Դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հայցն ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, որտեղ հաղորդվում է՝ դատարանը հայցադիմումը վերադարձնելու մասին որոշում է կայացրել:
Հիշեցնենք, որ Սեդրակ Քոչարյանը պահանջել էր զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ և բացի այդ հրապարակայնորեն հերքում էր պահանջել:
Դատավոր Ա.Դավթյանի որոշմամբ՝ ներկայացված հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը ենթակա են վերադարձման, քանի որ տվյալ դեպքում հայցադիմումում նշված չեն հայցվոր Սեդրակ Ռոբերտի Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանի անձնագրային տվյալները, պարզ չէ՝ նշված հասցեն Արթուր Վանեցյանի հաշվառմա՞ն, թե՞ բնակության վայրի հասցեն է:
Բացի այդ, հայցադիմումը վերնագրվել է «զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջի մասին», իսկ խնդրառական մասում նշվել է «պարտավորեցնել պատասխանողին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները», ուստի հստակ չէ պահանջը:
«Նման պայմաններում գտնում եմ, որ հայցադիմումը պետք է վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար»,-ասվում է դատավորի որոշման մեջ:
Նշվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` հայցադիմումի թերությունները վերացնելու համար առաջին ատյանի դատարանը տրամադրում է եռօրյա ժամկետ` սկսած հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումն ստանալու պահից:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը