26 06 2024

Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում

Հայաստանի դեմ հերթական ընկերությունն է հայց ներկայացնում

«Վոլնըրթ»-ը Հայաստանի դեմ 1,2 միլիարդ դոլարի հայց է ներկայացրել․ ընկերության ներդրումը ԶՊՄԿ-ում խաթարվել է Կառավարության քաղաքական արշավի պատճառով, որի նպատակը կոմբինատում զգալի բաժնեմաս ձեռք բերելն էր:

«Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակը տարածել է իր վստահորդի՝ «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության մամուլի հաղորդագրությունը:

«2024 թվականի հունիսի 21-ին Համաշխարհային բանկի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի (ICSID) Գլխավոր Քարտուղարը գրանցել է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթիդ» ընկերության (Վոլնըրթ) արբիտրաժային հայցը Հայաստանի Հանրապետության դեմ, որը ներկայացվել էր 2024 թվականի հունիսի 3-ին և փոխանցվել էր Վարչապետի աշխատակազմին, Արտաքին գործերի նախարարությանը, Ֆինանսների նախարարությանը և Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցչին։

Վոլնըրթի արբիտրաժային հայցը հետևել է 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Կառավարությանը ներկայացված և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հասցեագրված վեճի մասին ծանուցմանը: Կառավարությունը ծանուցվել էր 1998 թվականի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Կիպրոսի Հանրապետության Կառավարության միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրով իր կողմից ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների մասին։

Վոլնըրթի ներդրումը Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերությունում՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում (ԶՊՄԿ), խաթարվել է Կառավարության կողմից քաղաքական դրդապատճառներով իրականացված արշավի հետևանքով, որը նպատակ է հետապնդել ԶՊՄԿ-ում զգալի բաժնեմաս ձեռք բերելու: Մասնավորապես, Կառավարությունը թույլ չի տվել Վոլնըրթին իրականացնել ԶՊՄԿ-ում իր օրինական բաժնետիրական իրավունքները, ինչը հանգեցրել է առնվազն 1,2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վնասների (փորձագիտական գնահատման արդյունքում վնասի չափը կարող է զգալի ավելանալ)։

Չնայած վեճի մասին ծանուցումից ի վեր Վոլնըրթի ցուցաբերած բարեխիղճ ջանքերին՝ բանակցություններ վարելու այս հարցերի լուծման համար, Հայաստանի կառավարությունը նախընտրեց ընդհանրապես չհամագործակցել Վոլնըրթի հետ: Ընդհակառակը, կառավարությունը սրեց վեճը՝ աջակցելով Վոլնըրթի հայաստանյան դուստր ընկերությունների վրա հարձակումները («Մուն Մեթալս» ՓԲԸ և «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ):

Վոլնըրթի ղեկավարությունը, իր բաժնետերերի և խմբի ընկերությունների հետ միասին, առաջնահերթ է համարում  այս վեճի վրա ուշադրություն կենտրոնացնելը՝ ընկերության իրավունքները պաշտպանելու և արժեքները պահպանելու համար: Վոլնըրթը ICSID-ի վարույթում ներկայացված է բարձրակարգ իրավաբանների թիմով և գործով ներգրավել է միջազգային մակարդակի խորհրդատուների և փորձագետների: Թեև հիասթափեցնող է, որ Հայաստանի Կառավարությունը ընտրել է անհարկի դատավարական ճանապարհը, Վոլնըրթը պատրաստ է հետամուտ լինել իր պահանջներին մինչև վերջ թե՛ ICSID-ում և թե՛ դրանից դուրս»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ