Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը, որին մասնակցել են բացառապես նախօրոք ցուցակագրված ուսանողներ և դասախոսներ։
Ըստ 24News-ի աղբյուրների, միջոցառման ավարտից հետո Փաշինյանն իր մոտ է հրավիրել Մանկավարժականի, Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի և Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորներին, հանդիպմանը մասնակցել են նաև Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սարգիս Հայոցյանն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Ըստ մեր զրուցակցի, Անդրեասյանը փորձել է առարկել, որ տեխնիկապես դժվար է լինելու, սակայն վարչապետը մնացել է անդրդվելի ու պնդել, որ գործընթացի ժամկետը հստակ է, իսկ «եթե չեն հասցնում, թող մի շենքում երկու բուհ ժամանակավոր գործի»։
Ավելացնենք նաև, որ Բրյուսովի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, որ հայտնի է իր պրոիշխանական հայացքներով, գտնվել է գործուղման մեջ արտասահմանում, սակայն հատուկ այս հանդիպման համար վերադարձել է։
24News-ը թեմայի վերաբերյալ փորձեց պարզաբանումներ ստանալ նույն Գյուրջինյանից, սակայն վերջինս կատեգորիկ հերքեց, թե Բրյուսովի շենքի հետ կապված խոսակցություն է եղել ու անգամ չսպասեց, որ հնչեցնենք միավորման հետ կապված հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը