2023 թվականի նոյեմբերի 22-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում 10, 20, 50, 100, 200 և 500 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ՝ նվիրված ազգային արժույթի 30-ամյակին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։
Մետաղադրամների դիմերեսին ՀՀ ազգային դրամի 30-ամյակի պատկերանիշն է, թողարկման տարեթիվը՝ 2023, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, իսկ դարձերեսներին՝ մետաղադրամների անվանական արժեքները՝ «10 ԴՐԱՄ», «20 ԴՐԱՄ», «50 ԴՐԱՄ», «100 ԴՐԱՄ», «200 ԴՐԱՄ», «500 ԴՐԱՄ», ազգային զարդանախշեր:
Էսքիզների հեղինակներն են Վարդան Վարդանյանը (դիմերեսներ), Կարապետ Աբրահամյանը (դարձերեսներ):
Մետաղադրամները հատվել են Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանում:
ԿԲ-ի փոխանցմամբ․ շրջանառու հիշատակային մետաղադրամներն իրենց տեխնիկական բնութագրով և դարձերեսի ձևավորմամբ կրկնում են սովորական մետաղադրամները, իսկ դիմերեսը, որպես կանոն, նվիրված է որևէ իրադարձության կամ երևույթի։ Շրջանառու հիշատակային մետաղադրամները թողարկվում են սահմանափակ քանակով, շրջանառվում են սովորական մետաղադրամների հետ մեկտեղ և հանդիսանում են օրինական վճարամիջոց իրենց անվանական արժեքով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը