Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի փոխում կազմակերպության վերաբերյալ Երևանի դիրքորոշումը։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը չի փոխվել»,-այդ մասին իրեն ուղղված հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Մինչ այդ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր, որ Լավրովը հանդիպել է ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների և մշտական ու լիազոր ներկայացուցիչների հետ, քննարկվել են կազմակերպության շրջանակներում բազմակողմ փոխգործակցության զարգացման հարցեր՝ շեշտը դնելով նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նիստի, ԱԳ նախարարների և պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ նիստի և ՀԱՊԿ Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի նիստի նախապատրաստման և կազմակերպման վրա։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «ՀԱՊԿ-ը վտանգ է ներկայացնում Հայաստանի անվտանգությանը, նրա ապագա գոյությանը և ինքնիշխանությանը» և հավելել, որ կազմակերպության անդամ երկու երկրներ 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ժամանակ օգնել են Ադրբեջանին։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը