24 02 2022

Երևանում գտնվող ռեստորանները 50 տոկոսով շրջանառության նվազում են ունեցել. «Փաստ»

Երևանում գտնվող ռեստորանները 50 տոկոսով շրջանառության նվազում են ունեցել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հունվարի 22-ից ուժի մեջ մտած սահմանափակումները մեկ ամսվա կտրվածքով էական վնաս են հասցրել հանրային սննդի ոլորտին: Հիշեցնենք, որ հանրային վայրեր այցելելիս պետք է ցույց տալ Covid-19-ի դեմ պատվաստման QR կոդ կամ թեստի բացասական արդյունք։ «Ռեստորանների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Աշոտ Բարսեղյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ, մասնավորապես, Երևանի ռեստորանների շրջանառությունը կիսով չափ նվազել է:

«Երևանում գտնվող ռեստորանները 50 տոկոսով շրջանառության նվազում են ունեցել: Անմիտ ու անհասկանալի այս սահմանափակումներն էական վնաս են հասցրել ոլորտին: Այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհը չեղարկում է սահմանափակումները, մեզ մոտ հակառակն է արվում:Բացի այդ, բոլորին սարքում են օրինախախտ՝ քաջ գիտակցելով, որ օրենքը կամ հրամանը չի կատարվելու: Նույնը կարող ենք ասել հակածխախոտային օրենքի մասին, որը ևս խախտելու են: Բոլորին սարքում են օրինախախտ՝ միաժամանակ չկարողանալով հետևել օրենքի կիրառմանը: Անձամբ պատրաստ եմ ստուգող մարմնի հետ մեկ ամիս պտտվել՝ հասկանալու՝ իրենց ուժերը բավականացնելո՞ւ են ստուգումների հարցում, թե՞ կառավարությունը որոշել է, որ Հայաստանն ինչ-որ մեկի կամակորությամբ պետք է «սահմանափակապետություն» դառնա: Չի կարելի անդադար բացասական առումով խառնվել հասարակական, տնտեսական կյանքին: ՀՀ կառավարությունը բացասական առումով անդադար առողջապահության նախարարությանը թույլ է տալիս խառնվել մեր ոլորտին, ինչի հետևանքով ընդունվում են օրենքներ, արձակվում հրամաններ, որոնք չեն համապատասխանում առողջ տրամաբանությանը, ստեղծված տնտեսական, հասարակական իրավիճակին»,-նշեց Ա. Բարսեղյանը:

Նրա խոսքով, էապես նվազել են այցելությունները ռեստորաններ. «Մարդիկ վախենում են, չգիտեն՝ իրենցից QR կոդ կուզե՞ն, թե՞ ոչ, ու այդպիսով խուսափում նման վայրեր այցելելուց: Այլ հարց է, թե պատվաստվել չցանկացող հասարակությանը պատվաստումը ստիպելու համար ինչո՞ւ է սահմանափակվում ռեստորանների գործունեությունը, բայց չի սահմանափակվում հասարակական տրանսպորտը: Ու բավական չէ՝ իրենք են գալիս անմիտ ստուգումներ իրականացնում, մի հատ էլ օրը ցերեկով ոստիկանների ուղեկցությամբ մտնում են ռեստորան, մոտենում հաճախորդներին: Օրը ցերեկով ռեստորանի աշխատանքն են խաթարում, ինչն ապօրինություն է: Նման վերաբերմունք թույլ չենք տալու»:

Աշոտ Բարսեղյանի կարծիքով, սահմանափակումների հնարավոր մեղմացման վերաբերյալ իշխանության հայտարարությունները պարզապես թրենդից հետ չմնալու փորձ են: «Մինչ այդ հայտարարվեց, որ մի շարք երկրներ չեղարկում են սահմանափակումները: Իրենք էլ պարզապես փորձեցին հետ չմնալ այդ թրենդից: Իրականում պետք է կույր լինել չհասկանալու, որ իրենց ոչ մի սահմանափակում չի աշխատում, ու իրենք իրենց երեսը փրկելու համար գոնե պետք է չեղարկեին դրանք: Օրինակ՝ բացօթյա տարածքներում դիմակ կրելու որոշումը շատ բնորոշ է իրենց որոշումների կայացման որակին, երբ ամեն ինչ, կներեք բառի համար, բայց պարզապես կապիկության է վերածվում»,-ասաց մեր զրուցակիցը:

Աշոտ Բարսեղյանի դիտարկմամբ, ռեստորանների կրած վնասները հնարավոր է լրացնել, եթե մի շարք գործողություններ իրականացվեն: «Մի քանի գործողություններ պետք է անել այդ ուղղությամբ: Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ գտնվող զբոսաշրջության կոմիտեն պարտավոր է այսօրվանից շատ արագ զբաղվել Ռուսաստանից տուրիստական հոսքերի ներգրավմամբ: Այս տարի մինչև 2 մլն զբոսաշրջիկի պոտենցիալ ունենք: Քաղաքական ու մի շարք այլ հանգամանքներ խիստ բարենպաստ են Ռուսաստանից զբոսաշրջիկներ ներգրավելու տեսանկյունից: Մինչդեռ, նայելով նշանակումների որակին, ես մեկ անգամ ևս կասկածում եմ, որ իրենք կկարողանան անհրաժեշտ քայլերն իրականացնել, որովհետև էկոնոմիկայի նախարարն ինքը շատ արհեստավարժ չէ: Խայտառակ պոպուլիզմից ելնելով՝ չեն կարողանալու ապահովել վերոնշյալը: Դրա համար կոչ եմ անում հասարակական կազմակերպություններին, բիզնեսին, որ նրանք աշխատեն զբոսաշրջիկներ ներգրավելու ուղղությամբ»,-ասաց նա՝ շեշտելով, որ կրած վնասները, մեծ հաշվով, միայն մեկ ամսվա կտրվածքով չեն:

«Սա միակ ճանապարհն է, որով հնարավոր կլինի լրացնել երկու տարվա ընթացքում կրած վնասները: Սկզբից՝ համաճարակ, հետո՝ պատերազմ, և մեր ոլորտը երկու տարի ցնցումների մեջ է: Բացի այդ, հերթով թիրախավորում են ոլորտը: Չգիտեմ՝ ով է դա անում, բայց ոլորտն ինչ-որ մեկի սիրելի խաղալիքն է դարձել: Ոլորտում բիզնեսները, ընդհանուր առմամբ, ավելի շատ փակվում են, քան բացվում: Մենք կորցրել ենք մեր ոլորտի 10-15 տոկոսը: 2019-ը պիկն էր, դրանից հետո 10-15 տոկոսն անվերադարձ փակվել է: Մարդիկ չեն ձգում, եկամուտը նվազել է»,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ