«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ամիսներ առաջ բացահայտել էր, որ ՔՊ կուսակցության պատգամավոր Տրդատ Սարգսյանը 1 օրում երկու բնակարան է ձեռք բերել, հաջորդ օրը՝ ավտոտնակ: Սա տեղի է ունեցել այն դեպքում, երբ մինչ պատգամավոր դառնալը 100 դրամով երթեւեկում էր երթուղայիններով, ոչինչ չուներ, նույնիսկ՝ կայուն աշխատանք:
Այդուհանդերձ, Վայոց ձորի մարզպետ, ապա ԱԺ ՔՊ-ական պատգամավոր դարձած Տրդատ Սարգսյանը 1 օրում 2 բնակարան է գնել: Հիփոթեքով գնելու դեպքում եւս սա խնդրահարույց է. ինչպե՞ս է մարում 2 տների, 1 ավտոտնակի եւ մյուս վարկերը, հասցնում ապրել ու շքեղություններից օգտվել: Մեր այդ հրապարակումից հետո որեւէ գործընթաց իշխանական պատգամավորի նկատմամբ չէր սկսվել, կարծես արտասովոր ոչինչ չկա, եւ միջին վիճակագրական ՀՀ քաղաքացին կարող է իրեն թույլ տալ 1 օրում՝ երկու տուն, հաջորդ օրն էլ ավտոտնակ գնել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց հետաքրքրվել Գլխավոր դատախազությունից, թե արդյոք տիկին Աննա Վարդապետյանին այս փաստը կասկածի տեղիք չի տվել: Առհասարակ, տեղա՞կ է դատախազը իշխանավորների ցոփ ու շվայտ կյանքի մանրամասներից, եւ եթե տեղյակ է, ի՞նչ է անում:
Ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման՝ դատախազությունից հայտնել են. ««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում իրականացվող ուսումնասիրություններ սկսելու հանգամանքը, դրանց հիմքերը, ընթացքի վերաբերյալ եւ դրանց արդյունքում ստացված տվյալներն ամբողջությամբ գաղտնի են եւ ենթակա են տրամադրման այլ անձանց՝ միայն ելնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի նպատակներից։ Հետեւաբար, որոշակի անձանց պատկանող գույքերի նկատմամբ ուսումնասիրության առկայության առնչությամբ տվյալներ տրամադրվել չեն կարող»։
Թե դատախազությունը, «որոշակի անձ» ասելով, ում նկատի ունի, պարզ է, բայց անհասկանալի է, թե ինչու է դատախազը ակտիվ ապօրինի ծագման գույք որոնում միայն Նիկոլ Փաշինյանին ընդդիմացողների շրջանում, այլ ոչ ամենուր, ինչպես պարտավոր է անել՝ լինելով ՀՀ գլխավոր դատախազ:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը