«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փետրվարի 25-ից մինչ օրս՝ 13 օր, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկության հարցն այդպես էլ լուծում չի ստանում: Ինչպես հայտնի է, այդ օրը Գլխավոր շտաբը՝ Օնիկ Գասպարյանի գլխավորությամբ, հայտարարություն էր տարածել՝ ասելով թե ԶՈւ սպաները պահանջում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Դրանից հետո վարչապետը միջնորդություն էր ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին՝ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու հարցով, որը մեկ անգամ նախագահն արդեն հետ ուղարկեց Փաշինյանին, սակայն փետրվարի 28-ին նա կրկին նույն միջնորդությունն ուղարկեց Արմեն Սարգսյանին, որը վերջինս ոչ ստորագրեց, ոչ էլ ուղարկեց Սահմանադրական դատարան, եւ մինչեւ օրս ԳՇ պետի պաշտոնանկության հարցը հանգուցալուծում չի ստացել։
Բանն այն է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի («Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հարցերի վերաբերյալ գործերի քննությունր») 1-ին մասին համապատասխան՝ այդ հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան դիմում է հանրապետության նախագահը իր առարկություններն իրավասու մարմնի կողմից չընդունվելու պահից եռօրյա ժամկետում, եթե գտնում է, որ իրեն ներկայացված առաջարկությունը/ միջնորդությունը հակասում է Սահմանադրությանը:
Նախագահին Սահմանադրությամբ տրված ժամկետն ավարտվել է, քանի որ վերջինս եռօրյա ժամկետում չի դիմել Սահմանադրական դատարան: Եվ, չնայած դրան, տարբեր մասնագետներ այս հարցը տարբեր կերպ էին մեկնաբանում, քանի որ հարց է, թե նախագահը կարող է համապատասխան օրենքի դրույթների սահմանադրականության վիճարկման համար դիմել Սահմանադրական դատարան, այլ ոչ թե հենց վարչապետի միջնորդության մասով, թե ոչ:
Երեկ՝ 18:00-ի դրությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այդպես էլ չէր դիմել Սահմանադրական դատարան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը