NEWS.am-ը գրում է․
Թե ինչու Ադրբեջանը հանկարծ հրաժարվեց «փափուկ ուժից» եւ անցավ առճակատման սցենարի՝ փաստացի ոչնչացնելով բանակցությունների ձեւաչափը նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում, առեղծված է մնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց ռուս քաղաքագետ, Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի երկրների խնդիրներով փորձագետ Ստանիսլավ Տարասովը:
Քաղաքագետը պարզաբանեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանը ստիպված էր գործել այս գործընթացի պարադիգմայում՝ օգտագործելով այսպես կոչված «փափուկ ուժ»: Ակնհայտ էր, որ Սյունիքում հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը հնարավոր էր իրականացվել միայն Երեւանի հետ լավ հարաբերությունների հաստատման դեպքում: Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը նույնպես պետք է կառուցողական բանակցությունների կարեւոր պայման լիներ: «Տպավորություն է ստեղծվում, որ Ալիեւը սադրանքի դիմեց՝ դրդելով Փաշինյանին ինչ-որ գործողությունների դիմել:
Հայտնի է, որ Երեւանը խոսեց Ֆրանսիայի մասին, սակայն սխալ կլիներ ենթադրել, որ Ֆրանսիան ռազմական զորակազմ էր ուղարկելու Ադրբեջանի հետ սահման: Թվում է, թե այս ամբողջ օպերացիան բլեֆ էր` բլեֆ էր անում Բաքուն, բլեֆ էր անում Երեւանը, իսկ Մոսկվան հետեւում էր: Արդյունքում ունենք հետեւյալը՝ Գյումրիում տեղակայված է ռուսական բազա, Ռուսաստանն այժմ իր վերահսկողության տակ է վերցրել Հայաստանի բոլոր սահմանները, իրավաբանորեն Ադրբեջանի տարածքում (նկատի ունի Լեռնային Ղարաբաղը) գտնվում են ռուս խաղաղապահներ:
Ռուսաստանը ռազմականապես հզորացավ, օպերացիան ավարտվեց հօգուտ Մոսկվայի: Նա ամրապնդում է իր դիրքերը՝ տեղակայելով իր սահմանապահներին, ինչը Ադրբեջանին զրկում է գործողություններ իրականացնելու հնարավորությունից: Դժվար է ասել՝ արդյո՞ք սա էր ուզում Ալիեւը: Սակայն մեկ բան տեսանելի է՝ Ալիեւը նախընտրում է Հայաստանի հետ սահմանին ունենալ ռուս սահմանապահներ, քան, օրինակ, ֆրանսիացիներ կամ այլոք: Կարծում եմ, որ Ալիեւը սադրեց Փաշինյանին՝ ձեռնարկել ինչ-որ գործողություն, որպեսզի որոշակի քարտեր բացահայտեր: Հնարավոր է՝ դրա արդյունքում ի հայտ եկավ Ֆրանսիայի գործոնը, որից հետո Երեւանը ստիպված եղավ համաձայնվել եւ ողջ սահմանի նկատմամբ վերահսկողությունն ամբողջությամբ հանձնել Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը, իր հերթին, հանգիստ արձագանքեց ռուս սահմանապահների տեղակայման մասին հայտարարությանը: Ամեն բան տարօրինակ է թվում:
Սկզբում Ալիեւը սատարում էր Փաշինյանին, հետո քննադատում էր նրան, հետո Ալիեւը հասկացավ, որ Փաշինյանը չի կարող որեւէ վճռական գործողություն ձեռնարկել: Որոշակի ինտրիգ եւ բազմաթիվ հարցեր կան Ղարաբաղյան երկրորդ պատերազմի թեմայով: Օրինակ, ինչու՞ Ադրբեջանը հանկարծ որոշեց խաղալ էսկալացիայի վրա: Ինչո՞ւ հանկարծ Ալիեւը հրաժարվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակներում դրական գործունեությունից, թեեւ հանդիպումներ էին եղել Փաշինյանի եւ Պուտինի հետ: Չէ որ երեքն էլ ասում էին, թե հավատարիմ են այս փաստաթղթի կատարմանը:
Այնուամենայնիվ, հաղորդակցության ապաշրջափակման շուրջ բանակցությունները տապալվեցին»,- ասաց նա: Փորձագետը նշեց, որ երկար դադարից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն, այնուամենայնիվ, այցելեց Հայաստան, սակայն ոչ մի նոր բան նա չասաց՝ Կազմակերպությունը տեղի ունեցողը համարում է սահմանային միջադեպ եւ կողմերին բանակցությունների կոչ է անում: «Ճիշտն ասած՝ նման բառեր կարելի էր ասել առանց Երեւան գալու:
Նա նշանավորեց իր ներկայությունը թեկուզ այն պատճառով, որ ՀԱՊԿ նախագահությունն այս տարի անցնում է Հայաստանին: Սա խորհրդանշական այց է, որի ետեւում ոչ մի կարեւոր բան չկա, բայց կան առանձնահատկություններ՝ Երեւան Զասի այցելության օրը տեղի ունեցավ հեռախոսազրույց Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Հայաստան համընկավ այն ժամանակի հետ, երբ որոշում պետք է կայացվեր Ադրբեջանի հետ սահմանին ռուս սահմանապահների տեղակայման վերաբերյալ»,- եզրափակեց Տարասովը: