29 11 2018

Ո՞ւմ «շունն» է միակը և ճիշտը․ «Առավոտ»

Ո՞ւմ «շունն» է միակը և ճիշտը․ «Առավոտ»

«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է․ «Ինչպես հայտնի է, Հայաստանում շատ դժվար է բանավեճեր կազմակերպել: Պատգամավորների թեկնածուները խիստ քմահաճ են այդ հարցում: Եթե մեկը կուսակցական ցուցակում, ասենք, 7-րդն է, ապա նա իր արժանապատվությունից ցածր է համարում բանավիճել այլ ցուցակում, ենթադրենք, 11-րդի հետ: Բերվում են նաեւ հետեւյալ փաստարկները՝ «նա ո՞վ դառավ, որ ես նրա հետ բանավիճեմ», «նա իմ տրամաչափի քաղաքական գործիչ չէ» եւ այլն:

Արտասահմանից եկած հյուրերիցս մեկը վերջերս հետաքրքրվեց, թե ինչու է այդպես ստացվում: Չգիտեմ, թե որքանով կարողացա միտքս հասցնել անգլերեն, բայց հիմա մայրենի լեզվով փորձեմ հայտնել իմ նկատառումները եւ սկսեմ նրանից, թե ինչու ես՝ որպես կողմ, երբեք չեմ մասնակցել եւ չեմ մասնակցելու որեւէ բանավեճի: Դրա համար կան երեք պատճառներ:

Առաջինը՝ մասնագիտական. եթե ուզում ես լուսաբանել որեւէ ընտրարշավ, դու չես կարող որեւէ պարագայում հանդես գալ որպես կողմ՝ դա ստվեր է նետում քո լուսաբանումների վրա: Բայց եթե անգամ այդ մասնագիտական սահմանափակումը չլիներ, ես դարձյալ չէի մասնակցի բանավեճերի զուտ գործնական պատճառով՝ ես կպարտվեմ ցանկացած դեբատում, որովհետեւ դա «կավեէնի» կամ «ռեփերների» մրցույթի նման մի բան է՝ պետք է ունենալ արագ կողմնորոշվելու հմտություն եւ երբեք չմնալ դիմացինի «լեզվի տակ»: «Խոսքակոխ» անելու հիման վրա հանդիսատեսներն ասում են, որ այսինչը «հուժկու պատասխան» տվեց այնինչին, ջախջախեց կամ, ֆեյսբուքյան լեզվով ասած, «ցխեց» նրան: Իսկ ես ոչ մեկին «ցխելու» ո՛չ ունակություն ունեմ, ոչ էլ ցանկություն:

Վերջապես՝ կա երրորդ պատճառը, որը, կարելի է ասել, փիլիսոփայական է. ես ամենեւին վստահ չեմ, որ իմ կարծիքն ավելի արժեքավոր է, քան 7 միլիարդանոց մարդկության որեւէ ներկայացուցչի տեսակետը: Ընկալումների տարբերությունը հսկայական է՝ որքան մարդ, այդքան ընկալում: Օրինակ՝ երբ ես ասում եմ «շուն», ես նկատի ունեմ իմ պատկերացրած շանը, մնացած 7 միլիարդից յուրաքանչյուրն իր իմացած շանն է պատկերացնում, եւ այդ կենդանիներն իրենց արտաքին տեսքով ու բնավորությամբ չափազանց տարբեր են: Ո՞ր մեկիս պատկերացրածն է «ճիշտ շունը»՝ անիմաստ է վիճել:

Եվ այստեղ մենք մոտենում ենք իմ արտասահմանցի զրուցակցի հարցի պատասխանին: Ես չեմ մասնակցում բանավեճերի, որովհետեւ իմ տեսակետը հարաբերական եմ համարում, պատգամավորության թեկնածուները չեն մասնակցում, որովհետեւ բացարձակացնում են իրենց տեսակետները: Նրանք խիստ վիրավորվում են եւ նեղսրտում, երբ որեւէ մեկն իր մտքում ունի բացարձակապես այլ՝ իրենց պատկերացրածին ոչ նման «շներ»: Ինչպես տեսնում ենք, այս հարցում էլ ծայրահեղությունները համընկնում են»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ