12  06  2019

Ո՞րն է հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը․ «168 Ժամ»

Ո՞րն է հայ-ռուսական հարաբերությունների գլխավոր խնդիրը․ «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է․ «Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների գլխավոր խոչընդոտը, կարծում եմ, հայտնի է բոլորին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած Փաշինյան-Պուտին բանակցությունների արդյունքներին։

Նա ընդհանուր առմամբ դրական է գնահատում Փաշինյան-Պուտին հանդիպման արդյունքները, սակայն ցանկանում է ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որը, ըստ նրա՝ նույնիսկ նկատել են այնպիսի լրատվամիջոցներ, որոնք ծառայում են Նիկոլ Փաշինյանի արարողակարգին, և Բուլղարիայի նախագահի ելույթին հաջորդած Նիկոլ Փաշինյանի  ելույթից հետո նույնիսկ ստիպված եղան ասել, որ տնտեսական ֆորումի ընթացքում դատական վատ համակարգի մասին ելույթը բավարար չէ, և, որ ակնկալվում էր, պետք էր, որպեսզի երկրի առաջին դեմքը պատմեր այն մասին, թե  ինչ տնտեսական պրոյեկտներ են սպասվում ներդրողներին Հայաստանում։

Նրա գնահատմամբ՝ մեկ տարուց ավելի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, և տնտեսական պրոյեկտներ չկան, դրանք չկան նույնիսկ թղթի վրա, և դա այս կառավարության գլխավոր թերությունն է։

«Ես կարծում եմ, որ մեկ տարին բավարար էր, որպեսզի գոնե գաղափարները հրապարակվեին։ Տնտեսական ֆորումի ընթացքում չներկայացվեցին տնտեսական պրոյեկտներ, ինչը խոսում է այն մասին, որ դրանք չկան։ Կարելի է արդարացիորեն հպարտանալ նրանով, որ 20 հազար մարդ մեկ տարվա ընթացքում վերադարձել է Հայաստան, բայց դա անպատասխանատու ուրախություն է, քանի որ բավարար չէ պարզապես վերադառնալ, այդ մարդիկ պետք է վաստակեն, ուստի պետք է աշխատատեղեր ստեղծվեն, իսկ ի՞նչ աշխատատեղեր են ստեղծվել այս տարվա ընթացքում»,- նկատեց Կոլերովը։

Անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ Կոլերովն ասաց․

«Տնտեսական հեղափոխություն արեք, բայց մարդկանց, ովքեր վերադառնում են Հայաստան, հարկավոր են աշխատատեղեր, նրանք պետք է գումար վաստակեն, հեղափոխությունը  հիանալի է, դրոշակներով գնացինք այս ու այն կողմ, վերադարձանք տուն, հաց չկա։ Ի՞նչ այլ կարծիք կարող է լինել այստեղ։ Սա համար մեկ խնդիրն է Փաշինյանի կառավարության համար։ Ի՞նչ անել տնտեսական զարգացման հետ, ի՞նչ պրոյեկտներ, ի՞նչ աշխատատեղեր ստեղծել»։

Խոսելով հայ-ռուսական բարձր մակարդակի գազային բանակցությունների մասին՝ Կոլերովը նշեց, որ գազը, ի տարբերություն նավթի՝ բորսային ապրանք չէ, բայց գազի գները կրում են տարածաշրջանային բնույթ, ուստի, բնականաբար, քաղաքական գործոնը մեծ է։ Բացի դրանից, նրա խոսքով՝ կա այնպիսի գործիք, ինչպիսին զեղչն է։

«Վերջերս «Գազպրոմն» ուկրաինական քաղաքական գործիչների հետ խոսելիս կրկին հաստատեց, որ պատրաստ է զեղչ տրամադրել։ Այնպես որ, իհարկե, գազի գներն արտահայտում են ընդհանուր տնտեսական և քաղաքական մթնոլորտը, դա թաքցնելն անիմաստ է։ Հարցը միայն մեկն է՝ պարզել «Գազպրոմ Արմենիայի» կառավարման  կառուցվածքը և այն, թե կարո՞ղ է արդյոք «Գազպրոմն» ուղիղ կերպով կառավարել այդ կազմակերպությունը, թե՞ պետք է ինչ-որ մեկի հետ պայմանավորվել, ով հանդիսանում է  հավելյալ շահառու։ Բայց ես կարծում եմ, որ ՀՀ կառավարությունն ինքը պետք է այս հարցը լուծի։ Սա սպառողական ոլորտ է, սպառում է, ծախսեր են, իսկ շահույթները որտե՞ղ են, աշխատատեղերը և շահույթները որտե՞ղ են։ Սկզբից գործում էր Սահակաշվիլու գաղափարը՝  բոլորին ունեզրկել, տուգանել։ Իսկ հետո պարզվում է, որ Սահակաշվիլիի տուգանքները հրապուրիչ են, բայց տնտեսական խնդիր չեն լուծում»,- ասաց Կոլերովը։

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերի առաջարկած գազային բանակցային ֆորմատն իրականացվի նաև Հայաստանի դեպքում, Կոլերովն արձագանքեց՝ ասելով, որ հարցն այն է, որ բանակցություն վարել կարելի է նույնիսկ «ամսագրի նկարի հետ», բայց դա արդյունք չի տա։

«Կարելի է  բանակցություններ վարել ուկրաինական ընդդիմության հետ, բայց դրանք ապարդյուն կլինեն, քանի որ ընդդիմությունը չի ղեկավարում Ուկրաինայի նավթագազային ոլորտը»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ալեքսեյ Միլլերն ասել էր, որ «Գազպրոմը» կարող է բանակցել ուկրաինական ընդդիմության հետ։

Հարցին, թե ո՞րն է ներկայումս գլխավոր քաղաքական խնդիրը հայ-ռուսական հարաբերություններում, Մոդեստ Կոլերովը պատասխանեց, որ գլխավոր քաղաքական խնդիրը հայտնի է՝ քաղաքական մոտիվացված արդարադատություն։ «Սկզբում սկսեցին Քոչարյանին նստեցնել մտացածին մեղադրանքով, հետո հասկացան, որ նախ պետք էր անցումային արդարադատություն իրականացնել, իսկ անցումային արդարադատությունը բոլշևիկյան արտակարգ կոմիտեն է, ուզես այստեղ արդարադատություն անել՝ կանես, ոչ՝ ոչ։ Խաղի կայուն կանոնների բացակայությունը հարմար է հեղափոխական իշխանությանը։ Նա իր դիկտատուրան է իրականացնելու այս արդարադատության միջոցով։ Սա է գլխավոր քաղաքական խոչընդոտը»,- իր տեսակետը հայտնեց Կոլերովը։

Սակայն, ըստ նրա՝ դժվար է կանխատեսել, թե ինչպիսի համաձայնության կգան կողմերը, քանի որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործացությունը շարունակվում է, ուստի չենք կարող իմանալ, թե այս հարցում ինչ կլինի։

«Զգացողություն ունեմ, որ այն, ինչ ՌԴ-ն անում է՝ գործընկերության ոգուց ելնելով, իսկ Հայաստանն ընկալում է, որ Ռուսաստանը պարտք է, դա ինձ դուր չի գալիս։ Ռուսաստանը չպե՛տք է։ Ավելին՝ ինձ թվում է, որ երբ պատրաստ լինի Գյումրիի օդանավակայանը, ապա Գյումրիում ռուսական ռազմաբազան խանգարելու է ինքնաթիռներին թռիչքներ անել»,- ասաց նա»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ