«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հայրենի կառավարությունում եւս արշալույսները խաղաղ չեն: Բանն այն է, որ ՀՀ փոխվարչապետ դարձած Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում է կառավարության կորիզն իր ձեռքը վերցնելու, տարբեր նախարարություններ իրեն ենթարկացնելու համար:
Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ Սուրեն Պապիկյանը իրեն լիովին վարչապետի կարգավիճակ է տվել, ու, կարելի ասել, բոլոր հարցերը զեկուցվում են հենց Պապիկյանին: Կադրային հարցերը եւս Պապիկյանի հսկողության տակ են, վերջինս անձամբ է որոշում՝ ով պետք է մնա իրենց թիմում աշխատելու, ով պատերազմից հետո իրենց հետ չէ ու պետք է հեռանա կառավարության տարբեր գերատեսչություններից:
Պարզվում է՝ Պապիկյանը, հեռանալով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից, որոշել է, որ իր հետ պետք է տանի ասֆալտի փռման մենաշնորհը, ու ամենախոշոր գումարները աշխատելու մեխանիզմը եւս Պապիկյանի ձեռքերում է:
Վերջինս անձամբ է վերահսկում ճանապարաշինության հետ կապված բոլոր աշխատանքները, գնումների գործընթացը, մի խոսքով, բոլոր ֆինանսական լծակները նրա ձեռքում են: Ի դեպ, նշենք, որ նորանշանակ նախարար Գնել Սանոսյանը անակնկալի է եկել, երբ տեղեկացել է, որ իր ղեկավարած գերատեսչության ամենամեծ հատվածը Պապիկյանն իր հսկողության տակ է տարել ու իրեն որեւէ բան չի մնում, քան մարզպետների հետ աշխատանքը: Ասել է թե՝ Սանոսյանը կղեկավարի «տակը մնացած» լծակները:
Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը