«Ժողովուրդ»-ը գրում է․ «2016թ. Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Հայաստանը մոտ 700 դիմում ներկայացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ վայրագությունների, խոշտանգումների, մասնավոր սեփականության իրավունքի ոտնահարման վերաբերյալ:
Եվ ահա, «Ժողովուրդ» օրաթերթին Ստրասբուրգից տեղեկություններ հասան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առնչությամբ ներկայացված դիմումներից մի քանիսի մասով մերժման որոշումներ է հրապարակել: Մասնավորապես, խոսքը վերաբերում է Հայաստանի ներկայացրած «Խուդունցը՝ ընդդեմ Ադրբեջանի» բողոքին: Եվրոպական դատարանը դիմումատուների ներկայացրած բողոքները ճանաչել է անընդունելի: Ուշագրավն այն է, որ անընդունելի է համարվել կամ մերժվել է կոնկրետ հայցը այն պատճառով, որ դիմումատուն՝ մենք, չենք կարողացել հիմնավորել մեր պահանջը և փաստերով ապացուցել:
Իսկ ովքե՞ր են այն հայցերի հեղինակները, նրանց թվում են Արա Ղազարյանը, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Մարեն Մելիքյանը, Արտակ Զեյնալյանը, որն այժմ ՀՀ արդարադատության նախարարն է, փաստաբաններ, իրավապաշտպաններ: Բացի նրանցից, կատարվածում առանցքային դերակատարություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Արտակ Գասպարյանը, որը պետք է ամեն գնով մեր շահերն առաջ մղի: Ինչո՞ւ պարտվեցինք Եվրադատարանում, ինչո՞ւ չենք կարողացել հիմնավորել մեր հայցերը:«Ժողովուրդ» օրաթերթի այս հարցերին հայցերի համահեղինակ, այսօր արդեն ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը այսպես պատասխանեց. «Այդքան պարզունակ չէ. ասել՝ մերժել է այդ հայցը: Այն չի ընդունել քննության: Ընդունելության փուլում լուծել է այդ հարցը և տվել է իրավական դիրքորոշումներ, գնահատականներ»:
Բա եթե ապրիլյան ակնհայտ ագրեսիան չեք կարողանում միջազգային ատյաններում հիմնավորել, մեր երկրի ներսում ինչպես պիտի արդարադատության մթնոլորտ ապահովեք:
Մեր այս հարցին, Զեյնալյանը պատասխանեց, թե «շատ կոպիտ եք»: Դե իհարկե, որովհետև ՄԻԵԴ-ում այս պարտությունը բոլորինս է, սրանք սոսկ մասնավոր գանգատներ չեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը