08 07 2018

Մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

Մեկնարկեց 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

Հուլիսի 8-ին Երևանում մեկնարկել է հոբելյանական 15-րդ «Ոսկե ծիրան»-ը, որն ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին: Փառատոնն ամեն տարի կինոարվեստի երկրպագուների ուշադրությանն է ներկայացնում 120-150 ֆիլմ`մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերով։

Արամ Խաչատրյան համերգասրահում հանդիսավորությամբ անցկացված բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ուղեկցությամբ, նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, պաշտոնատար այլ անձինք և մշակութային գործիչներ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձ հղեց միջազգային փառատոնի մասնակիցներին։ «Հատուկ շնորհավորում եմ մեր հյուրերին, որոնք եկել են մի երկիր, որն ապրում է նոր հույսով, որը շարժվում է նոր շնչով, նոր լավատեսությամբ, լի է նոր էներգիայով և լավատեսությամբ է նայում դեպի ապագա։ Ես հույս ունեմ, որ տեղի ունեցած իրադարձությունները երբևէ իրենց արտահայտությունը կգտնեն կինոյում։ Հույս ունեմ, որ այն փոփոխությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանում, նոր ստեղծագործական լիցք և էներգիա կտան մեր կինոգործիչներին և նրանք հնարավորություն կունենան ստեղծելու նորանոր և բազմաթիվ գլուխգործոցներ»,-նշեց վարչապետն իր տեսաուղերձում:

Արարողությանը ներկայացվեցին փառատոնի մրցութային ու արտամրցութային ֆիլմերը և փառատոնային ժյուրիի կազմը: Ցուցադրվեցին պատվավոր հյուր, ամերիկացի ռեժիսոր, սցենարիստ և կինոպրոդյուսեր Դարեն Արոնոֆսկու ֆիլմերի թրեյլերները: ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն Արոնոֆսկուն հանձնեց «Փարաջանովյան թալլեր» մրցանակը:

Ռեժիսոր Դարեն Արոնոֆսկին և «Ոսկե ծիրանի» հիմնադիր Հարություն Խաչատրյանը, Վարդավառի ավանդույթի համաձայն, որը, հիշեցնենք, այս տարի նշվում է հուլիսի 8-ին, ջրեցին միմյանց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ