168.am-ը գրում է․ «Հայաստանի արժութային շուկայում մի պահ արձանագրված դրամի արժեզրկումը բացասաբար է անդրադարձել ավանդների, այդ թվում՝ քաղաքացիների կամ ֆիզիկական անձանց բանկային խնայողությունների վրա։ Դա նկատվել է հատկապես դրամային ավանդների դեպքում, որոնք մարտին նվազել են՝ արձագանքելով ազգային արժույթի թուլացմանը։ Ավանդատուները բանկերից հանել են իրենց գումարները կամ փոխարկել այլ արժույթների՝ մտահոգված լինելով դրամի հետագա արժեզրկմամբ։
Դրամի արժեզրկում, ինչպես հայտնի է, նկատվեց մարտի երկրորդ կեսից։ Ազգային արժույթը կարճ ժամանակահատվածում բավական ինտենսիվ թուլացավ դոլարի նկատմամբ։
Հաշված օրերի ընթացքում ամերիկյան արժույթի գինը բարձրացավ գրեթե 30 դրամով՝ հասնելով ընդհուպ 510 դրամի։ Դրամն արժեզրկվեց 6-7 տոկոսով։ Թերևս, դա էլ որոշակի սպասումներ ձևավորեց՝ շուկայի մասնակիցների, նաև՝ ավանդատուների շրջանում։
Ի հայտ եկած ռիսկերը ստիպել են որոշ ավանդատուների՝ հետ վերցնել բանկերում պահվող իրենց գումարները։ Այդ ճանապարհով նրանք հավանաբար փորձել են ապահովագրել իրենց խնայողությունները հնարավոր կորուստներից։
Անկայուն իրավիճակներում ավանդատուների շրջանում նման վարքագիծը միանգամայն բնական է։ Գրեթե միշտ էլ այդպես է լինում։ Դրամի թուլացումը, առավել ևս, երբ դա ուղեկցվում է նաև տարբեր ոլորտներից թելադրված խուճապային տրամադրություններով, անմիջապես ազդում է ազգային արժույթով պահվող ավանդների վրա։
Պաշտոնական տվյալներով՝ մարտին դրամային ավանդները կրճատվել են ավելի քան 33 մլրդ դրամով։ Խոսքը շուրջ 65-70 մլն դոլարին համարժեք գումարի մասին է։ Մեծ մասը բաժին է ընկնում բնակչության խնայողություններին։ Մարտին դրանք կրճատվել են շուրջ 25 մլրդ դրամով։
Գուցե շատ մեծ չէ փոփոխությունը, բայց դա էլ բավական է զգուշանալու համար։ Հատկապես որ, արձանագրված 33 մլրդ դրամով կրճատումը դեռ չի նշանակում, թե դրամային ավանդների պորտֆելից դուրս է բերվել հենց այդքան գումար։ Պետք է հաշվի առնել, որ այդ ընթացքում նաև նոր ավանդներ են ներգրավվել։ Այս պահին, իհարկե, դժվար է կոնկրետ ցուցանիշներ նշել, բայց միանշանակ է, որ դուրս բերված գումարներն ավելի մեծ են եղել, քան մարտին արձանագրված 33 մլրդ դրամի նվազումն է։
Որ խնայողությունների արտահոսքը կապված է եղել հիմնականում դրամի թուլացման հետ, վկայում է նաև այն, որ այդ ընթացքում տարադրամային ավանդները շարունակել են աճել։ Ընդ որում, շատ ավելի մեծ տեմպով, քան նախկինում։ Իհարկե, դրանում առկա է նաև հաշվարկային գործոնի դերը. դոլարի արժևորման արդյունքում արտարժութային ավանդների հաշվարկային ցուցանիշները դրամով արտահայտված ինքնըստինքյան աճում են։
Մարտին բանկերի տարադրամային ավանդներն ավելացել են 38 մլրդ դրամով։ Դրանից բնակչության մասնաբաժինը կազմել է գրեթե կեսը։
Ենթադրվում է, որ ապահովության նպատակներով քաղաքացիները դրամային ավանդների մի մասը փոխարկել են դոլարայինի և վերադարձել, իսկ մյուս մասը՝ այնուհանդերձ, դուրս են բերել բանկերից։ Արժութային շուկայում արձանագրված տարադրամի պահանջարկի աճը, ինչը հանգեցրեց ազգային արժույթի վրա ճնշման մեծացման, այլ գործոնների թվում, կապված էր նաև դրա հետ։
Դրամի թուլացումն ազդել է նաև ավանդների կառուցվածքի վրա։ Տարադրամային ավանդների կշիռը մարտին գրեթե 1 տոկոսով ավելացել է։
Դժվար չէ պատկերացնել, թե դա ինչքան կարող էր խորանալ, եթե ժամանակին չհաջողվեր կանգնեցնել տարադրամի նկատմամբ ներկայացվող բարձր պահանջարկը։ «Առկա է որոշակի անորոշություն՝ կապված համաճարակի տևողության, կյանքի հետագա ընթացքի վերաբերյալ, ինչի պատճառով առանձին անհատներ ցանկանում են նույնիսկ ժամանակից շուտ խզել իրենց ավանդային պայմանագրերը և վերցնել իրենց ավանդները։ Բայց խոսել նման երևույթների համատարած բնույթի կամ էական ծավալների մասին՝ չենք կարող, քանի որ այսօր բանկային համակարգում նման երևույթի ականատես չենք լինում։ Ավելին, կարճատև խուճապային իրավիճակից հետո բանկերում նկատվում է ավանդների աճի միտում»,- արձագանքելով ավանդային շուկայում տեղի ունեցող երևույթներին՝ ժամանակին հայտարարեց Հայաստանի բանկերի միության նախագահը։
Խուճապային տրամադրությունները, անշուշտ, կխորանային, և ո՞վ գիտի՝ ինչեր կարող էին լինել, եթե ժամանակին Կենտրոնական բանկը չարձագանքեր դրամի թուլացմանը։ Հայտնի է, որ ֆինանսական համակարգի ամենամեծ վտանգները թաքնված են բանկային ավանդների մեջ, որոնք չափազանց զգայուն են անկայուն իրավիճակների նկատմամբ։
Արժութային շուկայում առաջացած լրացուցիչ պահանջարկը բավարարելու և ազգային արժույթի արժեզրկումը կանխելու նպատակով՝ Կենտրոնական բանկը ստիպված էր գնալ տարադրամային ներարկումների իրականացման։ Մարտին վաճառվեց ավելի քան 120 մլն դոլար։ Թերևս, դա էլ հնարավորություն տվեց կանխել դրամի հետագա թուլացումը և մեղմել ձևավորված բացասական սպասումները, որոնք առաջացել էին ազգային արժույթի արժեզրկման հետ կապված սպասումների հետևանքով։
Տարադրամային ներարկումներից հետո դրամը սկսեց կայունանալ։ Եվ ոչ միայն՝ կայունանալ, այլև՝ աստիճանաբար ամրապնդվել։ Վերջին 2-3 շաբաթվա ընթացքում դոլարի միջին փոխարժեքը վերստին տատանվում է 480 դրամի շրջանակում։
Դրամի ամրապնդումը և բացասական սպասումների թուլացումը հնարավորություն տվեց Կենտրոնական բանկին ապրիլի կեսերից նույնիսկ տարադրամ ներքաշել՝ ազգային արժույթի հետագա թուլացումը կանխելու նպատակով։ Նախ՝ ապրիլի 13-ին ձեռք բերվեց 8,1 միլիոն, ապա՝ ևս 25 մլն դոլար՝ ապրիլի 19-20-ին։
Հիմա արժութային շուկայում, այսպես ասած, հարաբերական կայունություն է, բայց այդ կայունությունը դեռևս շատ փխրուն է։ Ճիշտ է, չկա նախորդ շրջանի խուճապը, սակայն այնպես չէ, որ լարվածությունն ամբողջությամբ չեզոքացվել է։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք այն կարևոր գործոնները, որոնք ազդում են արժութային շուկայի վրա։
Տնտեսական միջավայրում տեղի ունեցող զարգացումներն ամենևին էլ շուկայի օգտին չեն։ Համավարակի տարածումից հետո խզված հարաբերությունները հեռու են վերականգնվելուց։ Էապես նվազել են արտաքին հատվածից ստացվող տարադրամային հոսքերը, որոնք կապված են՝ ինչպես զբոսաշրջության, այնպես էլ՝ արտահանումների ու մասնավոր տրանսֆերտների հետ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը