Լույս է տեսել Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հեղինակած «The Small States Club։ How Small Smart States Can Save the World» («Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը») գիրքը։
Դեկտեմբերի 14-ից գիրքը հնարավոր կլինի գնել աշխարհի տարբեր երկրների խոշոր գրախանութներում, ինչպես նաև առցանց։
«Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը» գրքում ներկայացված են Սինգապուրի, Կատարի, Միացյալ Արաբական Էմիրությունների, Իսրայելի, Էստոնիայի, Շվեյցարիայի, Իռլանդիայի, Բոտսվանայի և Հորդանանի՝ որպես փոքր ու հաջողակ երկրների պատմությունները։
Նշվում է, որ փոքր պետությունները 21-րդ դարի բարդ մարտահրավերներին կարող են դիմակայել ավելի խելացի կերպով, քան մեծ տերությունները․ «Բազում առումներով փոքրը կարող է շատ ավելի արդյունավետ լինել, եթե խելացի է ու կարգապահ: Այն երկրները, որոնք գիտեն իրենց ուժեղ կողմերը, հնարավորություններն ու առավելությունները, գիտեն, թե ինչպես կարող են դրանք օգտագործել աշխարհում ավելի կարևոր դառնալու համար, հաջողում են»:
Հրատարակիչ ընկերությունը՝ Hurst-ը, նշում է, որ հեղինակը գիրքն ավարտում է Հայաստանի մասին պատումով. «Որպես կիսով չափ հուշագրություն, կիսով չափ մանիֆեստ՝ այն հուզիչ հայացք է աշխարհի ամենահին քրիստոնեական երկրին, որը միաժամանակ ներկայացնում է հնագույն քաղաքակրթություն, փոքր պետություն և համաշխարհային ազգ»:
«The Small States Club։ How Small Smart States Can Save the World»-ը («Փոքր երկրների ակումբ․ Ինչպես փոքր խելացի երկրները կարող են փրկել աշխարհը») բրիտանական The Independent պարբերականի կողմից ճանաչվել է դեկտեմբեր ամսվա գիրք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը