«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի վեցամյա երեխայի մահը ցնցել է բոլորին։ Ընտանիքի պատմությունը հանրայնացվել էր «Կիսաբաց լուսամուտներ»-ի ապրիլի 13-ի եթերում։ Պարզ է դարձել, որ երեխաներն անպաշտպան են եղել, ու չէր լինի այս ողբերգությունը, եթե պատկան մարմինները ժամանակին զբաղվեին նրանցով։ Ավելին, հաղորդավարն անգամ եթերում խնդրել է Տավուշի մարզպետին՝ տիրություն անել ընտանիքին։ Ինչո՞ւ են անտարբեր գտնվել։
Մարզպետ Հայկ Չոբանյանը նախ հերքեց, թե որևէ մեկն իրեն այս ընտանիքի հարցով դիմել է, ապա նշեց, որ նրանք գտնվել են մարզի սոցիալական կենտրոնների հսկողության տակ։ «2015-ին երեխաները մի քանի ամսով գտնվել են ՍՈՍ մանկական գյուղում, բայց երեխաների՝ խնամքի կենտրոններում ապրելու իրավունքը տրվում է ծնողի համաձայնությամբ, իսկ երեխայի ծնողը նրանց նորից ետ է տարել տուն, բայց շարունակել են պատկան մարմիններն իրենց հսկողության տակ պահել։ Առայսօր որևէ հաստատության կողմից չի արձանագրվել, որ երեխաների կյանքին սպառնացող վտանգ կա»,- ասաց մարզպետը։
Բայց երեխաները բազմիցս ծեծի են ենթարկվել, սա չի՞ նշանակում, որ թերացել եք։ Մարզպետն ասաց՝ սպասենք քննության ավարտին, որից հետո պարզ կդառնա իրականությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը