«Ուղիղ 4 ամսից ավել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը կալանավորված է, պատճառը բոլորիս հայտնի իշխանության կողմից ընդդիմադիրներին լռեցնելու համար որպես գործիք օգտագործվող ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածն է, որի 2-րդ մասի՝ սահմանադրականության հարցի հետ կապված ՀՀ ԱԺ պատգամավորները դիմել էին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան»,-տեղեկացնում է Գ. Վարդանյանի փաստաբան Սոսե Չանդոյանը։
Փաստաբանը մանրամասնում է, որ ուսումնասիրելով ներկայացված դիմումը և լավագույնս հասկանալով հոդվածի հակասահմանադրական լինելու փաստը, Սահմանադրական դատարանը խուսանավել է հստակ դիրքորոշում հայտնելուց՝ դիմելով Վենետիկի հանձնաժողով նշված հարցի շուրջ խորհրդատվական կարծիք ստանալու համար:
«Ակնհայտ է, որ ՀՀ ՍԴ-ն ունենալով նվազագույն իրավական հիմքեր ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասը կհռչակեր սահմանադրությանը չհակասող՝ զերծ մնալով տարատեսակ կառույցների դռները թակելու եւ կարծիքներ հավաքելու գործառույթից:
Հետաքրիր է` ի՞նչ են մտածում այն դատարաններն ու հանրային մեղադրողները, որոնց անմիջական մասնակցությամբ ու թեթև ձեռքով 4 ամսից ավել է, ինչ Գերասիմ Վարդանյանը գտնվում է կալանքի տակ մի հոդվածով, որի սահմանադրականությունը նույնիսկ ՍԴ֊ի կողմից այս պահին չի հաստատվել։
Սա ևս մի ցցուն ապացույց է, որ Գերասիմ Վարդանյանը այս պահին էլ մեղադրվում և կալանքի մեջ է գտնվում ապօրինի և շինծու մեղադրանքով։
Հ.Գ. Հերթական անգամ արձանագրում ենք, որ 4 տարի շարունակ Գերասիմին և իր ընկերներին ենթարկում են քաղաքական հետապնդումների` լռեցնելու և իրենց քաղաքական ճանապարհից հեռացնելու համար»,-նշել է նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը