«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կառուցած շքեղ ուսումնական կենտրոնը, որն ընդամենը 4 լսարան ուներ և անհամար լողավազաններ, թենիսի կորտեր, սպորտհրապարակներ, բար-ռեստորաններ՝ մաքսավորների և հարկայինի աշխատողների օրերն անմոռանալի դարձնելու համար, օրերս հայտնվել է դատախազության ուշադրության կենտրոնում։
Այստեղ ուսումնասիրություն է կատարել ՊԵԿ-ը և պաշտոնեական դիրքն անձնական շահերին ծառայեցնելու դեպքեր, այլ չարաշահումներ է բացահայտել։ Հարուցվել է քրեական գործ պաշտոնեական դիրքը չարաշահելու (Քրօր․ 308-րդ հ․, 1-ին մ․), պաշտոնեական կեղծիքի (314-րդ հ․, 1-ին մ․) և պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ խոշոր չափերի յուրացման (179-րդ հ․, 2-րդ մ․ 1-ին և 3-րդ կ․) հատկանիշներով։
Առաջին երկու հոդվածներով ընդամենը տուգանքներ են սահմանված, իսկ երրորդը, որը թերևս, ավելի լուրջ է, ենթադրում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով։ Սուպերնախարարի սուպերդղյակի շինարարությունը սկսվել էր 2011 թվականին և ավարտվել 2016-ին։ Պետական միջոցներից մոտ 33 մլրդ դրամ է այն տարել։ 33 տոկոս աղքատություն ունեցող մեր երկրում այս հրաշք համալիրը միշտ էլ աչք է ծակել։
Նախկինում էլ են բազմաթիվ ստուգումներ եղել այստեղ։ Բայց անգամ 2016 թվականին, երբ Գագիկ Խաչատրյանն ազատվեց ֆինանսների նախարարի պաշտոնից՝ Հովիկ Աբրահամյանի կառավարության հրաժարականով պայմանավորված, և մեծ էր սուպերնախարարին «փուռը տալու» ցանկությունը, նրա կառուցած փոքր «Վերսալում» մի քանի անգամ ստուգումներ կատարվեցին, բայց խախտումներ չհայտնաբերվեցին։
Այս անգամ ՊԵԿ հետաքննչական վարչությունը կենտրոնացել է ոչ թե ծախսերի ստուգումների, այլ շինարարական աշխատանքների ժամանակացույցի վրա։ Պաշտոնապես տարածած տեղեկատվությունից հետևում է, որ «Սահակյանշինն» աշխատանքներն ավարտել է երկու տարում՝ 2013-2015 թթ․, բայց փաստաթղթերը ձևակերպվել են խախտումներով, հետին թվով կամ զուտ ձևական բնույթի են եղել։
Դրանցում, մեր տեղեկություններով, նշվել են աշխատանքային ահռելի ծավալներ, որոնք իրականացվել են անհավանական կարճ ժամկետում՝ օրինակ, 5 օրով։ «Ընկերության հետ կնքել են վերակառուցման աշխատանքները մաս-մաս կատարելու վերաբերյալ գնման 6 պայմանագիր՝ ընդհանուր 2 միլիարդ 356 միլիոն 455 հազար ՀՀ դրամ արժողությամբ, որից ընդամենը օրեր անց կազմվել են շինարարական աշխատանքների կատարման փաստը հավաստող հանձնման-ընդունման արձանագրություններ և կատարողական ակտեր, այն պայմաններում, երբ գործնականում անհնար է մեկ կամ մի քանի օրվա ընթացքում սկսել և ավարտին հասցնել նման տեսակի և ծավալների շինարարական աշխատանքների կատարումը»,- նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Այսպիսով, ՊԵԿ-ը ծանր մեղքեր է վերագրում ուսումնական կենտրոն կառուցող «Սահակյանշին» ՓԲԸ-ին, խախտում է վերջինիս անմեղության կանխավարկածը՝ վնասելով ընկերության գործարար համբավը։ «Ֆինանսների նախարարության և ՊԵԿ պաշտոնատար անձինք, առանց գնման համար օրենքով սահմանված գործընթաց իրականացնելու՝ պայմանագիր կնքելու, նախահաշվային գին սահմանելու, ծավալաթերթ-նախահաշիվ կազմելու և հիմնավորումներ ներկայացնելու, շինարարական գործունեությամբ զբաղվող «Սահակյանշին» ՓԲԸ-ի միջոցով, առանց փաստաթղթային ձևակերպման, կազմակերպել և իրականացրել են Դիլիջանի ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքները, ինչի նկատմամբ փաստացի չի իրականացվել ո՛չ հեղինակային եւ ո՛չ էլ որակի տեխնիկական հսկողություն»,- հաղորդում է ՊԵԿ-ը։
ՊԵԿ-ի այս աշխատաոճը տնտեսվարողների դժգոհությունն է առաջացնում։ Թեև նրանցից շատերը հրաժարվում են իրենց դժգոհությունները բարձրաձայնել՝ անիմաստ համարելով հարցազրույց տալը, բայց միմյանց հետ քննարկում են այս հարցերը։ Հավանաբար, գործարարները զգուշանում են հարկային գերատեսչության հետ հարաբերություններում ավելորդ լարում ստեղծելուց։ Մենք զրուցեցինք շինարարական աշխատանքներից հասկացող անձի հետ, մեզ բացատրեցին, որ ՊԵԿ-ը պետք է ստուգեր, թե արդյոք կա՞ն 20 ջակուզիները, 40 շարժասանդուղքները, լողավազանները, արդյոք դրանք բարեխղճորե՞ն են կառուցվել կամ տեղադրվել, արդյոք ունե՞ն թղթերում նշված որակական հատկությունները, թե՞ ոչ, ոչ թե որոշեին, թե ինչը քանի օրում է կառուցվել։ Առաջադրված մեղադրանքների վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք բոլորը՝ պաշտոնեական կեղծիք, պաշտոնեական դիրքը չարաշահելը, յուրացում, վերաբերում են պետական մարմնին, պայմանագիրը կնքողին, այսինքն՝ ֆինանսների նախարարությանը։
Այլ կերպ ասած, պետական մարմնի գործունեության հետ կապված մեղադրանքներ են առաջադրված, սակայն անվանական նշվում է միայն մասնավոր ձեռնարկությունը։ Այս գործելաոճը տնտեսվարողներին մեծ վնաս է հասցնում, գցում է գործընկերների աչքից, դժվարացնում է վարկեր ստանալու գործընթացը տարբեր, այդ թվում՝ նաև միջազգային կազմակերպություններից, խանգարում է նոր մրցույթների մասնակցել։ Եթե ՊԵԿ-ն այս տեմպերով շարունակի վնասել մասնավոր ընկերություններին, ապա շատ շուտով այլևս հետաքննելու օբյեկտներ չի ունենա։ Դրանք բոլորը կփակվեն»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը