«Փաստ»-ը գրում է․ «Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հունիսի 20-ին կայացած հանդիպումը, հայտարարել էր, թե Վաշինգտոնում կայացած բանակցությունների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները կրկին ներկայացրել են այն փաստաթղթերը, որոնք նախկինում քննարկվել են, և առանձնացրել էր փաստաթղթի այն դրույթները, համաձայն որոնց, ըստ Մամեդյարովի, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից: Նախօրեին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթական մեծամիտ հոխորտանքն էր դուրս ժայթքել, թե Հայաստանի հետ պատերազմը դեռ ավարտված չէ, և որ իրենք պետք է ամեն վայրկյան պատրաստ լինեն իրենց «հայրենի հողերն ազատագրելուն»:
Բաքվի նման հռետորաբանությունն ամենևին էլ նորություն չէ: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցությունների մասին սովորաբար խոսում են հատվածաբար՝ դրանք ներկայացնելով խեղաթյուրված կամ անդրադառնում են միայն այն դրվագներին, որոնք իրենց ձեռնտու են: Մամեդյարովի սկանդալային հարցազրույցը հենց այդ շարքից է, սակայն նույնիսկ Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքի տողատակից հասկանալի է, որ ԱՄՆ մայրաքաղաքում կողմերը որևէ էական համաձայնության չեն հանգել, այլ խոսել են որոշ սկզբունքների մասին, որոնց շուրջ, ըստ ամենայնի, որևէ համաձայնության չեն եկել:
Միևնույն ժամանակ, նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Բաքուն վերադարձել է շանտաժի քաղաքականությանը, երբ միջազգային հանրությանն, ըստ էության, հասկացնում է, որ կդիմի պատերազմի, եթե չընդունվեն ադրբեջանական մոտեցումները: Եթե Մամեդյարովն այս մասին խոսում է ակնարկով, ապա Ադրբեջանի նախագահն արտահայտվում է անհամեմատ ոչ դիվանագիտական լեզվով:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը օրեր առաջ հերքել էր Մամեդյարովի պնդումները, նախօրեին էլ թեմային անդրադարձել է արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Մնացականյանը հայտարարել է, որ ինքը հիմնվում է Մամեդյարովի՝ հունիսի 24-ին «ԱզերԹաջ»-ին տված հարցազրույցի վրա:
Մնացականյանը շեշտել է, որ Հայաստանի համար գերակա խնդիր են մնում Դուշանբեի պայմանավորվածությունները: «Դուշանբեն պետք է դառնա նաև «Դուշանբե պլյուս», որովհետև իրադրությունը և լարվածությունը ի ցույց բերեցին, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ: Եվ այդ առումով, երբ որ մենք ունենք զոհեր և մենք ունենք զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է կարևորությունը այնպիսի գործառույթների, ինչպիսին են, օրինակ, զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմները և այդ մոնիտորինգի կարողությունների ուժեղացումը: Մեզ համար շատ էական են առաջին հերթին հենց այդ բովանդակային գործիքները, որոնց գաղափարը կա և որոնց շուրջ անհրաժեշտ է աշխատել, և որոնք ուղղված են մեկ կարևոր նպատակի՝ պահպանել միջավայրը, որը նպաստում է խաղաղ գործընթացին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը:
Հայկական կողմի օրակարգն ակնհայտ է, սակայն, կարծում եմ, Հայաստանի ԱԳՆ նախարարի պատասխանն այնքան էլ համարժեք չէ, մանավանդ, որ Մամեդյարովը խոսել է կոնկրետ փաստերի մասին, որոնք տակավին չեն մեկնաբանվել կամ հերքվել նաև միջնորդների կողմից»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը