«Հրապարակ»-ը գրում է․ «Արդեն դասական դարձած՝ սև ու սպիտակի մասին արտահայտության հեղինակ, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ինչպես հայտնի է, չի սիրում սևերին և սև գույնը: Բայց, կարծես թե, այս ատելությունը նրա մոտ վերածվել է սևեռուն գաղափարի: Հյուսիսային պողոտայում տեղակայված բրենդային խանութների ու սրճարանների տերերից մեկից տեղեկացանք, որ Կենտրոնի թաղապետարանի արտաքին գովազդի բաժնի աշխատակիցներն օրերս այցելել են պողոտա և պահանջել վերացնել բոլոր այն ցուցանակները, որոնց հետնապատկերը՝ ֆոնը, սև գույնի է: Հրահանգել են նոր գույն ընտրել, ասենք՝ կարմիր կամ դեղին:
Ըստ որում, երբ նրանց բացատրել են, որ վարձակալողները ենթարկվում են ֆրենչայզինգի (բիզնես հարաբերություններ՝ անկախ ընկերությունների ու ֆիզիկական անձանց միջև, որի դեպքում ֆրենչայզերը մյուս կողմին տալիս է իր բրենդի ոճը, վարկի օգտագործման իրավունքը՝ առանց դիզայնում որևէ կետ, ստորակետ փոխելու իրավունքի՝ որոշակի վճարի՝ ռոյալթիի դիմաց), Կենտրոնի թաղապետարանում շարունակել են պնդել իրենց պահանջը:
Մենք այցելեցինք Հյուսիսային պողոտա և զրուցեցինք այնտեղ տեղակայված Emporio Armani, Massimo Dutti, Milano, «Բուրմունք» և այլ խանութների և «Բուրգեր» սրճարանի աշխատակիցների՝ մենեջերների ու տնօրենների հետ, որոնցից միայն մեկն ուղղակի նշեց, որ՝ այո, գովազդի հետ կապված խնդիր ունեն, իսկ մյուսներն իրենց պատասխաններով անուղղակի հաստատեցին, բայց հրաժարվեցին ավելի մանրամասն խոսել»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը