«Հրապարակ»-ը գրում է․ «Վայոց ձորի ՔՊ-ական մարզպետ Տրդատ Սարգսյանն իր օգնական Վարդան Ղազարյանին առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել: Ըստ Վարդան Ղազարյանի՝ պատճառաբանությունը հետևյալն է եղել. «Ուզում եմ քեզ հանեմ՝ աղջիկ բերեմ տեղդ»:
Փաստորեն, Վայոց ձորի մարզպետի նախկին օգնականը սեռական խտրականության զոհ է դարձել: «Աշխատանքային օրենսգրքով դա աշխատանքից ազատման հիմք չէ, ես հրաժարվեցի դիմում գրելուց»,- «Հրապարակին» հայտնեց Վարդան Ղազարյանը:Նա մասնագիտությամբ տնտեսագետ է, Պետական տնտեսագիտական համալսարանի շրջանավարտ, անկուսակցական, 26 տարեկան: Աշխատանքի է ընդունվել 2018 թվականի նոյեմբերին: Ղազարյանը ՔՊ-ական
մարզպետի հետ եկած կադրերից է, ինչն առավել զարմանալի է դարձնում նրան աշխատանքից ազատելու փաստը:
Մոտ 15 օր առաջ Վայոց ձորի մարզպետը Վարդան Ղազարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին կարգադրություն է ստորագրել, որում աշխատանքից ազատելու որևէ հիմք նշված չէ: Ընդամենը հղում է արված «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ կետին, այն է՝ «մարզպետն ընդունում և ազատում է աշխատանքից իր օգնականներին»:
Հավանաբար, մարզպետը որոշել է, որ եթե ինքը ՔՊ անդամ է և հեղափոխության ալիքի վրա է իշխանության եկել, ուրեմն անպարտելի է, կարող է օրենքի հետ վարվել՝ ինչպես սիրտն է կամենում: Վարդան Ղազարյանը գիտի, որ հայեցողական պաշտոն զբաղեցնելը չի նշանակում հիմնարկի ղեկավարի ստրուկը լինել: «Հայեցողական պաշտոններ զբաղեցնողների համար էլ է աշխատանքային օրենսդրությունը գործում: Ես մի օրվա մեջ եմ ստացել ինձ աշխատանքից ազատելու կարգադրությունը, ինձ նույնիսկ ծանուցում չեն ուղարկել, որ ես փորձեմ ինձ համար այլ աշխատանք գտնել: Մյուս ամսվա սկզբում պետք է վարկ փակեմ, բայց անակնկալ դուրս եմ եկել, չգիտեմ ինչ եմ անելու»,- իրավիճակն է ներկայացնում սեռական խտրականության զոհը: Վայոց ձորի մարզպետին գրավոր հարց ուղղեցինք, թե ինչու է ազատել օգնականին և ինչու է ուզում աղջիկներով իրեն շրջապատել: Նա մեր նամակները կարդում-կարդում է և չի պատասխանում»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը