Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Վահե Գրիգորյանը ՍԴ դատավորի պարտականությունները ստանձնելիս երդման տեքստում, ի մասնավորի, նշեց, որ դառնալու է ՍԴ երկրորդ դատավորը։
«Երդումը տալու պահից ՍԴ-ում լինելու է երկու դատավոր։ ՍԴ մուտք գործելիս, որպես ՍԴ-ում միակ դատավոր, որովհետեւ մյուս դատավորը հիմա երկրում չէ, ես, ստանձնելով ՍԴ նախագահի լիազորությունների եւ պարտականությունների կատարումը, ՍԴ անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ համաձայնության բացակայության պայմաններում ընդունելի ձեւաչափով՝ այդ մասին կտեղեկացնեմ նաեւ հանրությանը եւ իշխանությանը»,- ասել է Վահե Գրիգորյանը։
Գրիգորյանի այս հայտարարությունը որքան հավակնոտ է դիտարկվում, նույնքան էլ տարակուսելի՝ իրավաբանների շրջանում։
Փաստաբան, միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշել է, որ եթե նույնիսկ բնակչության մեծ մասը ոտքի կանգնի եւ ասի, որ չի ցանկանում Հրայր Թովմասյանին տեսնել ՍԴ նախագահի պաշտոնում, օրենքը պետք է լինի գերակա։«Օրենքը պետք է ընդունել որպես կանոն։ Այդ կանոնը Սահմանադրության 213-րդ հոդվածն է։ Իսկ, ըստ այդ հոդվածի՝ «Մինչեւ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը եւ անդամները շարունակում են պաշտոնավարել մինչեւ իրենց լիազորությունների՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը:
Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը եւ Կառավարությունը»։ 213-րդ հոդվածը չի կարելի շրջանցել։ Եթե 213-րդ հոդվածը շրջանցվում է, նշանակում է օրենքի գերակայությունը չի հարգվում։ Հիմա Վահե Գրիգորյանը իրեն հայտարարում է ՍԴ նախագահ, ասում է, որ ՍԴ անդամները լեգիտիմ չեն, որովհետեւ դատավոր չեն՝ այդ ամենը շրջանցում է 213-րդ հոդվածը։ Այդ ամենը չի բխում օրենքի գերակայությունից։ Մինչեւ Հրայր Թովմասյանը չհեռանա իր կամքով, նրան հեռացնելու մեխանիզմ չկա։ Այդ քայլը հակասում է օրենքի գերակայությանը։ Եթե ժողովուրդն ուզում է կառավարել երկիրը, դա պետք է անի՝ օրենքի գերակայությունը հարգելով։ Այն, ինչ անում է Վահե Գրիգորյանը, դա իրավական գործընթաց չէ»։ Հարցին, թե կարո՞ղ ենք եզրակացնել, որ այս դեպքում հաղթեց քաղաքական կոնյունկտուրան, Արա Ղազարյանն արձագանքեց․ «Չգիտեմ՝ կհաղթի՞, թե՞ ոչ։ Երբ քաղաքական կոնյունկտուրան հեռանում է օրենքից, հակասության մեջ է մտնում օրենքի հետ, բոլորն են տուժում։ Կարդացե՛ք 213-րդ հոդվածը եւ համոզվեք՝ հնարավո՞ր է շրջանցել այն, թե՞ ոչ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը