15 07 2018

Հայտնի են 15-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

Հայտնի են 15-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողները

«Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնն ամփոփել է մրցութային ծրագրերի արդյունքները: Կինոփառատոնի փակման արարողությանն Արամ Խաչատրյան համերգասրահում ժյուրիի կազմը հայտարարել է մրցանակակիրների անունները:

«Ոսկե ծիրան» պատվո մրցանակը տրվել է հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանին: Կինոքննադատների և լրագրողների միջազգային ասոցիացիայի` FIPRESCI-ի մրցանակին է արժանացել Մարիամ Խաչվանի «Դեդե» ֆիլմը: Հայկական համայնապատկեր մրցույթում Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակը լավագույն սցենարի համար տրվել է ռեժիսոր Աբուֆազլ Սաֆարի «Մայրամուտի բեռնատարը» կինոնկարին:

Լավագույն դերասան է ճանաչվել Շանթ Հովհաննիսյանը՝ «Եվա» կինոժապավենում իր դերակատարման համար: Լավագույն դեբյուտի համար մրցանակի է արժանացել Արթուր Սահակյանի «Քամու հետ» ֆիլմը: Լավագույն կինոնկար է համարվել և «Անահիտ» մրցանակի արժանացել կինոռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը:

Վավերագրական մրցույթում «Հատուկ հիշատակում» է համարվել Վախթանգ Կունցև-Գաբաշվիլիի «Հատուկ աշխարհ» ժապավենը: Արծաթե ծիրանը տրվել է Այնարա Վերայի «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա…» կինոնկարին: Ոսկե ծիրան պատվավոր մրցանակը հանձնվել է Շևաուն Միզրահի «Հեռավոր համաստեղություն» ֆիլմին: Ոսկե ծիրանի արժանացավ Ռոման Բոնդարչուկի «Հրաբուխ» ֆիլմը:

«Ոսկե ծիրան»-ի հիմնադիր Հարություն Խաչատրյանը Փարաջանովյան թալերներ է հանձնել հանրաճանաչ ռեժիսորներ  Ջանֆրանկո Ռոզիին ու Ասղար Ֆարհադիին: 

Հիշեցնենք, որ հուլիսի 8-ին Երևանում մեկնարկել էր հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան»-ը: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ