«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռևս այս տարվա սկզբին տեղեկացրել էին, որ Արևմուտքը որոշակի «բոնուսներ» է տրամադրելու Նիկոլ Փաշինյանին, որպեսզի վերջինս ներքին լեգիտիմություն ստանա՝ ամբողջապես իրականացնելու այն ծրագրերը, որոնց համար նա բերվել է իշխանության: Այս փուլում խոսքը նոր Սահմանադրության հանրաքվե կազմակերպելու, Ռուսաստանին մաքսիմալ արագ տարածաշրջանից դուրս մղելու և Ադրբեջանի հետ հարաբերություններում նոր զիջումների մասին է: Նշել էինք, որ, ի թիվս այլ «բոնուսների», կարող են արագացվել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները: Մինչ այդ հարցին անդրադառնալը, սակայն, շեշտենք, որ այլ բոնուսների շրջանակում կարևոր տեղ է գրավում նաև որոշակի ֆինանսական աջակցությունը՝ տարբեր օգնությունների և վարկերի տեսքով։
Բայց մի քանի միլիոն դոլարի աջակցության միջոցով անհնար է թուլացնել Հայաստանի կապը ԵԱՏՄ շուկայի հետ, քանի որ այդ աջակցությունը չնչին է՝ համեմատած այն ահռելի առևտրատնտեսական շրջանառության հետ, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ։ Ու հետաքրքիրն այն է, որ ԵՄ-ն չի ցանկանում աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և իր շուկան բացել հայկական ապրանքների արտահանման համար։ Մի քանի տարի առաջ Հայաստանը դուրս մնաց ԵՄ-ի «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+), որը ցածր և ցածր-միջին եկամտով երկրներին հնարավորություն է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:
ԵՄ-ից անընդհատ ընդգծում են, որ աջակցում են Հայաստանի՝ եվրոպական ձգտումները, բայց տնտեսական առումով քայլեր չեն ձեռնարկում այս ուղղությամբ։ Որևէ բանակցություն չի ընթանում GSP+ համակարգ Հայաստանին վերադարձնելու կամ արտոնությունների այլ համակարգ ստեղծելու ուղղությամբ։ Փոխարենն առաջին պլան է մղվել վիզաների ազատականացման հարցը, որը քննարկումների դաշտում է դեռևս 2017 թվականից, երբ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքեց ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Եվ, ահա, օրերս Եվրախորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի թեկնածության հնարավորությունը դիտարկել առաջարկող բանաձևի ընդունումից հետո Եվրամիությունը անդամ բոլոր երկրների դեսպանների մակարդակով հավանություն տվեց Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ բանակցություններ սկսելու՝ Եվրահանձնաժողովի առաջարկին։
Այդ որոշումից հետո Հայաստանի իշխանական ու արևմտամետ հատվածն այնպիսի քարոզչական ֆոն է ստեղծում, որ թվում է, թե՝ վերջ, ազատականացման հարցն ամիսների հարց է, ու Հայաստանի քաղաքացիները, ասենք, հունվարի 1-ից վերցնելու են իրենց անձնագրերն ու ազատորեն այցելեն ԵՄ անդամ երկրներ։ Բայց ովքեր չեն պատկերացնում իրական գործընթացը, նրանց սառը ցնցուղ է սպասում, քանի որ վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները տևական գործընթաց են ենթադրում, իսկ արդյունքները, մեղմ ասած, միանգամից չեն երևալու։ Որոշ երկրների, օրինակ՝ Մոլդովայի դեպքում բանակցությունների համար պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։
Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ ընթացքի մեջ են, ու ամեն մի երկիր յուրովի է անցնում այդ ճանապարհը՝ կախված ԵՄ-ի հետ հարաբերությունների մակարդակից։ Բնական է, որ Հայաստանի դեպքում էլ կարող են բանակցությունները տարիներով շարունակվել։ Բանակցությունների ժամանակ ԵՄ-ից մտահոգություններ են հնչում նրա հետ կապված, որ Հայաստանից մեծաթիվ մարդիկ, օգտվելով վիզաների ազատականացումից, կարող են տեղափոխվել Եվրոպա և այլևս չվերադառնալ։ Մյուս խնդիրն այն է, որ ԵՄ-ի կողմից հատուկ պահանջներ են դրվում վիզաների ազատականացման համար, իսկ դրանց շրջանակում կարող են լինել նաև այնպիսիները, որ վիզաների ազատականացման համար չարժե գնալ դրանց իրականացմանը։
Օրինակ՝ Հայաստանի առաջ դրվող պահանջների թվում կարող են լինել Ռուսաստանից ամբողջապես դիստանցավորվելը, ռուսական շուկայի հետ տնտեսական կապերը խզելը, սահմանազատման հարցում Ադրբեջանին զիջումներ կատարելը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը համաձայնելը, թուրք-ադրբեջանական պայմաններով Սահմանադրության փոփոխությունը և այդպես շարունակ։ Հնարավոր է լինեն նաև «չգրված» պահանջներ, որոնք կստիպեն Հայաստանին որոշակի քայլերի դիմել։ Մի խոսքով, ներկայում գործ ունենք պարզապես «փիառային» բլեֆի հետ, քանի որ այս հարցում հստակեցումներ չկան ու չեն կարող լինել ո՛չ ժամկետների առումով, ոչ՛ էլ, առավել ևս, ելքի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը