07 10 2020

Բանակը համաժողովրդական ձեռքբերում է և փիառվելու համար չէ, այն էլ՝ պատերազմի ժամանակ

Բանակը համաժողովրդական ձեռքբերում է և փիառվելու համար չէ, այն էլ՝ պատերազմի ժամանակ

Եթե ունենք առնվազն մեկ պետական ինստիտուտ, որը կարողացել ենք լիարժեք կայացնել, որի հանդեպ ժողովրդական վստահությունը անվերապահ է, ապա դա մեր Հայոց բանակն է, մեր Զինված ուժերն են: Բանակաշինության առումով վերջին երեք տասնամյակներում եղած կամ նկատված թերություններով, բացթողումներով հանդերձ, այո, Հայաստանը և, հասկանալի է՝ Արցախը ձևավորել, կայացրել, ամրապնդել, զարգացրել են այն բանակը, որ հիրավի՝ տարածաշրջանում ամենի՛ց մարտունակն է, ռազմարվեստի առումով ամենի՛ց գրագետ պատրաստվածը, կազմակերպվածը և ուժեղը: Դա այս օրերին ևս մեկ անգամ գործնականում ապացուցվում ու ակնհայտ երևում է ռազմի դաշտում, ժամանակակից տեխնոլոգիական սպառազինությամբ ծավալված ծանր պատերազմում:

Ավելին, Հայոց բանակը, իր այդ որակների շնորհիվ, այսօր տարածաշրջանում գործոն է, որի հետ չեն կարող հաշվի չնստել, առաջին հերթին, իհարկե, մեզ բնաջնջելու նպատակ դրած երկուսից՝ եռագլխված թշնամուն: Հայոց բանակը եղել և այսօր, այս պայմաններում էլ այն զորեղ գործոնն է, որը հայրենի քաղաքական, պետական դերակատարներին ամուր հիմք է տալիս՝ պահանջողի դիրքից հանդես գալ, հայկական դիվանագիտության համար լիարժեք ապահովում է արդյունավետ գործելու լայն դաշտ:

Բայց թողնենք արտաքին-քաղաքական հարթակը՝ այնտեղ գտնվողներին ու այդ խնդիրներով մասնագիտորեն զբաղվողներին, վերլուծողներին, գնահատողներին: Մի խոսքով:

Մեր բանակը, սա պետք է հիշել միշտ ու չմոռանալ երբեք, համաժողովրդակա՛ն ձեռքբերում է: Սա զուտ կարգախոս կամ հնչեղ ձևակերպում չէ: Սա խտացված բովանդակությունն է այն ամենի, ինչ այս 30 տարիներին արել, անում և շարունակում է անել մեր ժողովուդը՝ իր ամբողջ կարողականությամբ: Մեր ժողովուրդը անում է ամեն ինչ և տվել ու տալիս է ամեն ինչ իր բանակին, ահա այսպիսի բանակ ունենալու համար: Տալիս է ամենից թանկը, ինչ կարող է տալ որևէ ազգ. իր լավագույն զավակների կյանքը: Լավագո՛ւյն:

Այն լուսավոր տղաների, որ ահա արդեն երեք տասնամյակ ու նաև դաժան փորձության այս օրերին դիմագրավում ու հաղթում են քանակով, սպառազինության ծավալով ու տեսականիով թվային, ինչպես նրանց է թվում՝ առավելություն ունեցող թշնամուն: Ու ոչ թե պարզապես դիմակայում են, այլ հարվածում են այնպես, այնպիսի վճռականությամբ ու գրագետ գործողություններով, այնպիսի անձնուրացությամբ, որ դա արդեն չեն կարողանում չնկատել նույնիսկ նրանք, այն արտաքին «խաղացողները», որոնք այսպես ասեմ, եթե բացահայտ թշնամական չեն, ապա առանձնապես բարեկամական էլ չեն մեր նկատմամբ:

Հիմնականը՝ Հայոց բանակը, կրկնենք, համաժողովրդական ձեռքբերում է: Մեծ զոհողությունների ու զրկանքների գնով կայացված ամենապետական կառույցը՝ պետության ամբողջ կառուցվածքում: Եվ զանազան քաղաքական գործիչների, իշխանավորների կողմից բանակի ֆոնին, կներեք, «փիառվելը» և՛ տեղին չէ, և՛ ճիշտ չէ: Ավելին, զինվորների ու հրամանատարների սխրանքների, ինքնազոհության ու նվիրման ֆոնին ինչ-ինչ «միավորներ հավաքելու» առանձին դրսևորումները բացասական ու անցանկալի են, եթե չասենք՝ վանող:

Բանակը, այո, հպարտության մեծ լիցք է տվել ու տալիս բոլորիս,  բայց բանակը «փիառվելու» առարկա չէ, սթափվե՛ք: Առնվազն ու հատկապես՝ պատերազմի ընթացքում, երբ ամեն օր երիտասարդ տղաներ են զոհվում, որպեսզի մենք, որպես՝ ազգ, հասարակույթուն և պետություն, ապրելու տեղ ու հնարավորություն ունենանք:

Միայն բանակը, զինվորներն ու հրամանատարները, զինվորական վերնախավը այսօր տեղ ունի, հազար ներողություն այս բառի համար՝ «փիառվելու»: Չնայած մեր բանակի, մեր զինվորների ու հրամանատարների մասին չէ դա, քանզի բոլորս ենք տեսնում ու գնահատում, թե իսկապես անօրինակ սխրանքներ գործած մարտիկները, զինվորներն ու սպաները որքան զուսպ ու համեստ են ներկայացնում իրենց արածը՝ մարտական ընկերների կորստի ցավը սրտում:

Պարոնայք և տիկնայք քաղաքականնե՛ր, գոնե այդ հարցում Հայոց բանակից օրինակ վերցրեք:

Արմեն Հակոբյան

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ