«168 Ժամ»-ը գրում է․ «Վիճակագրական տվյալների համաձայն՝ գնաճը Հայաստանում իսկապես ավելի ցածր է, քան միջին աշխատավարձի ավելացումը։ Բայց բոլորն են հասկանում, որ դա այն իրական պատկերը չէ, որը կա։ Գաղտնիք չէ, որ, ինչպես սովորաբար լինում է, թանկանում են հիմնականում առաջին անհրաժեշտության ապրանքները, որոնք կազմում են սպառողական զամբյուղի հիմնական մասը։
Ակնհայտ է, որ չնայած ձևավորված սպասումներին, այնուհանդերձ հեղափոխության արդյունքները թե՛ տնտեսության, և թե՛ սոցիալական ոլորտում գրեթե տեսանելի չեն։ Մի կողմից՝ չկան խոստացված նոր աշխատատեղերը, մյուս կողմից՝ նկատելի չէ աշխատավարձերի քիչ թե շատ առարկայական բարձրացում, որին հասարակությունը սպասում էր դեռևս իշխանափոխության նախօրյակին։
Հույսերը, որ եկամտային հարկի բեռի սպասվող նվազեցումը, թեկուզ ոչ մեծ, բայց որոշ չափով կփոխարինի սոցիալապես անապահով խավերի աշխատավարձի ակնկալվող ավելացմանը, ևս չեն իրականանում։ Ընդհակառակը՝ սոցիալական այս խմբի եկամուտները եկամտային հարկի սպասվող փոփոխությունից հետո նույնիսկ կնվազեն՝ պայմանավորված կուտակային կենսաթոշակային վճարների նախկին 50։50 տոկոս հարաբերակցության անցումով։ Հիշեցնենք, որ ներկայումս այն 75։25 տոկոս է։
Ժամանակին տպավորություն էր ստեղծվել, թե իշխանափոխությունից հետո սպառողական ապրանքների գները, որոնք մենաշնորհների պատճառով իբր արհեստականորեն բարձր են, արագորեն նվազելու են։ Եթե հավատանք կառավարությանը, ապա մենաշնորհներ Հայաստանում այլևս չկան, բայց ապրանքները չեն էժանանում, բացառությամբ մեկ-երկուսի։ Ընդհակառակը՝ առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում թանկացումների ալիքը գնալով ընդլայնվում է։
Որ թանկացումներն անխուսափելի են և տնտեսագիտորեն արդարացված, հասկանալի է։ Սակայն դա պետք է ուղեկցվի մարդկանց եկամուտների առնվազն համարժեք ավելացմամբ, որպեսզի ազդեցությունը հասարակության սոցիալական կյանքում հնարավորինս մեղմ լինի։
Իրականում ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում։ Մինչ հասարակության հիմնական խմբերին չի սպառնում աշխատավարձերի և մյուս սոցիալական վճարների, այդ թվում՝ կենսաթոշակների և նպաստների բարձրացում, առաջիկայում սպասվում է թանկացումների նոր ալիք։ Պետական միջոցների ծախսերի նախատեսված սցենարը հիմք է տալիս ասելու, որ կառավարությունը հակված չէ ցածր եկամուտներ ունեցող սոցիալական բազմաթիվ խմբերի համար թուլացնել թանկացումների ազդեցությունը։
Ներմուծման բարձրացած մաքսատուրքերի տակ են հայտնվել առաջին անհրաժեշտության և սոցիալական նշանակություն ունեցող բազմաթիվ այնպիսի ապրանքներ, ինչպիսին են, ասենք՝ մսամթերքը, թռչնամիսը, կարագը, բուսական և կենդանական յուղերը, հացահատիկը, կենդանական կերերը, պարարտանյութերը, գյուղատնտեսական տեխնիկան և այլն։ Առանձին դեպքերում մաքսատուրքի աճը բավական մեծ է։
Կարագի, բուսական և կենդանակ յուղերի մաքսատուրքերը կհասնեն 13 տոկոսի։ Կթանկանա նաև դեղորայքը, թեև համեմատած հարևան որոշ երկրների, այն առանց այդ էլ շատ թանկ է։ Պատահական չէ, որ մարդիկ նախընտրում են սեփական օգտագործման նպատակով դեղեր ձեռք բերել Վրաստանում, քան թե Հայաստանում։
Որքան էլ այս իրավիճակը դուրս է որևէ տրամաբանությունից՝ խնդրին լուծում չի տրվում։ Դրա համար նախորդ իշխանությունները բազմիցս քննադատվել են գործողների կողմից։ Սակայն այսօր վերջիններս ոչինչ չեն անում այդ իրավիճակից դուրս գալու համար։ Այժմ արդեն իշխանությանը հետաքրքրում է ոչ այնքան դեղերի թանկությունը, որքան բյուջեի եկամուտները։
Սպառողական շուկայում գնաճային ճնշումը կխորանա նաև Հարկային օրենսգրքի այն փոփոխությունների հետևանքով, որոնք առաջարկում է կառավարությունը։ Թեև այդ մասին շատ չի խոսվում, այնուհանդերձ թանկացումներն անխուսափելի կլինեն՝ պայմանավորված ակցիզային հարկի բեռի ավելացմամբ։ Ժամանակին պայքարելով այդ հարկատեսակի ծանրացման դեմ, այժմ քաղաքական իշխանության պատասխանատվությունը ստանձնած ուժը պատրաստվում է շատ ավելի ակտիվորեն ավելացնել հարկի բեռը, որի հետևանքով սպասվում է մի շարք ապրանքների, այդ թվում՝ ծխախոտի և խմիչքների գների զգալի բարձրացում։ Ոչինչ, որ այն վնասում է հայրենական արտադրության մրցունակությանը և ոչ մի կերպ չի տեղավորվում տեղական արտադրության և արտահանման խթանման քաղաքականության տրամաբանության մեջ»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը