16 09 2020

Կրթում են անկիրթները․ «Հրապարակ»

Կրթում են անկիրթները․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

 

 «Հայաստանում ընդունված չէ ընդդիմախոսներին բարեկիրթ հակադարձելը։ Կա՛մ հեգնում են, կա՛մ վիրավորում, կա՛մ պատասխանում՝ «բա որ դու էլ․․․» ոճով։ Մարդիկ մտահոգված են փոքրահասակ երեխաներին դիմակներ պարտադրելու հանգամանքով, օրեր շարունակ վկայակոչում են բժշկական կարծիքներ, այլ երկրների փորձը՝ ապացուցելու համար, որ երեխաների դիմակ կրելը վնասակար է և անիմաստ։

Սակայն մեր «գիտունիկ» իշխանությունները վստահ են, որ ճիշտը դիմակն է։ Ոչ միայն վստահ են, այլև հեգնում և վիրավորում են այլ բան ասողներին։ Երեկ կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր էջում հեգնել ու նախատել էր դիմակների թեման բարձրացնողներին, թե՝ այցելել է դպրոցներ և «թախծախեղդ» ծնողներ չի տեսել, ուստի առաջարկում է «լալահառաչ պատումներ չհյուսել»։ Բայց սա միակ հեգնախառն գրառումը չէ կրթության համակարգը կառավարող դե-ֆակտո «նախարարի» կողմից։

Մի քանի օր առաջ էլ նա մի մեծ գրառում էր նվիրել կրթության չափորոշիչների հետ կապված մի քննարկմանը, որտեղ քննադատություն է հնչել նախարարության հասցեին։ Ոչինչ, որ այս լարված օրերին փոխնախարարը ժամանակ ունի Ֆեյսբուքում «լավաշ» գրառումներ անելու, ավելի էականը ոճն է, որով արտահայտվում է կրթության ոլորտի այն մասնագետների հասցեին, որոնք համակարծիք չեն նախարարության ձեռնարկած փոփոխություններին։

Նա կոնֆերանս բառը չակերտների մեջ է առել ու դաս տվել իրենից բազմապատիկ վաստակով անձանց․ «Առաջարկում եմ կրթության նախկին պատասխանատուներին՝ ամեն կերպ զերծ մնալ կրթության մասին խոսելուց, դուք էնպիսի ժառանգություն եք թողել, որ լռելն ամենաճիշտ որոշումը կլինի»։ Նրանց տեսակետն էլ անվանել է «սակավագիտության մեջ փորձագիտացողների վայ-վերլուծություններ»։ Ահա այսպիսի կրթություն և դաստիարակություն»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ