10 10 2024

Նիկոլի թվին այսպիսի բաները սովորական են դարձել․ «Կարճ ասած»



 

Ամերիկյան սերիալ կա, կոչվում է «Ինչպես խուսափել սպանության համար պատասխանատվությունից»։ Ֆիլմը չեմ դիտել, բայց վերնագիրը շատ խոսուն է։ Չգիտեմ ամերիկյան այդ սերիալում ոնց է, բայց Հայաստանում մարդ սպանելու և պատասխան չտալու ամենակարճ, ուղիղ ճանապարհը ՔՊ-ական դառնալն է։ Օրերս մամուլը գրեց, որ ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, Երևանում իր վարած ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որն արդյունքում մահացել է։ Պատահարի հեղինակը այդպես էլ քրեական հետապնդման չի ենթարկվել։ Այս դեպքը միամիտ էր հայտնվել լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում, բավականին ուշացած։ Թե՛ ոստիկանությունը, թե՛ քննչականը կարծես սուս ու փուս փորձել էին ծածկադմբոց անել, ենթադրում եմ՝ վերևներից եկած շատ ազդեցիկ հանձնարարությամբ։ Գործընկերներս այս առիթով անգամ հիշել են, թե ինչպես պատգամավոր եղած ժամանակ քաղաքացին արագ անցել էր հեծանվով Նիկոլայի կողքով, սա բողոքել էր, իբր ուզեցել են վրաերթ անել իրեն․ այդ մարդուն կարծեմ հենց նույն օրը ձերբակալել էին։

2023թ․ օգոստոսի 12-ին էլի Երևանում, ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանը, ամենավերջին աստիճանի հարբած վիճակում խփում է մեկ այլ ավտոմեքենայի, որի վարորդը մահանում է։ Էլի սրա մասին հայտնել էր լրագրող, քննչականից ձեն-ձուն յդպես էլ չլսվեց։ Ավելորդ է ասելը, որ ոչ մի պատիժ չկրեց նախկին քննիչ Մուշեղյանը։ Ինչո՞ւ, դուք դեռ հարցնու՞մ եք։

Որովհետև այս նույն Մուշեղյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հակասահմանադրական գործի կարողներից մեկը, ղեկավարել է քննչական խումբը, կայացրել այնուհետ դատարանում պնդել, որ պարտադիր նախկին նախագահն կալանքի տակ մնա։

2022թ․ ապրիլի 16-ին Երևանում, Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում, Նիկոլ Փաշինյանի շարասյունը սպանեց 29-ամյա հղի Սոնա Մնացականյանին։ Վարորդը ազատվեց քրեական պատասխանատվությունից։ Աղջկա հայրն ասում է՝ գործով առկա ապացույցներ են ոչնչացվել։ Ասում է՝ «եթե վրաերթի ենթարկված անձի անունը լիներ ոչ թե Սոնա Մնացականի Մնացականյան, այլ Մարիամ Նիկոլի Փաշինյան, իհարկե, ոչ ոքի նման դժբախտություն չեմ ցանկանում, արդյոք վարորդը կլինե՞ր ազատության մեջ… Եվ դա այն մարդը, որին ես երկու անգամ ընտրել եմ, խոստումներ էր տալիս՝ մեղավորը կպատժվի»։

Այսինքն մի հատ պետք է ՔՊ-ական իշխանավորները ամեն օր իրենց երթևեկության քարտեզը հրապարակեն, որ քաղաքացին իմանա փողոց դուրս գա, թե ոչ, որովհետև կարող է վրաերթի ենթարկվի, մահանա ու դրանք պատիժ չկրեն։ ՔՊ-ական ես, իշխանության անդամ ես, Նիկոլի աջակից ես, Նիկոլի համար ես անում, արա ինչ ուզում ես․ մա՞րդ ես սպանում, ոչինչ, մեկ է՝ մի օր պետք է մահանար։

2019 թվականի սեպտեմբերի 18-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում դաժան ծեծի հետևանքով կոմայի մեջ ընկավ փոխգնդապետ Արա Մխիթարյանը, 4 տարի անց մահացավ։ ՔՊ-ական մարզպետ, այժմ պատգամավոր Տրդատ Սարգսյանի անունն էին տալիս։ Անազատության մեջ մարդ չկա։ Ընդհակառակը, քրեական գործ հարուցվեց նրանց դեմ, ովքեր Տրդատի անունն էին տվել։ 

Այսօր ԱԱԾ ծառայողները մտել են Ջոն Կիրակոսյանի անվան դպրոց ու բիրտ ուժի գործադրմամբ, երեխաների աչքի առաջ ձերբակալել են ֆիզիկայի ուսուցչի։ Որոշ, սակավ մանրամասներից հասկանում ենք, որ ուսուցչին մեղսագրվող հանցանքը անառակաբարո արարք կատարելն է, ենթադրվում է՝ անչափահասի նկատմամբ։ Ասում են այդ ուսուցիչը համ էլ ինչ-որ գրքերի հեղինակ է։ Շատ չխորանամ, շուտով կիմանանք ինչ էր, ոնց էր։ Բայց մի բան է միանգամից մտքովս անցնում, որ եթե այդ մարդը իրոք այդ արարքները կատարել է, և եթե պարզվի ՔՊ անդամ է, մոլի աջակից, երեխաներին դասերի ժամանակ կոչ է անում մոռանալ Արցախի մասին, սիրել թուրքերին և Նիկոլին, գուցե Հրաչ Մուշեղյանի նման գնա իր կյանքով ապրի։

Հայաստանի դատախազությունը, ոստիկանությունը, քննչական կոմիտեն, հակակոռուպցիոնը և ընդհանրապես, պետական իրավական համակարգը խուլ ու համր է իշխանականների հանցագործություների նկատմամբ։ Հանցագործությունը ամենայն մանրամասներով մամուլը հրապարակում է, ոչ մի շարժ։ Ասում են՝ Արփի Դավոյանը կարող է դառնա արդարադատության նախարար։ Նիկոլը իր նախարարներին էդպես է ընտրում՝ ոչ թե մասնագիտական որակով, այլ ինչի է պատրաստ հանուն իրեն։ Աննա Վարդապետյանը, Արգիշտի Քյարամյանը, նրանցից առաջ Արթուր Դավթյանը և այլոք, անունները հայտնի են, պատրաստ են չտեսնելու տալ ՔՊ-ականների ցանկացած հանցագործություն, պատրաստ են աշխատել ոչ թե որպես իրավաբան, այլ՝ Նիկոլի աջակից։ Բերետները քաղաքացուն սամասուդ արեցին, քննչականը չի կարողանում տեսանյութերը նայելով՝ պարզել ովքեր են, բայց որ մի հատ ֆեյք էջով մի ՔՊ-ական իշխանավորի և հատկապես՝ Նիկոլին հայհոյում են, այ դա արագ պարզվում է, բացահայտվում է։ Ատելության խոսքի վերաբերյալ քրեական գործերի 90 տոկոսից ավելին Նիկոլի մասին հայհոյանքների փաստով է։

Մայիսի 24-ին քննչական կոմիտեն հայտնեց, թե Երևանի 35-ամյամի բնակչուհի հակաիշխանական հայացքներ ունենալով, գրել է, որ հնարավոր իշխանափոխությունից հետո բազմաթիվ անձանց պետք է ծեծել, վտարել, ՀՀ անձնագրից զրկել և այլն։ Բռնեցին, խափանման միջոցի տակ դրեցին, թե՝ բռնության կոչ, ատելություն ես տարածել և այլն։ Դրանից 20 օր անց ոստիկանությունը ջարդեց քաղաքացիներին, նիկոլենք ամբողջ թիմով ԱԺ ամբիոնից ասացին լավ են արել, կոչ արեցին շարունակել քաղաքացիներին ջարդել, ոչ մի քրեական գործ։

Ամբողջ աշխարհում չես գտնի երկակի ստանդարտների այնպիսի աղաղակող փաստեր, որքան Հայաստանում է։

40 ոստիկան (ամոթ էլ է իրենց ոստիկան ասելը) ծեծում են պատգամավորին, պատժել չկա, բայց որ քաղաքացին ոստիկանի ձեռքը հրում է, կալանավորում են։ Իրոք, ոստիկանը ձեռքը պարզում է, որ քաղաքացուն խփի, քաղաքացին ձեռքը հետ է բրդում, որ չխփի, քաղաքացուն կալանավորում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով։

ԱԱԾ ու ՀՔԾ տնօրենները քննարկում են, որ Քոչարյանին դատարանը ուզած-չուզած կալանք տա, քրգործը հարուցվում է ոչ դե այդ փաստով, այլ՝ թե ով է գաղտնալսել, բայց Նիկոլի կայքում շինծու գաղտնալսում է հրապարակվում, քրգործը այս դեպքում հարուցում են ոչ թե գաղտնալսողների դեմ, այլ՝ ձայնագրության մեջի մարդկանց։ Բա։

Բագրատ սրբազանի սենյակում փորձում են ժուչոկ տեղադրել, քրեական գործը ոչ թե այդ փաստով է հարուցվում, այլ՝ ժուչոկ դնողներին հայհոյելու։

Աննա Հակոբյանի ներկայությամբ ասում են «Նիկոլ դավաճան», քրեական գործ են հարուցում, թե՝ հոգեբանական ճնշում եք գործադրել, բայց ընդդիմադիրին իր երեխայի ներկայությամբ, երեխայի լացի ու աղաղկի տակ թևերը ոլորում-կալանավորում են, դա նորմալ է։

Լևոն Երանոսյանը քաղաքացիների վրա 6 հատ նռնակ է նետում, 4 տարվա ազատազրկում են տալիս պայմանական, Արամ Հովհաննիսյանը քաղաքացիների վրա 30 հատ նույն նռնակի թազա մոդելից է նետում, ազատ ֆռֆռում է, ոչ մի քրգործ։ Ինչո՞ւ են Լևոն Երանոսյանին դատում, որովհետև իր օրոք Նիկոլն էր ակցիա անում, ինչո՞ւ չեն դատում Արամ Հովհաննիսյանին, որովհետև սա էլ նռնակները հանուն Նիկոլի է նետել, որ Նիկոլը կարողանա ԱԺ-ից ճողոպրել։ Նիկոլի օմբուդսմենն ասում  է՝ ես գիտեմ հունիսի 12-ին ինչ հատուկ միջոց են կիրառել ժողովրդի վրա բայց չեմ ասի։ Է հեչ էլ ասես, մեկ ա քեզ ո՛չ լսող կա, ո՛չ հավատացող։

240 մլն դրամ հափշտակում են էկոնոմիկայի նախարարը, տեղակալը, ԱԺ նախագահի հարսը, մի երկու օր ձևական բռնում են ու բաց թողնում, ասում են՝ գործուն զղջաց, դատավորին էլ ԱԺ նախագահը ծաղիկներ է ուղարկում որպես շնորհակալություն, բայց որ մի գյուղապետ 10 տարի պաշտոնավարման ընթացքում 1 մլն դրամ է յուրացնում, կալանավորում են։

Նիկոլի կիսատ դուխին գողացողին բռնում են երկու ժամում, բայց մեր մեքենաներից որ համատարած թալան է, դիմում ես ոստիկանություն, ասում են ինչ լինում ա ժեշտին լինի, համակերպվեք կորստի հետ։

Էսքան խոսում ենք անարդյունավետ ծախսերի մասին, խոսում ենք ՔՊ-ի կոռուպցիոն դրամահավաքների մասին, փողերի լվացման մասին, թալանի ու թալանի մասին, ազգուտակով սաղ ոլորտները սեփականաշնորհելու մասին, դատախազությունը գոյություն չունի։

Կարճ ասած, այո ժողովուրդ, սա Նիկոլի թիվն է ու հնրավոր է ամեն բան։ Բա մեր երկրում կոռուցիան ո՞նց է աճել, ո՞նց են քպ-ականները թաղված կոռուպցիայի մեջ, որովհետև, կրկնում եմ, իրավապահ համակարգը խուլ է ու համր։ Էնքան հազվադեպ են դատվում, որ ամեն դատվելուց մտածում ենք՝ Նիկոլի հետ չի կարողացել բարիշել, պակաս է մուծվել։ Ընդ որում, ՔՊ-ականների հանցագործությունների նկատմամբ անտարբեր լինելը վերաբերում է ամեն ինչին՝ կլինի մանր գողություն, ժուլիկություն, մարդասպանություն, թե երկիր ծախել, հանձնել, նվիրել կամ մահվան տանել 5 հազարին։ Սրանք պլստում են ամեն ինչից, քանի դեռ իշխանության են։ Ես էլ հարցնում եմ՝ բա հետո՞, հետո ի՞նչ եք անելու․․․

 

Սևակ Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ