08 09 2020

Ինչու է «Իմ քայլը» որոշել չընտրել Արթուր Վաղարշյանին. նոր ինտրիգներ ՍԴ դատավորների շուրջ. «Ժողովուրդ»

Ինչու է «Իմ քայլը» որոշել չընտրել Արթուր Վաղարշյանին. նոր ինտրիգներ ՍԴ դատավորների շուրջ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը վերջնական որոշում է կայացրել, որ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում չի ընտրելու նախագահի ներկայացրած թեկնածու Արթուր Վաղարշյանին:

Բանն այն է, որ իշխող խմբակցությունն այսպես որոշել է հակադրվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, որը հուլիսի 3-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր. «Սահմանադրական դատարանի դատավորներին պետք է ուղղակի նշանակել հետագայում, ոչ թե ընտրել»:

Եվ այժմ, մերժելով նախագահի առաջադրած թեկնածուին, իշխող խմբակցությունը ցանկանում է ցույց տալ, որ դեմ է նաեւ Արմեն Սարգսյանի առաջադրած տարբերակին եւ թեկնածուին: Այսինքն՝ իրավիճակն ավելի է թեժանում, եւ, բացի Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածությանը հակադրվելուց, իշխող խմբակցության անդամները որոշել են այսպես հակադարձել նաեւ հանրապետության նախագահին:

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ներքին կարգով վատ եզրակացություն էր տվել Երվանդ Խունդկարյանի կատարած աշխատանքի մասով եւ ընդգծել, որ Խունդկարյանի կայացրած դատական որոշումների պատճառով ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ է կանգնել Հայաստանը: Ու հիմա ԱԺ իշխանական խմբակցությունը, այդ եզրակացությունից ելնելով, կարող է նրան էլ դեմ քվեարկել»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 08.09.20թ համարում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ