«168 Ժամ»-ը գրում է․ «Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը համոզված է՝ այս տարին անհաջող է եղել կարտոֆիլի արտադրության համար: Նրա խոսքով՝ կարտոֆիլի գինն առաջիկայում կբարձրանա, կտատանվի 250-300 դրամի սահմաններում:
«Դաշտից այս պահին կարտոֆիլ հնարավոր է ձեռք բերել 130 դրամով,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Հրաչ Բերբերյանը՝ մանրամասնելով,- նման վիճակը շոգ եղանակի, ցանքատարածությունների պակասի հետևանքով է: 3300 հեկտարով կամ 15 տոկոսի չափով պակասած կարտոֆիլի ցանքատարածությունների պատճառը ցեց վնասատուներն են:
Կա նաև ջրի խնդիր: Պետք է ՀԷԿ-երի հարցերը լուծեին, որը չեն արել: Ինչ վերաբերում է շոգ եղանակին, ապա ասեմ, որ բարձր ջերմաստիճանի պատճառով է պալարագոյացումը կանգ առնում, ոչ թե, ինչպես ՀՀ գյուղնախարարության «սարսաղներն» են ասում, դաշտերն են չորանում... Կարտոֆիլը մեղմ կլիմա սիրող կուլտուրա է»:
Հրաչ Բերբերյանի խոսքով՝ շոգերի պատճառով խնդիր կար նաև լոլիկի դեպքում: «Միայն այս տարի ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 1730 հեկտարով պակասել է լոլիկի ցանքատարածությունը: Ընդհանուր առմամբ հանրապետությունում անցյալ տարվա համեմատ 6500 հա ցանքատարածությունների պակաս ունենք. դա և´ վարունգն է, և´ պղպեղը, և´ սմբուկը: Այ, թող այս ամենի մասին մտածեն»,- նշել է նա»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «168 Ժամ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը