10 10 2018

Հասարակությունը չի զգա տնտեսական աճի արդյունքները․ «Հայոց աշխարհ»

Հասարակությունը չի զգա տնտեսական աճի արդյունքները․ «Հայոց աշխարհ»

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հասարակությունը հաջորդ տարի եւս չի զգա տնտեսական աճի արդյունքները։ Չնայած սպասումներին, այնուհանդերձ Հայաստանում իշխանության եկած նոր քաղաքական ուժերը՝ ի դեմս կառավարության, չեն նախատեսում ինչպես աշխատավարձերի, այնպես էլ կենսաթոշակների եւ սոցիալական այլ վճարների ավելացում։ Իշխանափոխության օրերին տրված խոստումները չեն իրականացվի։  

Անցած տարի, երբ Հայաստանում արձանագրվեց 7,5 տոկոս տնտեսական աճ, ընդդիմադիր քաղաքական ուժերը բողոքում էին, թե ինչու դա չի հանգեցնում հասարակության եկամուտների ավելացման։ Այս տարի ակնկալվում է ոչ պակաս բարձր տնտեսական աճ։ Առաջին կիսամյակի տվյալներով, համախառն ներքին արդյունքը ավելացել է 8,3 տոկոսով։ Կառավարությունը կանխատեսում է տարեկան 6,5 տոկոս տնտեսական աճ։

Սակայն դրա ազդեցությունը դարձյալ հասարակությունը չի զգա։ Ու դեռ հարց է, թե ընդհանրապես երբ կարող է զգալ։   

Հասարակության սոցիալական վիճակի բարելավման առումով կառավարության գործողություններն առայժմ լավատեսություն չեն ներշնչում։ Իշխանության գալուց հետո քաղաքական ուժերը փոխել են իրենց մոտեցումները։   

Այլեւս չի խոսվում աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու, սոցիալական նպաստներն ավելացնելու մասին։ Դժվար է հիշել, թե վերջին անգամ կառավարությունը երբ է անդրադարձել խոստացված աշխատատեղերի ստեղծմանը։ Ներդրումների մասին ընդհանրապես անիմաստ է խոսել։   

Զբոսաշրջիկները, ովքեր թավշյա հեղափոխությունից հետո պիտի լցվեին Հայաստանի փողոցները, այդպես էլ չեն երեւում։ Իրական կյանքում դրական փոփոխություններ մտցնելու փոխարեն կառավարությունն ընկած է իմիտացիաներ ստեղծելու հետեւից։ Ամեն ինչ առայժմ ցանկություններից այն կողմ չի անցնում։   

Դժվար չէ պատկերացնել, թե այդ ձեւով դեռ որքան կհաջողվի պահպանել ժողովրդի ոգեւորությունը։ Պատահական չէ, որ իշխանության եկած քաղաքական հիմնական ուժը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, սպասվող մոտակա կորուստներից առաջ անցել է վճռական գրոհի եւ մտադիր է վերցնել ոչ միայն գործադիր, այլեւ օրենսդիր իշխանությունը։ Դրան հասնելու նպատակով կարծես չեն պատրաստվում խտրություն դնել միջոցների մեջ, անկախ նրանից՝ դրանք օրենքի սահմաններում են թե ոչ։   

Թե ինչ կստացվի այդ ամենից, ցույց կտա ժամանակը։ Մի բան ակնհայտ է, որ կառավարությունը փորձում է տնտեսական ու սոցիալական ոլորտի իր ձախողումների համար արդարացման հիմքեր ստեղծել։   

Հիմք ընդունելով պաշտոնական տվյալները, կարելի է ասել, տնտեսությունը Հայաստանում հաջողությամբ զարգանում է։ Ավելին՝ դեռ մեկ ամիս առաջ վարչապետը հպարտորեն հայտարարում էր, որ իշխանափոխությունից հետո աննախադեպ, ընդհուպ երկնիշ աճ է գրանցվել։ Բոլոր ոլորտները հաջողությամբ զարգանում են։   

Նման ոգեւորությունից ընդամենը մեկ ամիս անց վարչապետը նույն համոզվածությամբ պնդում է, որ Հայաստանի տնտեսական զարգացումները գործող խորհրդարանի պայմաններում վտանգված են։ Չի բացառվում, որ ինչ-որ պահից հետո վարչապետը դարձյալ մտափոխվի։ Բայց այս պահին դա չէ կարեւորը։   

Որ տնտեսական ու սոցիալական իրավիճակը Հայաստանում գնալով բարդանում է, անկասկած է։ Դա կխորանա հատկապես ձմռան շեմին, երբ թանկացումներին կգումարվի նաեւ կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների ավելացումը։   

Ակնհայտ է, որ Ազգային ժողով ուղարկված հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը լուծումներ չի տալիս կուտակած խնդիրներին։ Ներկայացված փաստաթուղթը վկայում է, որ կառավարությունը պատրաստ չէ լուծել հասարակությանը հետաքրքրող առաջնային խնդիրները։ Նախկին իշխանությունների գողացած միլիոնավոր դոլարները վերադարձնելու եւ դրանցով ժողովրդի սոցիալական կարիքները հոգալու վերաբերյալ խոստումները որեւէ կերպ տեղ չեն գտել հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթղթում։   

Դա նշանակում է, որ առնվազն եւս մեկ տարի մարդիկ սոցիալական իրավիճակի բարելավում չեն կարող ակնկալել։ Տնտեսական աճի արդյունքները նրանց չեն հասնելու։   

Ավելին՝ հեղափոխական տեմպերով առաջ գնալու խոստումների կատարման փոխարեն՝ կառավարությունը վերանայել է նախորդների սպասելիքները տնտեսության վերաբերյալ։ Տնտեսական աճի կանխատեսումները նվազեցվել են։   

Հարց է առաջանում, եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է տնտեսական աճի ցուցանիշը վերանայվել նվազման ուղղությամբ։ Ինչո՞ւ բյուջեի միջոցների էական ավելացում խոստացած կառավարությունը չի բարձրացնում աշխատավարձերն ու թոշակները, չի ավելացնում սոցիալական նպաստները։   

Մենաշնորհներից զուրկ Հայաստանում ինչո՞ւ ոչ միայն չեն նվազում ապրանքների գները, այլեւ արագորեն բարձրանում են։ Ինչո՞ւ է ճանապարհային տեսանկարահանող սարքերի դեմ ժամանակին անողոք պայքարի ուղի որդեգրած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կողմ, որ դրանց թիվը ավելանա։   

Սրանք հարցեր են, որոնք կարելի է երկար թվարկել։ Դրանց պատասխանները պետք է տա կառավարությունը։ Այն կառավարությունը, որը ժամանակին սարեր էր խոստանում։    Ժամանակն անցնում է, իսկ խոստումները մնում են անկատար։ Ինչո՞ւ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ