16 03 2021

Արձանագրվել է բոլոր ժամանակների ամենավատ ցուցանիշը. «Ժողովուրդ»

Արձանագրվել է բոլոր ժամանակների ամենավատ ցուցանիշը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր տեղի կունենա Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ քննարկվելու է նաեւ 2020 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որը ցույց է տալիս, թե նախատեսված գումարի որ մասն է հավաքագրվել, եւ հավաքվածի որ մասն է ծախսվել։

«Ժողովուրդ» օրաթերթը արձանագրեց, որ 2020թ. նախատեսված ծախսերի 36.5%-ը Երեւանի քաղաքապետարանը չի կատարել. կատարողականը կազմել է 63.5%: Նշենք, որ սրանից վատ ցուցանիշ Երեւանի որեւէ քաղաքային իշխանություն երբեւէ չի արձանագրել:

Իհարկե, որպես պատճառ՝ մատնանշվում են կորոնավիրուսն ու արցախյան պատերազմը. այդ պատճառներից ձախողման էությունը չի փոխվում:

Մեկնաբանության մեջ նշվում է. «Նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաեւ COVID-19 համավարակի հետ արտակարգ եւ ռազմական դրության հետ պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ»:

Իսկ, ահա, 2020 թվականի բյուջեի ընդամենը փաստացի եկամուտները կազմել են 73,364,346.2 հազար դրամ՝ ծրագրված (ճշտված) 84,941,605.9 հազար դրամի նկատմամբ, կամ կատարողականը կազմել է 86.4%:

 Իսկ անդրադառնալով Երեւանի վարչական շրջանների բյուջեի կատարողականին՝ նկատենք, որ ամենացածր արդյունավետությունն Արաբկիր վարչական շրջանինն է՝ 73.6 տոկոս, իսկ լավ ցուցանիշներ ունեն երկու վարչական շրջան՝ Շենգավիթն ու Աջափնյակը՝ 81.7 տոկոս:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ