12 07 2019

Չհամադրվող տնտեսական տվյալներ․ «168 Ժամ»

Չհամադրվող տնտեսական տվյալներ․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Վիճակագրություն» կոչվող գիտությունն էականորեն տարբերվում է իմացության մյուս ոլորտներից։ Այս գիտության պատմությունը հնարավոր է նույնականացնել պետության պատմության հետ։ Ի վերջո, վիճակագրությունը թե՛ Եվրոպայում, թե՛ Չինաստանում ձևավորվել է՝ որպես մարդահամար, կամ տվյալ իշխանության (պետության) տարածքում ինչքի (գույք-ունեցվածքի) հաշվառում անցկացնելու նպատակով։ Սա մեթոդ էր, որով ցանկացած իշխանություն փորձում էր հաշվառել-ճշգրտել մարդկային ու նյութական այն պոտենցիալը, որ գտնվում էր իր տիրապետության տակ։

Վիճակագրությունը, որպես գիտություն, այսօրվա տեսքով՝ ձևակերպվել է 18-րդ դարի կեսերին։ Գերմանական հող-իշխանությունները միավորման գործընթաց էին սկսել։ Հետևաբար՝ նպատակ ունեին «գույքագրել» իրենց պոտենցիալը՝ ապագա Գերմանիայի կերտման տեսլականը հստակեցնել էր պետք։ Այդ ճանապարհին լավագույն գործիքը ժողովրդագրական իրավիճակի և տնտեսության առկա վիճակի ճշգրիտ հաշվառում-նկարագրությունն էր։

Մեր նոր պետության ձևավորման պահին վիճակագրական թե՛ լուրջ կառուցվածք կար, թե՛ անհրաժեշտ որակի կադրեր։ Բայց ինչ-որ պահից (վստահ չեմ, բայց հավանաբար խորհրդային իշխանության տարիների ինչ-որ պահից) վիճակագրությունը դարձել էր պրոպագանդայի գործիք։ Վիճակագիրները, ընկալելով պահի իշխանությունների պահանջ-սպասելիքները, տնտեսությունը նկարագրող թվերը հարմարեցնում էին իշխանությունների քիմքին։ Երբ 60-ականներին ձևակերպվեց «Հասնել ու անցնել Ամերիկային» քաղաքական լոզունգը, վիճակագիրների միակ դժվարությունն այն էր, թե տվյալ պահին տնտեսության կոնկրետ ո՞ր ոլորտում է պետք թվերի վերածել այն։ Ցավոք, այս «հմտությունը» սահուն անցավ մեր վիճակագիրներին: (Հասկանալի է՝ խոսքը ոլորտի ղեկավարության մասին է)։

Արդեն առիթ ունեցել եմ նկարագրել, թե ինչպես մեր վիճակագրությունը հաշվարկեց ու հրապարակեց մարտ ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Հետո մեկ ամիս անց հավուր պատշաճի վերահաշվարկեց ու այլ թիվ հրապարակեց։ Հրապարակեց՝ լրացուցիչ նշելով, որ «տվյալները ճշգրտված են»։

Ուղիղ մեկ ամիս անց այն կրկին հրապարակեց՝ կես տոկոս աճեցնելով արդեն «ճշգրտված» տվյալը։ Պատճառը հեշտ նկատելի էր՝ պահի իշխանությունները մակրոտնտեսական ցուցանիշներից «ամենահպարտանալին» հենց Տնտեսական ակտիվության ցուցանիշն են համարում։ Այս ու մյուս նման փաստերը կարելի է դուրս գրել վիճակագրությունը պրոպագանդայի վերածելու «նուրբ արվեստին»։ Ա՛յ ինչպես կարելի է վերնագրել (կամ՝ դուրս գրել) հաջորդ օրինակը, դժվարանում եմ հիմնավորել։ Մեր վիճակագիրների արտաքին առևտրի տվյալները չեն համընկնում գործընկեր երկրների վիճակագրական գրասենյակների պաշտոնական տվյալների հետ։ Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը բավական արագ (փետրվար ամսին) հրապարակում է արտաքին ապրանքաշրջանառության տվյալները։ Ընդ որում, հրապարակում է թե՛ ըստ երկրների, թե՛ կոնկրետ այդ երկրից ինչ ապրանք  է ներմուծվել (կամ արտահանվել)։

Մեր վիճակագիրները, օրինակ, վստահ են, որ 2017թ. ՌԴ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 730 մլն 489.2 հազար, կամ 1 մլրդ 826 մլն 28.2 հազար դոլար։ Վիճակագիրներն իսկապես երկու տվյալ են հրապարակում։ Դա մեթոդական տարբերության հետևանք է, որ պարզ ընթերցողին դժվար թե հետաքրքրի։ Փոխարենը՝ շատ հետաքրքիր կլինի համադրել մեր Վիճկոմի տվյալները ռուսաստանյան տվյալների հետ։ Այնտեղ մեկ թիվ է՝ 1 մլրդ 746 մլն 617.9 հազար դոլար։ Ընդ որում, չեն համընկնում ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման թվերը։ Ռուս վիճակագիրները կարծում են, որ Հայաստանից արտահանվել է 514 մլն 710.1 հազար դոլարի ապրանք։

Իսկ մերոնք վստահ են, որ արտահանվել է 557 մլն 256.2 հազար դոլարի։ Որպեսզի տարակարծություն չլինի, նշենք՝ երկու կողմն էլ գրում են, որ հաշվարկն արված է ԱՄՆ դոլարով։ Հիմա դիտարկենք 2018թ. տվյալները։ Մերոնք էլի երկու թիվ են հրապարակում: Անցած տարի ապրանքաշրջանառությունը կազմել է կամ 1 մլրդ 925 մլն 665.7 հազար դոլար, կամ էլ 2 մլրդ 62 մլն 455.5 հազար դոլար։ Տարբերության պատճառն այն է, որ մեր վիճակագիրները ներմուծումը հաշվառում են մեկ անգամ՝ ըստ ապրանքն «արտահանող երկրի», զուգահեռ տվյալներ տալով՝ ըստ ապրանքի «ծագման երկրի»։

Բայց թողնենք այս մանրամասները։ Ռուս վիճակագիրների տվյալներով՝ մեր երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 968 մլն 427.2 հազար դոլար։ Անցած տարի ըստ ՌԴ տվյալների՝ Հայաստանից ներմուծվել է մոտ 627 հազար դոլարի ապրանք։ Իսկ մերոնց տվյալներն այլ են՝ մոտ 666 մլն դոլար։ Ա՛յ այսպիսի մանր-մունր տարբերություններ։

Իհարկե, վիճակագիրները կարող են ասել, որ արտաքին առևտրի մասին տվյալներն իրենք չեն հաշվառում, այլ ստանում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։ ՊԵԿ-ի մասնակցությունը «պրոպագանդիստական տնտեսության» խաղերին ինքնին առանձին հարց է։ Իսկ այս պարագային թվերը հրապարակված են մեր Վիճկոմի պաշտոնական կայքում։ Հետևաբար՝ տրամաբանական է հենց նրանց էլ պատասխանատու համարել հրապարակված թվերի համար»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ