«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Գործն արդեն մակագրվել է կոնկրետ դատավորի (Հայարփի Զարգարյանին), այսինքն՝ ամենայն հավանականությամբ շուտով դատ էլ տեղի կունենա: Հնարավոր է՝ դատարանի դահլիճում հանդիպեն հայցվոր Ռոբերտ Քոչարյանը եւ պատասխանող Նիկոլ Փաշինյանը, թեպետ առավել հավանական է համարվում, որ կոնկրետ դատական գործընթացում կներգրավվեն կողմերի շահերը ներկայացնող փաստաբանները:
Ինչպես մեկնաբանել է Ռոբերտ Քոչարյանի շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը, հայցը վերաբերում է Ֆրանսիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը. «Ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու հետո ասել` ես անձեռնմխելի՞ եմ»:
Փաստաբան Ալումյանը նկատել է, թե ակնկալում է, որ գործը կքննվի ու կլուծվի արդար ձեւով:
Գնահատելով պրն Ալումյանի մասնագիտական ակնկալիքները, այնուամենայնիվ, կարծում ենք, իրադարձություններից չարժե առաջ ընկնել, հատկապես դատարանում գործն արդար ձեւով քննելուն եւ հարցին նույնպիսի լուծում տալուն վերաբերող հարցերում:
Մյուս կողմից՝ հարկ է նկատել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ եւ ուժեղ քայլ է կատարել: Առաջնայինն, իհարկե, բուն հայցի առարկան ու պահանջն են՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը: Բայց երբ խնդիրը նման կարգավիճակ ունեցող գործիչների ու դեմքերի է վերաբերում, այն զուտ իրավականին զուգահեռ, ինքնաբերաբար նաեւ այլ բնույթ է ստանում: Տվյալ պարագայում առնվազն քաղաքական:
Հարց է նաեւ, թե դատարանը արդյոք կկարողանա այնքան ինքնուրույնություն եւ նման որակներ դրսեւորել, որպեսզի հստակ ու անկողմնակալ քննի անձամբ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին վերաբերող հարց: Ըստ որում՝ մի իրավիճակում, երբ դատավորների հասցեին ներկայիս իշխանության ներկայացուցիչները, վարչապետն էլ այդ թվում, ժամանակ առ ժամանակ անթաքույց սպառնալիք պարունակող հայտարարություններ են անում:
Մեկ այլ հարց էլ կա. այս հայցը դատարան ներկայացնելուն ինչպե՞ս կարձագանքեն գործող իշխանությունները, առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես նա կնախընտրի զուտ դատարանի դահլիճում, որպես պատասխանող (անձամբ կամ ներկայացուցչի միջոցով, էական չէ) հանդես գալ, պաշտպանել իր հրապարակային արտահայտությո՞ւնը։
Թե՞ կգերադասի նորանոր միտինգային առիթներ կամ ելույթի հնարավորություններ՝ նախկինում ասածներն ավելի սուր հնչերանգներով արտահայտելու, նորանոր հայցառիթ հայտարարություններ անելու համար:
Ի լրումն, նա իրեն կուռքի պես վերաբերվող անձանց կուղղորդի՞ դատարանի դեմ, կամ, այսպես ասած, «ատելության խոսքի» նորանոր դրսեւորումներ կխրախուսի՞, թե՞ ոչ:
Ի դեպ, արժե հիշեցնել, որ օրերս էլ հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդիներից Սեդրակ Քոչարյանն է նույնաբնույթ հայցով դիմել դատարան՝ միանգամից ե՛ւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի, ինչպես նաեւ՝ նախկին դեսպան Արա Պապյանի դեմ, նրանց կողմից իր հասցեին արված հայտարարությունների հետ կապված:
Մասնավորապես Արթուր Վանեցյանը խայտառակ գաղտնալսման հրապարակմանը հաջորդած ասուլիսում հրապարակավ ու հասցեական հայտարարել էր, թե նախկին նախագահը ապօրինի պահանջներով է դարձել ընկերություններից մեկի բաժնետեր (տվյալ պարագայում, բաժնետերը, ինչպես հասկանալի է, նախկին նախագահի որդին է):
Իսկ Արա Պապյանն էլ Սեդրակ Քոչարյանի հասցեին հայտարարություն էր արել, ավելի շուտ կրկնել էր «տաքս-բամբասի» այն խոսակցությունները, թե բջջային հեռախոսների ներկրման մենաշնորհը պատկանում է երկրորդ նախագահի որդուն, որ այլ ներկրողների ճնշում ու ծեծում են, բիզնեսը խլում եւ այլն:
Հիշեցնենք նաեւ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովն էլ ավելի վաղ հայց էր ներկայացրել ընդդեմ «Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» նախագահ Ստեփան Գրիգորյանի, վերջինիս՝ ապրիլյան պատերազմի հետ կապված, կոնկրետ ԳՇ այն ժամանակվա պետին եւ այլ բարձրաստիճան զինվորականներին վերաբերող վիրավորական արտահայտությունների հետ կապված:
Այնպես որ, առաջիկայում, հնարավոր է, պատվի եւ արժանապատվության պաշտպանության հետ կապված մի քանի աղմկահարույց դատեր կարող են լինել: Իսկ ընդհանրապես ողջունելի է դատական եղանակով զրպարտությունից պաշտպանվելու այդ դիրքորոշումը: Առհասարակ նորություն չէ, իհարկե, որ հայրենի քաղաքական գործիչները, ու ոչ միայն նրանք, հատկապես նախկին ընդդիմության ու ներկայիս իշխանության նկատելի ներկայացուցիչները լեզվին եկածն արտահայտում են ուր եւ ինչպես պատահի: Հիմնականում, իհարկե, նախկին իշխանություններին, պետության նախկին ղեկավարների, նաեւ՝ քաղաքական մրցակիցների, իրենց տեսակետներն անվերապահորեն չընդունող ցանկացածի հասցեին:
Հայաստանի քաղաքական մշակույթում, եթե իհարկե այն, ինչ ունենք, կարելի է այդպես բնորոշել, ընդունված չէ հետեւել սեփական լեզվին, ավելին՝ ընդունված չէ պատասխան տալ սեփական «թունդ» խոսքերի համար: Ընդունված չէ նաեւ ներողություն խնդրել՝ սխալ կամ անհարկի արտահայտության համար: Այս վերջինի դեպքում ընդհանրապես ընկալումն այն աստիճան սրված է, որ ոմանք ավելի շուտ կգերադասեն Հանրապետության հրապարակի կենտրոնում կիսամերկ գլուխկոնծի տալ, քան՝ ներողություն խնդրել:
Աշխարհում ընդունված քաղաքակիրթ տարբերակներից հիմնականը դատարանն է: Այսինքն՝ անձը կամ գործիչը, որը գտնում է, որ մեկ այլ անձ, գործիչ (նաեւ՝ կազմակերպություն) այս կամ այն հրապարակային արտահայտությամբ միտումնավոր արատավորել է իր պատիվն ու վիրավորել արժանապատվությունը, զրպարտել է իրեն եւ իր մասին ստեր տարածել, դիմում է դատարան եւ համապատասխան հայց ներկայացնում արտահայտվողի դեմ:
Ինչ-որ մի պահից երեւի պետք է սկսել սովորել՝ պատասխանատու լինել սեփական խոսքերի, արտահայտությունների համար»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը