի մասով այդ գաղտնալսումներում շոշափումներ կան, և առնվազն Ռոբերտ Քոչարյանն ու Սեյրան Օհանյանը բաց տեքստով հայտարարում են, որ իրենց քրեական հետապնդումը գործադիր իշխանության ու նրա ղեկավարի ուղղակի ցուցումի հետևանք է։ Եվրոպական դատարանում նման երևույթներին շատ զգայուն են արձագանքում։

Մարդու իրավունքների ոլորտում տիրող, մեղմ ասած, անմխիթար վիճակի մասին երեկ խորհրդարանում բարձրաձայնել է նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների հակափաստարկները, մեղմ ասած, ոչ համարժեք են՝ հանգելով այն պարզունակ մտքին, թե հեղափոխական իշխանությանը մեղադրել չի կարելի՝ Ленин всегда прав տրամաբանությամբ։

Նման մտածողությամբ՝ ՄԻԵԴ-ում նոր պարտություններն անխուսափելի են, որոնք մի կողմից՝ հարվածելու են Հայաստանի բյուջեին, մյուս կողմից՝ միջազգային հեղինակությանը։ Բացի այդ՝ անորակ նախաքննությունը նաև հնարավորություն է տալու, որպեսզի նախկին համակարգի ակնհայտ հանցագործ դեմքերը խուսափեն քրեական հետապնդումից։

Մյուս կողմից՝ անտեղի է նաև հին համակարգի ներկայացուցիչների հրճվանքը, որովհետև ՄԻԵԴ-ը ոչ թե ըստ էության արդարացրել է Մայրապետյանին, այլ ընդամենը արձանագրել է նրա իրավունքի խախտման փաստը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ