«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Եվրոպայի խորհրդի Փորձագետների խորհրդատվական հանձնաժողովը (Advisory Panel of Experts on Candidates for Election as Judge to the European Court of Human Rights) Վիգեն Քոչարյանի՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածության վերաբերյալ տվել է բացասական եզրակացություն ու արդյունքում մերժել է նրա թեկնածության առաջադրումը ԵԽԽՎ-ին։
Դատական համակարգում լուրեր կան,որ մերժման հիմքը նրա անհամապատասխանությունն է դատավորի պաշտոնին: Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է դատավորին ներկայացվող պահանջները: Համաձայն այդ դրույթի՝ դատավորները պետք է ունենան բարոյական բարձր նկարագիր և բավարարեն դատական բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջները կամ լինեն ճանաչված իրազեկ իրավագետներ։
Այս ֆորմալ պահանջներին չհամապատասխանելու հանգամանքն է եղել նրա թեկնածության մերժման պատճառը: Սակայն Վիգեն Քոչարյանը դատական համակարգում և հրապարակայնորեն շարունակում է պնդել է ,թե ինքն է հրաժարվել ՄԻԵԴ գնալու գաղափարից ու կամավոր հանել իր թեկնածությունը:
Նկատենք, որ Վիգեն Քոչարյանը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու է, և եթե Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փորձագետների հանձնաժողովը գնահատել է, որ վերջինս չի համապատասխանում ՀՀ դատական համակարգի բարձր պաշտոններում նշանակվելիս ներկայացվող պահանջներին, նաև որպես իրավագետ չունի ճանաչում, ինչպես է նա այս պայմաններում պատրաստվում գնալ Վճռաբեկ դատարան:
Նշենք,որ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի պաշտոնական էջը հայտնել էր,որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.
Գրիգորյան Վահե
Լարապետյան Նորա
Մարգարյան Աննա
Հատկանշական է, որ ընտրության հանձնաժողովը նոր ցուցակի ներկայացման հիմքում դրել է ոչ թե անձի դիմումը, այլ վկայակոչված որոշման 71-րդ կետը, որը սահմանում է ,որ Եվրոպայի խորհրդի Խորհրդատվական հանձնաժողովի կողմից Ցուցակում ընդգրկված որևէ Թեկնածուի վերաբերյալ բացասական եզրակացություն տալու կամ Խորհրդարանական վեհաժողովի կողմից Ցուցակը ոչ ընթացակարգային հիմքով մերժելու դեպքում 50 միավոր և ավելի ստացած Հավակնորդը կարող է Հանձնաժողովի կողմից ընդգրկվել նոր Ցուցակում, որն ընդհանուր հիմունքներով ներկայացվում է հաստատման:
Ասել է թե, որ անգամ ընտրության հանձնաժողովն է իր հայտարարությամբ հաատատում,որ Վիգեն Քոչարյանի մասով հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը