««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ տևական ժամանակ է, ինչ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ է ունենում իր թիմի անդամների հետ` առանձին-առանձին: Լավատեղյակ աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանը փորձում է բոլորից պարզել, թե ինչ են կարծում` ով պետք է լինի հաջորդ խորհրդարանում: Ու հայրենի օրենսդիրները իրենց համար ցանկալի անուններ են նշում, մեկը մյուսի աշխատանքը փնովում է ու հայտնում, թե ումից են գոհ և ումից են դժգոհ:
Մեր աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանի մոտ ամենաշատը դժգոհել են ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանից: Գրեթե բոլոր թիմակիցները պնդել են, որ Նազարյանը խորհրդարանում թիմային աշխատանք չի անում, կտրված է իրականությունից, չի շփվում թիմակիցների հետ: Ավելին՝ խմբակցության ներսում Նազարյանը կանանց թիմ է ձևավորել, որոնց հետ է միայն շփվում: Շատերը պնդել են, որ վերջինս նախընտրական ցուցակում պետք է լինի վերջին հորիզոնականներում:
Նույն՝ «Իմ քայլին» մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ բողոքները շատ են եղել նաև Ռուբեն Ռուբինյանից՝ կրկին նույն բովանդակությամբ: Նա էլ թիմային չի գործում, նույնիսկ պատգամավորներին չի բարևում, չի շփվում: Խմբակցության գերակշիռ հատվածը Նիկոլ Փաշինյանին ասել է, որ շատ գոհ են խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցից, որն այս ժամանակահատվածում ամեն ինչ արել է թիմում պառակտումներ թույլ չտալու համար: Մի մեծ զանգված գոհ է եղել նաև Բաբկեն Թունյանից, նրա կատարած աշխատանքից»»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը