«Մանե Գևորգյանի հայտարարությունից հետո, թե Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել «Իսկանդերի» հետ կապված, հայ-ռուսական միջադեպը թերևս կարելի է համարել սպառված՝ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Կրեմլին բավարարում են Երևանի հայտարարությունները: Ռուսական լրատվամիջոցները, սակայն, համակ ուշադրությամբ հետևում ու լուսաբանում են թե՝ ընդդիմության հանրահավաքները, թե՝ Փաշինյանի կոնտր-հանրահավաքը ու երկրում տեղի ունեցող իրադարձությունները: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի մասին զրուցել ենք ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ:
-Ձեզ հասկանալի՞ է, թե ինչ է նշանակում «սխալ զեկուցել»:
-Դե, դա հիմարություն է: Ի՞նչ է նշանակում՝ սխալ զեկուցել: Իսկ եթե պատերազմի ժամանակ «սխալ զեկուցեին»: Սա մանկական թոթովանք է, սրա ի՞նչը մեկնաբանես: Նա պարզապես փորձում է դուրս գալ ստեղծված իրավիճակից: Նրան փորձում են հաշտեցնել զինվորականների հետ: Լավ են անում: Բայց դե, էդ «Իսկանդերի» պատմությունը... ոչ մի ձև: Անգամ սերժանտներն են ծիծաղում, էլ գեներալների մասին չեմ խոսում։
-Բայց, ըստ Կրեմլի, միջադեպը սպառված է:
-Դե, հա, փորձում են... երևի ճիշտ են անում: Բայց ձերոնք շատ կոպիտ են գործում, անտաղանդ:
-Գուցե պատահականությո՞ւն էին այս խոսքերը, լեզվի սայթաքում:
-Սա թատերականացված ներկայացում էր: Հիշեցնենք, որ այն սկսվեց Սերժ Ազատովիչ Սարգսյանից, հետո նրա կարթն ընկավ Փաշինյանը՝ իր անգրագետ հայտարարությամբ, քանի որ «Իսկանդերը» չի կարող 10 տոկոսով պայթել, ինչպես չի կարող կինը ծննդաբերել 10 տոկոսով: Բայց քանի որ սա հնչում է Հայաստանի գերագույն հրամանատարից...
-Իսկ հաշտեցնողներն ովքե՞ր են:
-Եթե միայն Արմեն Սարգսյանին հաջողվի հաշտեցնել Գլխավոր շտաբին ու Փաշինյանին, սա պլյուս կլինի: Բայց, միևնույն է, հակամարտությունը շարունակվում է: Հանգուցալուծումը պետք է լինի, եթե ոչ հիմա, ապա չգիտեմ, ավելի ուշ ինչ-որ մեկը պետք է հեռանա:
-Ո՞վ, այնուամենայնիվ:
-Չեմ կարող ասել: Մենք այստեղ՝ Մոսկվայում, անհանգստությամբ ենք հետևում: Եթե դուք՝ հայերդ, չեք կարողանում հասկանալ, ապա կարծում եք մենք այստեղ Լոմոնոսովնե՞ր ենք, ինչ է: Հասկանում եք՝ ամեն ինչ ողբերգական է, վտանգավոր: Երկրի կառավարման համակարգը կտրուկ անկում է ապրում: Խոսքը հայկական պետականության լինել-չլինելու մասին է, ոչ թե այն մասին, թե ով կլինի: Դուք շատ բան կորցրիր Արցախյան պատերազմում, հիմա կորցնում եք պետականությունը: Իսկ այստեղ ամբիցիաներ են. երկու հայ ընդհարվել են, փորձում են իրար ինչ-որ բան ապացուցել:
Կողմեր են հայտնվում: Այս ամենի հետևում լուրջ գործընթացներ են: Շատ բան չի ասվում, շատ բան, որը մենք չգիտենք, կուլիսներում է: Նկատի ունեմ նախկին նախագահ Սարգսյանի կազմակերպած արտահոսքերը, հետո՝ Փաշինյանի հռետորաբանությունը: Բայց ես ասել եմ, որ պետք է ուսումնասիրվեին պատերազմի հանգամանքները, պետական հանձնաժողովը չի աշխատում: Եվ առհասարակ՝ որ կողմին հավատալ: Ձեր գործակալությունը, օրինակ, գրել էր, որ նախագահ Արմեն Սարգսյանն ապշահար դուրս է եկել Գլխավոր շտաբից, որտեղ նրան պատմել են, թե ինչեր է արել Փաշինյանը պատերազմի ժամանակ: Մենք չգիտենք՝ հավատանք, թե չէ: Չկան փաստական տվյալներ, փաստաթղթեր, որոնք թույլ կտային լուրջ եզրահանգումներ անել: Իսկ այն, ինչ տեսնում ենք, միայն ապակայունացում է, պետականության կորուստ, դեգրադացիա, որը երկար չի կարող շարունակվել, քանի որ կարող է Հայաստան պետության համար ավարտվել աղետով: Իսկ թե ով կլինի Հայաստանի ղեկավար, մեզ համար արդեն սկզբունքային նշանակություն չունի:
-Ինչպես թե չունի... խելացի ղեկավարն ամեն ինչ կանի, որ Հայաստանը շտկի մեջքը:
-Իհարկե, մենք էլ ենք մտածում, որ պետք է սթափ դատող, ադեկվատ մարդ, որը իրավիճակին ադեկվատ գնահատական կտա, կունենա ահավոր ճգնաժամից երկիրը դուրս բերելու ծրագիր: Մենք դրան ենք սպասում, որ հայերը վերջապես կգտնեն նման մարդու: Մենք նրանց համարում էինք աշխարհի ամենախելացի ժողովուրդներից մեկը, կիրթ: Մի տեսեք, թե մեզ մոտ՝ Ռուսաստանում, հայերն ինչպիսին են՝ բիզնեսներ, կարիերաներ, խելոք մարդիկ են, և հարց՝ ինչո՞ւ հայերը ռուսական միջավայրում կարողանում են կայանալ ու բարգավաճել, գեղեցիկ ապրել, փող աշխատել, իսկ Հայաստանում իրար կոկորդ են կրծում:
-Փաշինյանի հանրահավաքը Ձեզ տպավորե՞ց:
-Հանրահավաքները ձեր ներքին խնդիրն են: Ինչքան ուզում եք՝ արեք: Մենք նայում ենք՝ ամեն օր այսուայնկողմ են գնում: Ինչպես մի երգչուհի ունեինք՝ Զիկինա, բեմի վրա այս կողմ էր գնում, այն կողմ: Անգամ անեկդոտ կար. Երբ նա Բաքվում ելույթ էր ունենում, դե, մի կատարում, 10, 15, արդեն «բիս» են կանչում, նա էլ՝ գեղեցիկ կին, ասում է՝ դե, ընկերներ, էլ չեմ կարող, հոգնել եմ: Նրանք էլ, թե. «Իսկ դու երգիր, մի գնա այս կողմ, այն կողմ»: Ու ձեզ մոտ էլ՝ այս կողմ, այն կողմ, մեկ վրան, մեկ խորոված, մեկ երաժշտություն են լսում:
-Թուրքիայի նախագահի ու արտգործնախարարի հայտարարությունների ֆոնին, որ կատարվածը հեղաշրջման փորձ է, որոշ շրջանակներ ակնարկում են, որ Թուրքիան կարող է կրկին միջամտել...
-Հիմարություն, ձեզ մոտ ռուսներն են կանգնած»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը