«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Օրերս Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-հոկտեմբերի ցուցանիշները, ըստ որոնց տնտեսական ակտիվության աճը շարունակել է նվազել եւ հասել է 6 տոկոսի՝ տարվա առաջին եռամսյակի 10,6 տոկոսի փոխարեն։ Սա թերեւս արտառոց չէ եւ արտացոլում է մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացները, որոնք էլ, բնականաբար, իրենց ազդեցություն են գործում տնտեսական կացության վրա։ Վարչապետի պաշտոնակատարը, սակայն, իր տարերքի մեջ է։ Նա լավատեսական ելույթներ է ունենում եւ պատրաստվում երթ կազմակերպել Երեւանում՝ տպավորություն ստեղծելով, որ իր կառավարման վեց ամիսների ընթացքում տնտեսության աղետալի նահանջն իր հետ կապ չունի։
Մինչդեռ վարչապետի պաշտոնում գտնվելու վեց ամիսների ընթացքում Նիկոլ Փաշինյանը աննախադեպ ճնշումներ գործադրեց ներդրողների, տեղական եւ արտաքին կապիտալով ընկերությունների նկատմամբ, կոպիտ սխալ թույլ տվեց գյուղատնտեսությունում՝ օգոստոսին թույլ չտալով ջրառ կատարել Սեւանից, որի հետեւանքով բարենպաստ գյուղատնտեսական տարին դարձավ անբարենպաստ, գյուղմթերքի մեծ կորուստներ ունեցանք եւ բարձր գնաճ, կասեցվեց Ամուլսարի 370 մլն դոլարանոց ծրագիրը, փակվեց Ալավերդու պղնձաձուլական կոմբինատը, կտրուկ նվազեցին շինարարության ծավալները։
Այս ամենի մասին գործարարների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը իհարկե չխոսեց։ Հակառակ դրան, դարձյալ ամեն ինչ գլխիվայր ներկայացնելով, փորձեց տպավորություն ստեղծել, թե տնտեսության մեջ «առողջացման պրոցեսներ» են կատարվում, որոնք, «կանխատեսած եւ բարձրաձայնած են»։
Նախ՝ հիշեցնենք վարչապետի պաշտոնակատարին, որ ընդամենը երկու ամիս առաջ ինքը խոսում էր «տնտեսական թռիչքի համար թափ հավաքելու» մասին, հիմա՝ առողջացման մասին։ Երեւի թռիչքի թափն այնքան ուժեղ է եղել, որ տնտեսությունը շնչահեղձ է եղել եւ հիմա պետք է առողջանա։
Պակաս ծիծաղելի չեն «կանխատեսած եւ բարձրաձայնած» առողջացման՝ եթե կարելի է ասել, «հիմնավորումները»։ Դարձյալ 10 ամիսների ընդհանուր պատկերի մասին ոչ մի ծպտուն։ Փոխարենը՝ սեպտեմբերին 0,1 տոկոս տնտեսական անկման մասին խոսելով՝ Փաշինյանը գոհունակությամբ նշում է, որ հոկտեմբերին 3 տոկոս աճ է եղել. «Այսինքն՝ ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ այն պայմաններում, երբ երկրի ավանդական ոլորտները երկնիշ անկում են արձանագրել, խոսքը գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության մասին է»:
Այս նախադասությունից իրականությանը համապատասխանում է միայն այն, որ գյուղատնտեսությունն ու հանքարդյունաբերությունը երկնիշ անկում են ապրել։ Սա ուղղակի ձախողում է, որը եթե արձանագրվեր նախորդ իշխանության ժամանակ, Նիկոլ Փաշինյանն ու նրա գրանտակեր ընկերները հիստերիայի ալիք կբարձրացնեին՝ ընդհուպ պահանջելով գործող վարչապետի հրաժարականը։ Սակայն հիմա դա ուղղակի ասվում է հպանցիկ եւ անցնում են առաջ՝ կարծես խոսքը ոչ թե հարյուր հազարավոր մարդկանց ներառող եւ հարյուր միլիարդավոր դրամների շրջանառություն տվող ոլորտների, այլ հարեւանի շան հիվանդության մասին է։
Ինչ վերաբերում է հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ արձանագրված 3 տոկոս աճին, ապա դրան զուգահեռ հարկ է նշել, որ սեպտեմբերի համեմատ էլ 5 տոկոս անկում է արձանագրվել։ Սա փաստում է, որ յուրաքանչյուր ամիս նախորդի համեմատ տնտեսությունը հետքայլ է կատարում։
Այս մասին եւս Նիկոլ Փաշինյանը չի խոսում։ Չի ասում նաեւ, թե ինչո՞վ է պայմանավորված հոկտեմբերի 3 տոկոս աճը, այնպես, ինչպես երկար ժամանակ չէր ասում, որ հունիսին արձանագրված աճը ծառայությունների ոլորտում բուքմեյքերական գրասենյակներում ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի խաղադրույքների կատարման շնորհիվ է։ Այս անգամ եւս հոկտեմբերի աճի հիմնական «մեղավորը» դարձյալ ծառայությունների ոլորտն է՝ շնորհիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային գագաթնաժողովի եւ Երեւանի հիմնադրման 2800-ամյակի միջոցառումների, որոնց հետ գործող իշխանությունը որեւէ առնչություն չի ունեցել։
Նույն ելույթում Նիկոլ Փաշինյանը վերջապես հիշել է արդյունաբերության մասին՝ ուրախալի համարելով, որ հոկտեմբերին այստեղ 8,1 տոկոս աճ է եղել։ Սակայն, վարչապետի պաշտոնակատարը «մոռանում» է ասել այն, ինչ ցանկալի չէ ասելը։
Օրինակ, որ արդյունաբերությունում դարձյալ առաջին եռամսյակի 8,2 տոկոս աճից 10 ամիսների արդյունքով աճը նվազել է մինչեւ 4,5 տոկոս, իսկ հոկտեմբերին արձանագրված արդյունաբերության աճին նախորդել էր սեպտեմբերին արձանագրված գրեթե զրոյական աճը։ Այսինքն՝ եթե անկման մեջ տատանումներ են լինում, դա ուրախալի չի կարող լինել, քանի որ խոսքը, միեւնույն է, անկման մասին է։
Եվս մեկ դիտարկում՝ բոլոր տնտեսագետները կհաստատեն, որ ճիշտ չէ եզրակացություններ անել միայն մեկ ամսվա վիճակագրական ցուցանիշից։ Տնտեսության մեջ տեղի ունեցող գործընթացների մասին կարելի է որոշակի եզրակացություններ անել առնվազն եռամսյակի կամ ավելի երկար ժամանակահատվածի տվյալների շուրջ։ Սակայն քանի որ դրանք ողբալի են, այդ մասին փաստացի նախընտրական քարոզարշավ իրականացնող վարչապետի պաշտոնակատարը լռում է։
Արտահանման մեջ հոկտեմբերին 12 տոկոս աճի մասին Նիկոլ Փաշինյանի ասածի վերաբերյալ հարկ է նշել, որ այստեղ եւս գործ ունենք ցուցանիշների ընտրողական ներկայացման հետ։ Բանն այն է, որ նախորդ՝ սեպտեմբեր ամսին արտահանումը համարյա 15 տոկոս անկում էր ապրել։ Այսինքն՝ սեպտեմբեր ամսվա կտրուկ անկումը մասնակի փոխհատուցվել է հոկտեմբերի աճով, բայց երկու ամիսների գումարային արտահանման ցուցանիշը դարձյալ անկում է արձանագրում։
Ահա այսպիսի իրականություն։ Հավելենք նաեւ, որ տասը ամիսների արդյունքով արտահանումն աճել է 11,7 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 25,8 տոկոսով։ Արտահանման աճի տեմպը պարզապես անդունդային նվազում է ունեցել տարվա առաջին եռամսյակի համեմատ, երբ այն կազմել էր ...34,4 տոկոս։
Կարելի է միայն ենթադրել, որ եթե չլիներ իշխանափոխությունը, արտահանման ինչ ծավալներ եւ ընդհանրապես տնտեսական աճի ինչ ցուցանիշներ կունենայինք եւ սոցիալական ինչ փոփոխություններ հնարավոր կլիներ իրականացնել։ Սակայն, ցավոք, «ժողովուրդը» նախընտրեց կերակրվել հեղափոխական խոստումներով եւ նրան այլեւս բավարարում են Փաշինյանի ելույթներն ու երթերը։
Մինչդեռ արդեն բնակչության գնողունակության նվազման եւ կենսամակարդակի անկման մասին փաստում է առեւտրի շրջանառության ոլորտում հոկտեմբերին գրանցված 4,4 տոկոս անկումը։ Առաջիկա ամիսներին դա ավելի նկատելիորեն կազդի մարդկանց գրպանների վրա, քանզի տնտեսության մեջ սկսված անկումը պարզապես անհնար է լինելու կանգնեցնել այս իրավիճակում եւ այս իշխանության պարագայում»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը