16 04 2020

Կոմպրոմատներ գտնել հոգևորականների մասին․ հրահանգ կառավարությունից․ «Հրապարակ»

Կոմպրոմատներ գտնել հոգևորականների մասին․ հրահանգ կառավարությունից․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «Նախօրեին, երբ Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը հանդես եկավ ազատազրկված վայրերում գտնվողների հետ կապված ձեռնարկվող քայլերի մասին խոսքով եւ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությանը, հնարավոր չէր կանխատեսել, որ իշխանությունների կողմից մինչ օրս շատ մեծ հարգանքի չարժանացած հովվապետի խոսքը նման վրդովմունքի տեղիք կտա։ Կաթողիկոսի կարճ խոսքի հրապարակումից ժամեր անց ՔՊ-ականներն ու իշխանամերձ տարբեր «գրոհայիններ» սկսեցին հարձակումը՝ ամենավերջին որակումները տալով եւ սպառնալիքներ տեղալով նրա, եկեղեցու եւ առհասարակ՝ Քոչարյանին պաշտպանողների հասցեին։

Իսկ երեկ առավոտյան մեզ տեղեկություն փոխանցեցին, որ կառավարությունից հրահանգ է իջեցվել՝ կոմպրոմատներ գտնել բոլոր հոգեւորականների մասին։ Գտնել նյութեր նրանց անձնական կյանքին, գույքին, տարբեր անձանց հետ փոխհարաբերություններին, հարկային պարտավորություններին վերաբերող։ Ոչ միայն քրեական գործեր հարուցել, այլեւ մամուլում հրապարակումներ անել՝ մերկացնելով նրանց բարոյական կերպարն ու հանցագործ առօրյան։

Անկեղծ ասած՝ չհավատացինք, կարծելով, թե լուրերը չափազանցված են։ Պարզվեց՝ մենք իրենց մասին ավելի լավ կարծիքի ենք, քան իրականում կա․ գործ ունենք քաղաքական նկատառումներով ոչ մի բանի առաջ կանգ չառնող հեղափոխականների հետ, որոնք հակառակորդների դեմ պայքարում միջոցների մեջ խտրականություն չեն դնում։ Ընդամենը ժամեր անց ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ Նավասարդ Կճոյանի դեմ քրեական գործ հարուցելու մասին։ Ասացին՝ առաջիկայում ուրիշ նման գործընթացներ էլ կլինեն։ Այնպես, որ յուրաքանչյուր՝ անգամ ամենաբութ էակ հասկանա, որ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանել չի կարելի՝ նա պետք է նստի, քանի դեռ ՀՀ վարչապետի աթոռին նստած է Նիկոլ Փաշինյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ