18 07 2023

Կոչ եմ անում Ֆրանսիայի նախագահին Հայաստան գալ, դա կստիպի, որ աշխարհը խոսի Արցախից. Ռոշբլուան. Alphanews.am



Alpha News-ը բացառիկ հարցազրույց է ունեցել ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, Ֆրանսիա-Արցախ բարեկամական խմբի նախկին ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի հետ: Նա կոչ է արել նախագահ Մակրոնին այցելել Հայաստան և դրանով ապացուցել իր սերը Հայաստանի հանդեպ:

«Պետք է վերջ տալ պարզապես հայտարարություններ անելուն: Քայլեր է պետք ձեռնարկել: Ֆրանսիան Եվրոպական միությունում նշանակալի դերակատարում ունի, և այս առումով, Ֆրանսիան պետք է բռունցքները խփի և ասի՝ բավ է՝ մենք պարտավոր ենք Արցախի հետ հաշվի նստել, հարկավոր է՝ ուժ գործադրել, որ Լաչինի միջանցքը բացվի: Մարդիկ այնտեղ բանտարկված են: Մենք Ֆրանսիայում մեծ-մեծ խոսում ենք մարդու իրավունքներից, բայց տեսնում ենք, որ Արցախում մարդիկ գազի մատակարարումից են զրկված, ջեռուցումից:

Անմարդկային պայմաններ են: Այս վիճակի մասին, ոչ թե պետք է գոռալ, այլ լուրջ քայլերի դիմել: Ես նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպում եմ խնդրել,  ցանկանում եմ նրա հետ զրուցել` ոչ թե նրան քննադատելու համար, այլ կառուցողական զրույց ունենալու, որ նրան անհրաժեշտ տեղեկություններ փոխանցեմ:

Իսկ հիմա ես նրան կոչ եմ անում գալ Հայաստան: Ես դիմում եմ և խնդրում, որ Ֆրանսիայի նախագահը այցելի Հայաստան, քանի որ նա սիրում է Հայաստանը, նա դրա մասին հայտարարել է, ասել է, որ ֆրանսիացիները սիրում են Հայաստանը:

Դրանով նա գործուն քայլ կանի, քանի որ լրատվամիջոցները կսկսեն խոսել, լուաբանել նրա կատարած այցը և կանդրադառնան Արցախին», — ասել է ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի պատվիրակության նախկին ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ