Կառավարությունը այսօրվա՝ հոկտեմբերի 3–ի նիստում որոշեց ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելցնել։
2021 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանվել են հանցանքներ, որոնց կատարման համար անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության միայն հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա։ Օրենսգրքի 483-րդ հոդվածի 25-րդ մասով նախատեսվել է, որ Օրենսգրքի
54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով:
Կատարված օրենսդրական փոփոխության արդյունքում ակնկալվում է դատարանների ծանրաբեռնվածության ավելացում, ինչով պայմանավորված առաջանալու է քրեական մասնագիտացման դատավորների թվակազմն ավելացնելու անհրաժեշտություն։
ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում 2021 թվականի ընթացքում ստացվել է 606 դատական գործ՝ այդ թվում նախորդ հաշվետու ժամանակաշրջանից փոխանցված դատական գործերի:
Ընդհանուր առմամբ 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քննվել է 1108 գործ, որից 475-ը՝ Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի կողմից, իսկ 633-ը՝ ՀՀ մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների կողմից:
Միևնույն ժամանակ, 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի կողմից քննվել են թվով 6667 քրեական վարույթ, որոնցից 853-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան, իսկ 2749-ի մասով վարույթը կարճվել է։ Նշված ժամանակահատվածում Հատուկ քննչական ծառայության, այնուհետև` Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից քննվել է 10 քրեական վարույթ, որոնցից 2-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ քրեական վարույթը կարճելու մասին որոշումներ չեն կայացվել։ Պետական եկամուտների կոմիտեում նախաձեռնվել է մեկ քրեական վարույթ։
Հարկ է նկատի ունենալ, որ կարճված գործերի քանակն առանձին հաշվարկվել է` հաշվի առնելով, որ օրենսդրական փոփոխությունից հետո նախաքննություն իրականացնող մարմիններն այլևս մինչդատական փուլում վարույթները կարճելու հնարավորություն չեն ունենալու։ Հետևաբար, միայն կարճված գործերի քանակով հաշվարկ կատարելու դեպքում ավելացող գործերի քանակը մոտավորապես կազմում է 1833 գործ (2749*12/18), իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի
1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ դատարան ստացված գործերի թիվը տարեկան կազմում է մոտ 443 գործ (1108*12/30):
Ըստ այդմ, առաջարկվում է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման դատավորների թվակազմը 8 դատավորով ավելացնել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը