168․am-ը գրում է․ «Պուտին-Մակրոն հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի արծարծումը բնական է և ոչ պատահական»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը՝ անդրադառնալով օրերս Բրեգանսոնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպման հագեցած օրակարգին, որում տեղ էր գտել նաև ԼՂ հակամարտության կարգավորման թեման։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցությունները Բրեգանսոնում հագեցած էին և կառուցողական:
Օգօոստոի 20-ին լրագրողների հետ զրույցում երկու երկրների ղեկավարների նախորդ օրը կայացած հանդիպումն այսպես է գնահատել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ քննարկման հիմնական թեմաներն են եղել «նորմանդական ձևաչափով» գագաթաժողովի հեռանկարները, Սիրիայում տիրող իրավիճակը:
Սիրիայի պարագայում, ըստ Պեսկովի, խոսքը և՛ սահմանադրական հանձնաժողովի ձևավորման գործընթացի, և՛ կարգավորման հեռանկարների, և՛ փախստականների վերադարձի մասին է:
«Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային այլ հակամարտությունների՝ Բալկաններ, Ղարաբաղ, լրջորեն խոսել են կլիմայի, Արկտիկայի հարցերի շուրջ»,- ասել էր Պեսկովը։
Խոսելով հանդիպումից՝ Լուկիանովն ասաց, որ հանդիպման օրակարգն ակամայից դարձավ շատ կարևոր՝ ոչ միայն աշխարհաքաղաքական թեմաների, այլև՝ Ռուսաստանում վերջին շաբաթներին ծավալվող ներքաղաքական ցնցումները հանրային կերպով նման մակարդակում քննարկելու պատճառով։
Ըստ նրա՝ երկար ժամանակ ռուս հասարակությունը, ինչպես նաև, վստահաբար՝ ՌԴ միջազգային գործընկերները, որոնք հետևում են ռուսաստանյան ցույցերին և դատում իրավիճակի մասին առանց ամենաբարձր իշխանության տեսակետի, ակնկալում էին անդրադարձ հենց ՌԴ նախագահի կողմից, և այդ անդրադարձը եղավ այդ հանդիպման ընթացքում։
«Բնականաբար, այն, թե ինչպես են իշխանություններն ընկալում նման ցույցերը Ռուսաստանում և Ֆրանսիայում, արտացոլվեց այդ խոսակցության ընթացքում, և դա մեծ ուշադրության արժանացավ մեր և միջազգային մամուլում»,- ասաց վերլուծաբանը։
Ինչ վերաբերում է զրույցի հիմնական և ավանդական հատվածին, ապա, նրա խոսքով, դրանում որևէ նորություն չկար՝ քննարկվել են այն հարցերը, որոնք միշտ քննարկվում են, սակայն ժամանակ առ ժամանակ չեն հայտնվում պաշտոնական հաղորդագրություններում՝ պակաս հրատապություն ունենալու պատճառով։
«Ակնհայտ է, որ համանախագահ երկրների ղեկավարներն իրենց բոլոր հանդիպումների ժամանակ քննարկում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը։ Այդ հանդիպման ընթացքում ԼՂ հակամարտության հիշատակումն ամենևին էլ պատահական ու անսպասելի չէր։ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո որոշ ժամանակ անց վերականգնվեց բանակցային ձևաչափը, այսինքն՝ այն կրկին ակտիվացավ, հանդիպումներ տեղի ունեցան տարբեր մակարդակներով, խոսվեցին թե՛ կարգավորման փաթեթների, թե՛ հրադադարն ամրապնդող միջոցառումների, թե՛ հումանիտար նախաձեռնությունների մասին։
Բնականաբար, այս փուլը կարող է կարևոր փուլ դառնալ ԼՂ հակամարտության կարգավորման ճանապարհին, եթե կողմերը շարունակեն առաջընթաց արձանագրել հանդիպումներում, չանցնեն անվերջ մեղադրանքների։
Կա նաև գիտակցում, որ իրավիճակը բավականին լուրջ է Ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի շուրջ, ինչը կարող է բացասաբար անդրադառնալ ակնկալվող դրական բանակցային գործընթացի և ընդհանրապես Ղարաբաղյան հակամարտության վրա, իսկ համանախագահ և ոչ միայն համանախագահ երկրները կոնսենսուս ունեն այդ գոտում պատերազմ թույլ չտալու հարցում։
Մեծ անկայունությունը մեծապես կարող է վտանգել իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում: Ես կարծում եմ, որ ԼՂ հակամարտությունն այն աշխարհաքաղաքական խնդիրներից մեկն է, որն ավելի մեծ ուշադրության պետք է արժանանա միջնորդ երկրների կողմից, բայց կարծելն այլ է, դրա հնարավորությունները դիտարկելը՝ այլ հարց։
Աշխարհը կանգնած է հարաբերությունների նոր մոդելների ձևավորման շեմին, այսինքն՝ այդ փոփոխություններն ընթացքի մեջ են, դրանք ուղեկցվում են պատերազմներով և լուրջ հակասություններով, տարաձայնություններով, և այս մեծ խնդիրների շարքում պակաս կարևոր չէ ավելի փոքր խնդիրների կառավարումը, քանի որ դրանք այս փուլում մեծ խնդիրների պատճառ կարող են դառնալ՝ ավելացնելով գերտերությունների բեռը։
Կարծում եմ՝ սրանով է պայմանավորված Ղարաբաղյան հարցի արծարծումը Պուտին-Մակրոն հանդիպման ընթացքում։ Միևնույն ժամանակ չեմ կարծում, որ բացի իրավիճակի շուրջ խոսակցություններից՝ քննարկվել են կարգավորման լուրջ ծրագրեր, չեմ կարծում, թե նման ծրագրեր այս մակարդակով քննարկվում են, և այսօր կա այդ մասին խոսելու անհրաժեշտություն։
Կա քննարկելու կարիք, թե ինչ դիրքորոշում ունեն միջնորդները կարգավորման հարցի շուրջ այսօր, ինչ օրակարգ են հետապնդում և ինչ օրակարգով են կազմակերպվում հանդիպումներ, որքանով են դրանք համաձայնեցված, և ընդհանուր առմամբ ինչ է պետք ԼՂ գոտում անվտանգության և ստատուս-քվոյի պահպանման համար»,- ասաց նա»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը