ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթ է հարուցվել մի շարք տնտեսվարողների նկատմամբ 2020 թվականի մարտի 16-ից մինչև մայիսի 15-ն ընկած ժամանակահատվածում լատեքսից ու նետրիլից պաշտպանիչ և բժշկական ձեռնոցների շրջանառության ոլորտում գերիշխող դիրքի հնարավոր չարաշահումների և/կամ հնարավոր հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ: Հարկ է նշել, որ վարույթի ընթացքում տնտեսվարողների ցանկը կարող է ընդլայնվել:
Ուսումնասիրությունն իրականացվել է՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» թիվ 298-Ն որոշումը:
Ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ապրանքների մանրածախ և մեծածախ իրացման ոլորտներում մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից վարվող գնային քաղաքականությունը, ինչպես նաև ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա ազդեցությունը կարող է պարունակել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման հատկանիշներ:
Մեծածախ իրացնողների եւ առեւտրային ցանցերի կողմից 2020 թվականի մարտ-մայիս ամիսներին ձեռնոցների իրացման ոլորտում նկատվել են հնարավոր չհիմնավորված բարձր գներով իրացման դրսեւորումներ, արդյունքում՝ տվյալ ժամանակահատվածում վերջնական սպառողը դրանք ձեռք է բերել բարձր գներով։ Մասնավորապես՝ մեկ զույգ ձեռնոցի մեծածախ վաճառքի գինը 2020 թվականի մայիսին միջինում եղել է 31-86 դրամ, իսկ մանրածախ իրացման գինը՝ միջինում 34-90 դրամ:
Հանձնաժողովի որոշմանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը