«Փաստ» օրաթերթը գրում է․ Սեպտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել փաստաբանների պալատի նախագահի ընտրություն։ Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբաններից 937-ը քվեարկել է թեկնածուներից Սիմոն Բաբայանի օգտին, իսկ 144-ը՝ Գևորգ Գյոզալ յանի: Ձայների ճնշող մեծամասնությամբ Սիմոն Բաբայանի ընտրությունն ինքնին ուշագրավ է, հատկապես այն տեսակետից, թե ովքեր էին մասնակցում ընտրությանը: Սիմոն Բաբայանը բազմիցս հանդես է եկել իշխանություններին ուղղված քննադատություններով և անգամ ստորագրել է հայտարարության տակ, որով Փաշինյանի հրաժարականի պահանջ էր ներկայացված։
Իսկ պարտված թեկնածուն՝ Գյոզալյանը, ոչ միայն հայտնի է որպես իշխանությունների «սրտի թեկնածու», այլև հենց Փաշինյանի փաստաբանն է նրան վերաբերող մի շարք գործերում։ Հասկանալի է, որ ինչպես բոլոր հնարավոր ու անհնար կառույցներում, այնպես էլ փաստաբանների պալատում իշխանությունները ցանկանում էին որպես ղեկավար տեսնել իրենց թեկնածուին, որպեսզի փաստաբանական համայնքին ևս կարողանան որևէ կերպ վերահսկել՝ հաշվի առնելով, որ փաստաբանների պալատի նախագահը ներկայացնում է այդ կառույցը և դրա գործունեությանն առնչվող հարցերի վերաբերյալ որոշումներ ընդունում։ Սակայն այստեղ Նիկոլ Փաշինյանը պարտվեց, այն էլ՝ ընդգծված, ահռելի տարբերությամբ: Իսկ ո՞րն է պատճառը, որ պալատի նախագահի ընտրության հարցում իշխանությունները ձախողվեցին։
Չէ՞ որ գրեթե ամեն տեղ գործող իշխանություններին հաջողվում է տարբեր լծակների կիրառման միջոցով անցկացնել իրենց թեկնածուներին։ Թերևս առաջին խնդիրն այն է, որ փաստաբանները միշտ էլ համարվել են հասարակության ադեկվատ և իրողությունները սթափ գնահատող շերտերը ներկայացնողներ։ Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ փաստաբանները մեծամասամբ միշտ էլ համարվել են անկախ ու համարձակ մարդիկ, իսկ փաստաբանների պալատը մասնագիտական ուղղվածություն ունեցող, առավել անկախ և ինքնակառավարվող մարմիններից մեկն է։ Իսկ իշխանությունները փաստաբանական համայնքի վրա չունեն համապատասխան լծակներ, որոնց կիրառման միջոցով կարող են իրենց համար նախընտրելի որոշումներն անցկացնել։
Ստացվում է, որ փաստաբանների պալատի նախագահի ընտրությունը տեղի է ունեցել անկաշկանդ և ազատ կամարտահայտության միջոցով, որն արտահայտում է մեր իրականության մեջ առկա տրամադրությունները։ Այսինքն, փաստաբանական համայնքում տեղի ունեցած ընտրությունը այս տեսանկյունից լուրջ նախադեպ է և ինչ-որ առումով նաև «լակմուսի թուղթ» կարող է համարվել։ Միգուցե, եթե մեր հասարակության տարբեր շերտեր ևս այնպիսի ազատություն (այդ թվում ու հատկապես՝ մտածելու ազատություն) և սթափ դատելու եթե ոչ հնարավորություն, ապա գոնե ցանկություն ունենային, ինչպիսին փաստաբանական համայնքում է, ապա հունիսի 20-ի ընտրություններում ևս հստակ նմանատիպ պատկեր կունենայինք, իսկ այդ ընտրության արդյունքները կարտացոլեին մեր հասարակության մեջ առկա իրական տրամադրությունները։
Այս համատեքստում պարզ է, որ իշխանությունները ամենից շատ երկյուղում են այն հանգամանքից, որ քաղաքացիները կարող են ինքնուրույն վերլուծել իրավիճակը, ժամանակի ընթացքում առավել սթափ դատել, հասկանալ՝ իրականում ինչ է կատարվում մեր երկրում, և առանց կաշկանդող հանգամանքները նկատի առնելու՝ որոշումներ ընդունել։ Դրա համար էլ Փաշինյանն ու իր թիմը փորձում են հնարավորինս իրենց օգտին ծառայեցնել իշխանական լծակներն ու վարչական ռեսուրսները։ Ուստի պատահական չեն տարբեր համայնքապետների նկատմամբ ճնշումները և քրեական հետապնդումը, նույնիսկ մի քանի հոգանոց ցույցերի մասնակիցներին բռնությամբ բերման ենթարկելը և, վերջապես, կեղծիքով ու ստով ողողված տեղեկատվական պատերազմը սեփական ժողովրդի դեմ։
Այդպիսով, իշխանությունները փորձում են իրավական համակարգն, օրենքներն ու իշխանական լծակները ծառայեցնել իրենց շահերին, որպեսզի բոլոր «քայլողները» բոլոր տեղերում արտոնյալ իրավիճակում հայտնվեն։ Իսկ առաջիկայում ՏԻՄ ընտրություններ են, և եթե բնակիչներն իրենց կամքն ազատ արտահայտելու հնարավորություն ունենան, ապա համայնքներում իշխանական թեկնածուներն, ամենայն հավանականությամբ, մեծամասամբ պարտություն կկրեն։ Այս հանգամանքը հաշվի առնելու արդյունքում է, որ իշխող ուժը «ոտուձեռ» է ընկել, որ ինչքան հնարավոր է համայնքների խոշորացումը շուտ իրականացվի, որպեսզի ամեն ինչ ավելի հեշտ վերահսկելի լինի, ու կարողանան վարչական ռեսուրսների ու ճնշումների կիրառման միջոցով կուսակցական ցուցակներով իրենց թեկնածուներին անցկացնել։
Ու սա միայն մեկ ոլորտն է: Նիկոլ Փաշինյանի «բյուրեղյա երազանքը» անխտիր բոլոր կառույցներն իրեն հնազանդեցնելն է, միանձնյա «թագավորի» կարգավիճակը, որ երբ, ինչ ցանկանա, դա էլ անի: Փաստաբանները փորձեցին մի քիչ իրականություն վերադարձնել նրան, մնում է իրականություն վերադառնա նաև մեր հասարակությունը...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը