10 07 2024

Փաշինյանի գալը մեր բացթողումն էր․ Ստանիսլավ Տարասով․ «Հրապարակ»

Փաշինյանի գալը մեր բացթողումն էր․ Ստանիսլավ Տարասով․ «Հրապարակ»

«Հրապարակի» զրուցակիցն է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

-Հայաստանի իշխանությունները մեղադրում են ընդդիմությանը, որ վերջիններս ղեկավարվում են Ռուսաստանի կողմից, եւ նրանց բոլոր քայլերը համաձայնեցված են Կրեմլի հետ: Նման բան իսկապե՞ս կա, Դուք նման տեղեկություններ ունե՞ք:

- Գիտեք, անկեղծ ասած, ես հայկական կողմից այդ մասին շատ եմ լսել, շատ եմ կարդացել, բայց ես առաջին օրը չէ, որ տարածաշրջանի խնդիրներով եմ զբաղվում, ուզում եմ ասել, որ մեզ մտահոգում է այն, որ Մոսկվան հեռացել է այդ ամենից եւ կողքից պարզապես հետեւում է. ոչ թե չի աջակցում, այլ հեռացել է եւ ուղղակի հետեւում է տեղի ունեցող իրադարձություններին, որոնք կարող են ողբերգական բնույթ ստանալ: Մենք կուզեինք, որ Մոսկվան ինչ-որ կերպ խառնվեր տեղի ունեցողին՝ աջակցելով կողմերից մեկին գոնե, բայց, ցավոք, դա չկա:

- Իսկ ինչո՞ւ դա տեղի ունեցավ, Մոսկվան հետաքրքրվա՞ծ չէ հայաստանյան ներքաղաքական գործընթացներով: Այսինքն՝ Հայաստանը Ռուսաստանի համար կորցրե՞լ է իր նշանակությունը:

- Անկեղծ ասած, ինձ մոտ տպավորություն է առաջացել, որ տեղի է ունեցել ինչ-որ լուրջ խզում երկու երկրների հարաբերությունների միջեւ, եւ դա սկսեց շատ սուբյեկտիվ բնույթ ստանալ: Ինչ-որ մի բան է եղել Պուտինի ու Փաշինյանի հարաբերություններում, հասկանո՞ւմ եք, տպավորություն է առաջանում, թե ռուսական կողմը դադարել է վստահել Փաշինյանին: Թե ինչ է տեղի ունեցել՝ չեմ կարող ասել, ես, իհարկե, ենթադրում եմ, թե ինչը կարող էր պատճառ հանդիսանալ, բայց այդ մասին հայտարարել չեմ կարող, որովհետեւ ապացուցողական բազա չունեմ: Բայց մի բան հստակ է` երկու երկրների ղեկավարությունների միջեւ օտարացում կա: Արդյոք դա հայերի ծրագրած քաղաքականության մի մա՞սն էր, չգիտեմ, բայց կարծում եմ, որ շատ դեպքերում հայկական կողմն է մեղավոր, որը շատ նեգատիվ գործընթացներ հենց ինքը հրահրեց: Չէին լսում Մոսկվային` նույն Արցախի հարցում եւ այլ հարցերում, ինքնուրույն քաղաքականություն էին վարում, իսկ հետո ամբողջը վերագրեցին մեր սխալներին: Իհարկե, մենք սխալներ ունեցել ենք, սակայն ոչ այդ աստիճանի կամ մակարդակի, որոնց մասին խոսում է Փաշինյանը:

- Ձեր նշած խզումը, կարծում եք, կվերականգնվի՞, օրինակ, Փաշինյանի` իշխանությունից հեռացումից հետո, հարաբերությունների ռեանիմացիա հնարավո՞ր է:

- Գիտեք, ես ուզում եմ Ձեզ պարզապես ասել, որ Ռուսաստանում հակահայկական տրամադրություններ չկան, հայաֆոբիա չկա ընդհանրապես: Հայերը Մոսկվայում, իրենց կոմֆորտի մեջ` հանգիստ են զգում, եւ մեր ամբողջ քննադատությունն ուղղված է ոչ թե հայերի դեմ, այլ կոնկրետ ղեկավարության ու կոնկրետ վարչապետի դեմ: Մենք մեր նեգատիվ վերաբերմունքը չենք տեղափոխում հայ ժողովրդի վրա. մեզ մոտ ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում, ընդ որում՝ ՌԴ քաղաքացիություն ստացած հայերն իրենց շատ ինքնավստահ են զգում, նրանք կարիերա են կառուցում, ծառայում են բանակում, պատերազմում են Ուկրաինայում, հասկանո՞ւմ եք: Մենք նույնիսկ մեր ենթագիտակցության մեջ նրանց որպես երկրորդ սորտի մարդ չենք դիտարկում՝ նրանք լիարժեք քաղաքացիներ են, եւ վերջ: Այս պատճառով մեզ համար մի տեսակ տարօրինակ է, երբ լսում ենք, որ Հայաստանում սկսում են ռուսաֆոբ հայտարարություններ անել, Ռուսաստանին ինչ-որ բաներում մեղադրել: Կրկնում եմ` Ռուսաստանն ինչ-որ սխալներ երեւի թույլ է տվել, բայց դրանք այդ մեծության չեն ու դրանք հայկական ղեկավարության նշած սխալները չեն:

- Գուցե Ձեր տեսանկյունից այդ սխալները մեծ չեն, բայց մեզ համար չափազանց ողբերգական ու ծանր գին են արժեցել, ու հենց դրանով է ամեն ինչ բացատրվում:

- Եթե Դուք նկատի ունեք Ղարաբաղի խնդիրը. ղարաբաղյան հարցը Փաշինյանը տապալեց, ես դա գիտեմ որպես մարդ, ով առաջին տարին չէ, որ այդ հարցով է զբաղվում, հասկանո՞ւմ եք: Ես չեմ ուզում գովազդել ռուսական կողմին, երբ խոսում եմ ռուսական կողմի սխալների մասին, չեմ ուզում դրանք մաքրագործել։ Փաշինյանի գալը մեր բացթողումն էր, մենք գիտեինք, որ Փաշինյանը գալու է իշխանության, Մոսկվան գիտեր, բայց ոչինչ չարեց այդ գործընթացը կանխելու համար: Մենք գիտեինք, թե ինչ է լինելու հետո… ողբերգություն, կարճ ասած:

- Կարո՞ղ ենք եզրակացնել, որ հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակը հիմա ձեռնտու է ռուսական ղեկավարությանը՝ պայմանավորված կողմնակի այլ հանգամանքներով, օրինակ, Ուկրաինայում պատերազմով:

- Շատ եմ ուզում ասել, որ Հայաստանում շատ են չափազանցնում ուկրաինական ֆակտորի նշանակությունը: Այդ հարցը չի ազդում մեր քաղաքականության վրա՝ հետսովետական տարածքում՝ ներառյալ Անդրկովկասը: Ասում են՝ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայով, այո, զբաղված է, մենք պատերազմում ենք եւ լուրջ ենք պատերազմում, բայց, կներեք, իհարկե, երբ որ մենք հաղթենք, մենք տարբեր ենք լինելու, ահա թե ինչն է նրանց անհանգստացնում եւ կատաղեցնում: Մենք այլեւս չենք հանդուրժելու մեր հասցեին անպատասխանատու հայտարարություններ մի շարք հետխորհրդային պետությունների կողմից։ Այ, դա է բոլորին անհանգստացնում: Դա է խնդիրը՝ պետք է օբյեկտիվ գնահատական տալ, թե ինչու է այդ ամենը տեղի ունենում: Տեսեք` Եվրոպայում ինչ է կատարվում. Մակրոնը պարտվեց, Շոլցը պարտվեց, Բայդենը պարտվում է, Անգլիան է ճգնաժամի շեմին կանգնած․ ընդամենը կես տարի առաջ կարո՞ղ էիք դա պատկերացնել: Մի կողմ դրեք Ուկրաինան ու տեսեք, թե ինչ զարգացումներ են գնում, ի՜նչ Հայաստան, ի՜նչ Ադրբեջան, ի՜նչ Վրաստան, դրանք երկրորդական ֆակտորներ են, որ շատ կարեւոր են Ռուսաստանի համար: Սխալներ ասելով՝ ես այլ բան նկատի ունեմ:

- Իսկ ի՞նչ նկատի ունեք:

- Ղարաբաղը․․․ մենք թույլ տվեցինք, որ գործողություններն անցնեն ուժային տարբերակի, պատերազմի, չկանգնեցրինք պատերազմը: Մենք՝ որպես Մինսկի խմբի անդամներ, պիտի մոբիլիզացնեինք բոլոր անդամներին ու կանգնեցնեինք պատերազմը, զգուշացնեինք Ադրբեջանին: Մինսկի խմբի բոլոր անդամները փորձեցին քայլեր անել շատ ուշ, երբ արդեն պատերազմը սկսվել էր: Այ, դա սխալ էր: Ոչ թե որ Ղարաբաղը հանձնվել էր` Ղարաբաղը հանձնեցին գիտակցաբար․ դա կարող եմ հարյուր տոկոսով պնդել, ուղղակի չեմ ուզում դետալային անդրադառնալ դրան, բայց հայկական ղեկավարությունը հանձնեց Ղարաբաղը գիտակցաբար:

- Ուզում եք ասել, որ եթե Պուտինը որոշի Փաշինյանին հեռացնել իշխանությունից, նա դա կանի՞, նման լծակ ունի՞ դա անելու համար:

- Ինչո՞ւ հիմա ձեռք տալ հայերին` հայերը ցանկացան ապրել անկախ, ինքնուրույն, իրենք իրենց ապահովել, ինքնաբավ լինել, Արեւմուտքի հետ հարաբերությունները լավացնել: Իրենց խոստացել են ոսկե սարեր, ինչո՞ւ պիտի մենք խանգարենք դրան։ Մենք հետաքրքրված չենք Փաշինյանի հեռացմամբ այս էտապում, հենց այս էտապի մասով հետաքրքրված չենք:

- Անդրադառնալով ԱՄՆ ընտրություններին․ եթե Թրամփն ընտրվի, ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվե՞ն:

- Դժվար է ասել, դա շատ բարդ է ասել, այն, որ այդ հարաբերությունները շրիշակից ցածր չեն լինի, ինչպես հիմա է, փաստ է: Պարզապես Պուտինի եւ Թրամփի միջեւ կապը կվերահաստատվի կամ ինչ-որ մակարդակի վրա գոյություն կունենա ՝ դա նույնպես փաստ է, բայց փաստ չէ, որ ամերիկացիները հետ կքաշվեն: Նրանք ցանկանում են պահպանել Ուկրաինան որպես պետական միավոր, իսկ մեզ մոտ ավելի շատ գնում ենք այն կողմ, որ Ուկրաինան որպես պետություն դադարի գոյություն ունենալ։

- Իսկ ուկրաինացիների հետ ի՞նչ է լինելու:

- Ոչինչ էլ չի լինի, հանրագիտարանում կմնա «Ուկրաինա» անվանումը, որ գոյություն է ունեցել 1991 թվականից մինչեւ այսինչ թվականը, փոքրիկ պատմական տեղեկություն՝ այդքան բան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ