«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Մինչ կառավարությունն ու Կենտրոնական բանկը հպարտանում են ավանդների ռեկորդային բարձր մակարդակով, բնակչության բանկային խնայողությունների աճի տեմպը կտրուկ նվազել է։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2018թ. առաջին ինը ամիսներին դրանք ավելացել են 42 մլրդ դրամով։
Գուցե փոքր գումար չէ, բայց այն զգալիորեն պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։ 2017թ. նույն ժամանակահատվածում բնակչության բանկային ավանդներն աճել էին ավելի քան 91 մլրդ դրամով։ Այլ կերպ ասած, գրեթե 2,2 անգամ շատ, քան այս տարի։
Թե ինչո՞վ է պայմանավորված բնակչության բանկային ավանդների աճի տեմպի այսպիսի կտրուկ կրճատումը, հավանաբար պետք է հարցնել Կենտրոնական բանկին եւ կառավարությանը։ Ամեն դեպքում դա առաջին հերթին նշանակում է, որ չնայած հակառակ պնդումներին, այնուհանդերձ նվազել է հասարակության վստահությունը բանկային համակարգի նկատմամբ։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե վերջին շրջանում Հայաստանում ինչպես է անտեսվում եւ արհամարհվում բանկային գաղտնիք կոչվածը։ Կառավարության ղեկավարը կամ մեկ այլ պաշտոնատար անձ, որը գործի բերումով կարող է առնչվել բանկային գաղտնիքին, հրապարակավ խոսում է ավանդատուի հաշվին եղած գումարների մասին։ Անկախ նրանից, թե այդ գումարներն ինչպե՞ս են ձեւավորվել, անթույլատրելի են նման բացահայտումները մինչեւ դատարանի վճիռը։ Իսկ եթե պարզվի, որ դրանք օրինական են, ո՞վ պետք է պատասխան տա մարդու անձնական տվյալները հրապարակայնացնելու եւ բոլորին ի ցույց դնելու համար։
Բանկային գաղտնիքն անշուշտ ինքնանպատակ չէ։ Այն ավանդատուների վստահությունը շահելու լուրջ միջոց է։ Մինչեւ վերջերս այս պայմանը Հայաստանում բարեհաջող կիրառվում էր, սակայն իշխանափոխությունից անմիջապես հետո լրջորեն խաթարվեց։ Չնայած Կենտրոնական բանկի եւ կառավարության արդարացումներին, այնուհանդերձ անհերքելի է, որ բանկային տվյալների գաղտնիության պահանջը Հայաստանում վտանգված է։
Բազմաթիվ են դեպքերը, երբ առանց դատ ու դատաստանի հրապարակայնացվել են անձնական գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Թեեւ այդպիսի նույնիսկ մեկ դեպք բավարար է ավանդատուների շրջանում բացասական տրամադրություններ ձեւավորելու համար։ Դա նշանակում է, որ որեւէ ավանդատու ապահովագրված չէ նման վիճակում հայտնվելուց։
Որքան էլ որոշ մարդկանց բանկային հաշիվների բացահայտումը կամ հրապարակայնացումը նպաստում է հասարակության շրջանում էյֆորիան բարձր պահելու համար, այնուհանդերձ դա անթույլատրելի է եւ չի կարող բացասական ազդեցություն չունենալ համակարգի ֆինանսական մուտքերի վրա։ Բնակչության ավանդների աճի տեմպի նվազումը դրա լավագույն ապացույցն է։
Կառավարության եւ իրավապահ որոշ կառույցների գործողությունները ստիպում են մարդկանց զգուշանալ իրենց միջոցները ֆինանսական հաստատություններում պահելուց։ Սա առաջին հերթին պետք է մտահոգի Կենտրոնական բանկին, ինչպես նաեւ առեւտրային բանկերին, որոնք տեղյակ են բանկային գաղտնիք հանդիսացող տվյալներին։
Իհարկե, միայն այդ գործոնը չէ, որ կարող էր ազդել ավանդների շարժի վրա։ Բնակչության բանկային խնայողությունների աճի տեմպի նվազումը նաեւ հասարակության կամ դրա որոշ շերտերի շրջանում ի հայտ եկած սպասումների եւ եկամուտների փոփոխության հետեւանք է։
Իշխանափոխությունից հետո սոցիալական լարվածությունը Հայաստանում շարունակել է պահպանվել։ Ավելին՝ որոշ գործոններով պայմանավորված՝ նկատելիորեն խորացել է։ Ինչպես հայտնի է, այս տարի գնաճային ճնշումը, հատկապես առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների շուկաներում, բավականաչափ բարձր է։ Հակառակ դրան, հասարակության եկամուտները գրեթե չեն ավելանում։ Տնտեսական պայմանները նպաստավոր չեն դրա համար։
Որոշ հատվածներից հասարակության եկամուտները նույնիսկ կրճատվել են։ Խոսքը մասնավորապես ֆիզիկական անձանց արտաքին ֆինանսական փոխանցումների մասին է, որոնք վերստին սկսել են նվազել։
Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք չեն նպաստել բնակչության բանկային խնայողությունների ակտիվացմանը։ Իհարկե դա չի խանգարել, որ բանկային ավանդները, խոսքը ոչ միայն բնակչության, այլեւ ընդհանուր ավանդների մասին է, իշխանափոխությունից հետո իսկապես ռեկորդային բարձր մակարդակի հասնեն։ Այլ հարց է, թե դա ինչի հաշվին է եղել։
Բանկային ավանդների ավելացման հարցում կարեւոր դերակատարություն են ունեցել ոչ հայաստանյան ռեզիդենտները, որոնք իշխանափոխությունից հետո կտրուկ փոխել են իրենց վարքագիծը. վերջին ամիսներին նրանք գերադասել են իրենց միջոցները ոչ թե ներդնել տնտեսության մեջ, ընդլայնել արտադրական գործունեությունը կամ շրջանառությունը, այլ տեղադրել բանկային համակարգում։ Որքան էլ այդ գումարներն այլ ճանապարհներով կարող են մտել տնտեսություն, այլեւս չեն ունենա նույն արժեքը։ Բանկային համակարգով անցնելուց հետո զգալիորեն նվազում է դրանց նշանակությունը։
Սա մտահոգիչ երեւույթ է, ինչը վկայում է Հայաստանի տնտեսության ապագայի նկատմամբ դրսի կազմակերպությունների անվստահության եւ ռիսկերի մասին։ Այդպես վարվելու համար նրանք ունեցել են բազմաթիվ պատճառներ։
Դրանցից ամենակարեւորը եղել է կառավարության անկանխատեսելի վարքագիծը, որը տնտեսության ոլորտի մասնակիցներին ստիպում է զգուշանալ իրենց տնտեսական, առավել եւս ֆինանսական գործողություններում։ Պատահական չէ, որ գումարներ տնտեսության մեջ ներդնելու փոխարեն նրանք հանձնել են բանկերին որպես ավանդ։
Պաշտոնական տվյալներով, բանկային բոլոր ավանդները միասին ընթացիկ տարում ավելացել են շուրջ 188 մլրդ դրամով։ Դրանից 157 միլիարդը ոչ ռեզիդենտների մասնակցությունն է։ Հայաստանյան ռեզիդենտների բաժինը եղել է ընդամենը 31 մլրդ դրամ։ Համեմատության համար ասենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում ոչ ռեզիդենտների խնայողությունները ոչ միայն չէին ավելացել, այլեւ 110 մլրդ դրամով նվազել էին։ Այսինքն՝ դրանք դուրս էին բերվել բանկերից եւ ներդրվել տնտեսության մեջ։
Ահա նախորդ եւ այս տարվա ավանդների աճի հիմնական տարբերությունը»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը